Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ԵՄ», ԴՈՒ ԵՍ՝ ՄԵՆՔ ԵՆՔ



«ԵՍ ԵՄ», ԴՈՒ ԵՍ՝ ՄԵՆՔ ԵՆՔ«Ես եմ» ծրագրի երրորդ զորակոչն է: Ու թեև ծրագրի հաջողությունների մասին ըստ ամենայնի կլինի խոսել միայն, երբ առաջին զորակոչի տղաներն ավարտեն ծառայությունն ու վերադառնան, բայց այժմ արդեն կարելի է մի քանի կարևոր փաստ արձանագրել: «Ես եմ»-ն արդեն հասցրել է մեծ ժողովրդականություն վայելել: Այս ծրագրով  ծառայությունն ընտրած երիտասարդների թիվը զորակոչից զորակոչ ավելանում է, և ամենակարևորը՝ այս կարգով  հայրենիքին ծառայելու պատրաստակամություն են հայտնում ոչ միայն հայաստանցի, այլև արտերկրից ժամանած մեր տղաները: Ծրագիրն իր ընձեռած արտոնություններով է՛լ ավելի է կապում սեփական հողին, ծառայության ավարտին հնարավորություն է տալիս, որոշակի նախնական գումար ունենալով, սեփական գործը հիմնել ու տուն ունենալ հայրենիքում, հոգալ ուսման վարձը:

 

Տղաները շատ են՝ արտերկրից, մեր երկրի ամենատարբեր ծագերից, ամենատարբեր նախասիրություններով ու երազանքներով: Նրանց մեջ կան այնպիսիք, որ որոշակի առողջական սահմանափակումների, փաստաթղթային տվյալների բացակայության պատճառով այս ծրագրով չեն կարող ծառայել: Կարգին տղերք են. պինդ, խելացի: Տեսնում եմ նրանց մեծ հիասթափությունը, տխրությունը: Ոչինչ, տղանե՛ր, «դուխներդ» տեղը պահեք: Վստահ եմ, որտեղ էլ լինեք, մեր երկրի որ անկյունում էլ ծառայեք, ձեր մարդկային տեսակը, ձեր գիտելիքները, հմտությունները իրենց կարևոր դերակատարումը կունենան: Անուններ չեմ տա. տղաներն իրենց կճանաչեն, կհասկանան:

«Ես եմ» ծրագրով զորակոչվածներից շատերի հետ խոսելով՝ զգում եմ ամենակարևորը, որով նրանք առաջնորդվում են՝ պատվախնդրությունը:  Ու նրանց խոսքերը՝ «Որպեսզի դուք բոլորդ հանգիստ քնեք», հերթապահ խոսքեր չեն՝ ապրված են, գիտակցված:

Կենտրոնական հավաքակայանի տարբեր հատվածներում Հունվարի 26-ին «Ես եմ»-ականների խմբերը մյուս նորակոչիկների հետ անցնում են վերջնական մանրազնին բուժզննումը, համազգեստ ստանում, ճաշակում իրենց առաջին զինվորական ուտեստները և նույն սրահում, որտեղ ընդհանուր հիմունքներով ծառայող տղաները վիճակահանությամբ որոշում են իրենց ծառայավայրը, «Ես եմ» ծրագրի հետ կապված պայմանագիր են կնքում:

 

«ԵՍ ԵՄ», ԴՈՒ ԵՍ՝ ՄԵՆՔ ԵՆՔ«Ես Մանուկ Ասատրյանն եմ,- ներկայանում է երիտասարդներից մեկը,- Հրազդանի Լեռնանիստ գյուղից: Ուսանող եմ. սովորում եմ Ճարտարապետաշինարարական համալսարանում: Առաջին կիսամյակից հետո եկա ծառայելու: Ծրագրավորող եմ: Հիմա առաջին հերթին մտածում եմ բանակի, զինծառայության մասին, հետո համալսարանն ավարտելու, աշխատանք գտնելու մասին կմտածեմ,  իսկ հետո… կամուսնանամ:

Ծնողներս շատ լավ ընդունեցին, հարգեցին իմ ընտրությունը: Կարծում եմ՝ ավելի լավ է մի քիչ ավելի երկար տևի ծառայությունս, բայց ավելի լավ ու հետաքրքիր անցնի: Գիտեմ, որ սահմանին եմ ծառայելու. դա ինձ ոգևորում է: Հանուն ինչի՞, ո՞ւմ համար ծառայենք: Այս հարցերը ինձ համար չեն. ես հստակ գիտակցում եմ, ինչու եմ գնում ծառայության: Առանձնահատուկ հարգանք ու սեր ունեմ զինվորական գործի հանդեպ: Իմ ամենամեծ հերոսները Գարեգին Նժդեհն ու Անդրանիկն են: Տպավորված եմ քառօրյա պատերազմի մեր հերոս տղաներով: Հենց այս տղաներն են, որ հայրենասիրության, անձնվիրության օրինակ են բոլորիս համար: Նրանք այն մարդիկ էին, որոնք իրենց  գործով ցույց տվեցին ու ապացուցեցին, որ  իրենք ազգի ամենաարժանավոր զավակներն են: Հիմա նրանք չկան, բայց  այնպես արեցին, որ շատ ու շատ երիտասարդներ ոգեշնչվեն իրենց օրինակով, իրենց ետևից գնան:

Դպրոցում էինք, երբ իմացանք, որ պատերազմ է սկսվել: Մեր աղջիկները շատ վախեցան. իսկ մենք մտովի ժամանակից շուտ կարծես մեզ վրա փորձեցինք պաշտպանի, զինվորի համազգեստը:

Այդ օրերին մեր համագյուղացիներից շատերը մեկնեցին Արցախ և ետ եկան ողջ ու առողջ, հաղթանակած: Նրանց օրինակը նույնպես շատ ոգևորիչ է: Մեր գյուղը շատ փոքր է, բոլորս ճանաչում ենք իրար: Եթե  ինչ-որ մեկը ուրախություն է ունենում իր օջախում, ամբողջ գյուղով ուրախանում ենք, եթե տխրություն կա՝ տխրությունն ենք կիսում: Ուրախ եմ, հպարտ եմ, որ այսօր մեկնում եմ ծառայության»:

«ԵՍ ԵՄ», ԴՈՒ ԵՍ՝ ՄԵՆՔ ԵՆՔ«Ես Սպարտակ Դանիելյանն եմ,- ներկայանում է մյուս երիտասարդը,- ՌԴ-ից՝ Սանկտ Պետերբուրգից եմ վերադարձել ծառայելու: Այնտեղ ծրագրավորում էի սովորում և զուգահեռ աշխատում էի որպես դաշնակահար: ՌԴ-ում երաժշտական մրցույթների եմ մասնակցել: Սանկտ Պետերբուգում ավստրիացի երաժիշտների կազմակերպած միջազգային երաժշտական մրցույթներից մեկում, որը 2000 մասնակից ուներ,  հաղթող ճանաչվեցի: Իհարկե, իմ մասնագիտությամբ այնտեղ շատ ավելի մեծ հնարավորություններ ունեմ առաջ գնալու, բայց ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, ծառայելու եմ հայրենիքիս: Ռուսաստանում ամենաշատը մեր ջերմ երկիրն էի կարոտում: Չեմ կարող բառերով արտահայտել. Հայրենիքի կարոտն ուրիշ է:

«Ես եմ»-ն ընտրելուս պատճառը նաև ընձեռած գրավիչ առավելություններն էին: Ծրագրի մասին լսել եմ ընկերոջիցս, որը մեկ տարի առաջ  է «Ես եմ»-ով ծառայության անցել:

Կապի մեջ ենք, ու նա շատ է պատմել այս ծրագրի մասին: Ինձ համար կարևոր էր, որ ամեն ամիս յոթ օր տանը լինելու և ծառայությունից հետո որոշակի գումար ստանալու հնարավորություն կունենամ: Անկեղծ ասած՝ շատ եմ կապված հարազատներիս հետ. երկու քույր ունեմ, եղբայր:

Ուրախ եմ, որ հայրենիքում եմ, ինձ  շատ հպարտ եմ զգում, մարտական եմ տրամադրված»:

«ԵՍ ԵՄ», ԴՈՒ ԵՍ՝ ՄԵՆՔ ԵՆՔ«Ես Դավիթ Օհանյանն եմ՝ Գառնիից: Սա ընկերս է՝ Նարեկը: Այստեղ ենք ծանոթացել, բայց արդեն ընկերներ ենք: Մեր ընդհանուր հետաքրքրությունից՝ սպորտից զրուցեցինք ու մտերմացանք: Գառնիում մեծ մարզադպրոց կա. պարապել եմ բոքս, Սանդա-Ուշու, կարատե, քինգ-բոքս. տարբեր մարզաձևեր: Բոքսի Հայաստանի առաջնությունում երկրորդ տեղն եմ զբաղեցրել:

«Ես  էլ Նարեկ Մելքոնյանն եմ՝ Արզական գյուղից,- ներկայանում է ընկերը,- 7 տարի կարատե եմ պարապել: Նաև ատամնաբուժություն եմ սովորում: Այս ծրագիրը կօգնի ինձ սեփական գործն ունենալ: Շատ կուզենայի սեփական ատամնաբուժական կլինիկա ունենալ: Դե, իսկ ծառայությունը, վստահ եմ, շատ լավ կանցնի. հենց հավաքակայանից լավ ընկերներ ձեռք բերեցի՝ մեկն էլ Դավիթն է»:

«Ես Կարեն Մխիթարյանն եմ: Հրազդանի Սոլակ գյուղից: Հենց այս պահին «Ես եմ» ծրագրով ծառայող ընկերներ ունեմ: Երբ արձակուրդ եկան, իրենցից հետաքրքրվեցի՝ ինչպես է ծառայությունը. շատ գոհ են, սննդից սկսած՝ դիրքերի կահավորումով վերջացրած, ամեն ինչից գոհ են: Հարաբերությունները զորամասում ամենաբարձր մակարդակի են՝ թե՛ զինվոր-զինվոր, թե՛ սպա-զինվոր: Մի խոսքով, խորհուրդ տվեցին, ու ես վերջնական որոշում կայացրի»:

«Ես Դավիթ Արամյանն եմ՝ Չարենցավանից: Շատ եմ սիրում զինվորական գործը, հենց այդ պատճառով էլ որոշեցի «Ես եմ» ծրագրին դիմել: Քեռիս էլ զինվորական է, Խաղաղապահ բրիգադում է ծառայում: Ռազմագիտության ուսուցիչս էլ պնդում էր. «Դու կարող ես լավ զինվորական դառնալ»: Ու ահա որոշել եմ «Ես եմ» ծրագրով ժամկետային զինծառայությունից հետո կմնամ բանակում, կշարունակեմ զինվորականի գործը: Նպատակներ շատ ունեմ: Շատ եմ ուզում ծառայության ավարտին ստացածս գումարով տուն գնելու հարցը լուծել:

Երբ քեռուս տեսնում էի զինհամազգեստով, չէի պատկերացնում, որ մի օր էլ  իմ համազգեստը կունենամ: Շատ ուրախ եմ, շատ եմ սպասել այս օրվան: Շատ եմ կարդացել, շատ ֆիլմեր եմ նայել մեր զինվորականների կյանքի, մեր հերոսների մասին: Շատ քաջ մարտիկներ են զոհվել մեզ համար: Մենք էլ  պետք է շարունակենք պահել նրանց ազատագրած հողը, պետք է ծառայենք՝ իրենց ու մեր ընտանիքների  խաղաղությունն ապահովելու համար»:

«Ես եմ»-ականները շատ են՝ տարբեր են ու շատ նման, ամեն մեկն այստեղ լինելու իր դրդապատճառներն ու պատմությունն ունի:  Բայց մի բան ակնհայտ է. ծառայության են մեկնում ամուր ու հպարտ երիտասարդներ, որոնք վստահ են իրենց ուժերին ու կարևորում են զինվորի առաքելությունը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #3 (1274) 30.01.2019 - 5.02.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/01/2019