ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔՍ…
Նարեկը երեք տարեկան էր, երբ Ռուշանյանները թողեցին հայրենի Էջմիածինն ու բնակություն հաստատեցին հեռավոր Մեքսիկայի Էնսենադա քաղաքում: Նարեկի մոր՝ տիկին Սիրանուշի համար ամենակարևորը Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու իր ընտանիքը հայ պահելն էր: Նաև պետք էր հարմարվել նոր միջավայրին, մարդկանց ու կարողանալ ապրել: Ապրել՝ չկորցնելով հայրենիքի հետ կապը և տղաներին հայրենասեր դաստիարակելով:
-Ծնողներս ինձ ասել էին, որ Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է, որ մեր հայրենիքը ամենագեղեցիկ երկիրն է, մեր մշակույթը հազարամյակների պատմություն ունի, մենք աշխարհին հայտնի ենք մեր տաղանդավոր հայրենակիցներով: Ու ինձ համար շատ զարմանալի էր, որ մեքսիկացի իմ դասընկերները գրեթե ոչինչ մեր հայրենիքի մասին չգիտեին,- ասում է Նարեկը:
Հինգ տարի Մեքսիկայում ապրելուց հետո տիկին Սիրանուշը որոշում է ամառային արձակուրդներին երեխաներին Հայաստան բերել, որպեսզի տղաները լինեն իրենց հայրական տանը, ճանաչեն հայրենիքն ու հայրենակիցներին:
-Նարեկը, որ գրեթե չէր հիշում Հայաստանը, նույնիսկ մեր տունը չէր հիշում՝ միանգամից սիրեց իր երկիրը, շատ սիրեց, այնքան շատ, որ նույնիսկ չէր ուզում վերադառնալ Մեքսիկա: Մի քանի շաբաթների ընթացքում այնպես էր կապվել, որ արցունքներն աչքերին ետ դարձանք:
-Աչքս բացել` Մեքսիկան եմ տեսել: Այն ինձ համար ծննդավայր էր: Հայաստան գալիս չէի պատկերացնում, որ այսքան ջերմություն ու սեր, հարազատություն կզգամ: Անսահման սիրեցի հայրենիքս…
-Արդեն մոտենում էր Նարեկի զորակոչային տարիքը: Որոշեցինք վերադառնալ, որ Նարեկն ավելի լավ ճանաչի Հայաստանը, ավելի լավ հայերեն սովորի: Շատ կարևոր էր, որ մինչ բանակ գնալը Նարեկը հարմարվի հայկական միջավայրին: Մինչ զորակոչվելը շրջագայեցինք Հայաստանի պատմական վայրերում: Արցախում էլ եղանք…
Նարեկը մեր բանակի մասին տարբեր պատմություններ էր լսել: Հորեղբայրը նրան պատմել էր, որ հայ երիտասարդները շատ հայրենասեր են, որ անկախ մտավոր կարողություններից, սոցիալական պայմաններից, հասարակական դիրքից, հայրենիքի պաշտպանությունը ամենավեհ գաղափարն է բոլորի համար: Հայ ընտանիքներում տղա երեխաներին մանկուց դաստիարակում են որպես ապագա զինվորի:
-Հորեղբայրս ասում էր, որ զինվորին պաշտելը գալիս է մեր դարավոր պատմությունից: Այն մեր արյան ու գենի մեջ է: Նաև պատմում էր, որ դիրքեր բարձրացող ցանկացած զինվոր պատրաստի մարտիկ է, որ մեր բանակի հրամանատարներն իրենց գիտելիքները փոխանցում են մեր զինվորներին: Ամեն ինչ անում են, որ նոր բանակ գնացած զինվորները կարճ ժամանակում հայրենիքի պաշտպան դառնան: Ես լսում էի այս պատմությունները ու մտածում՝ որքան անընդունելի կլիներ, եթե չկատարեի զինվորական պարտքս:
Նարեկը ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկներից է:
Ռուշանյանները հունվարի 10-ին իրենց հայրական տանը դհոլ-զուռնայով, երգ ու պարով են հայրենիքի պաշտպանին բանակ ճանապարհել: Կենտրոնական հավաքակայանում հավաքվել են Նարեկի ընկերները, հարևաններն ու հարազատները, որպեսզի բարի մաղթանքներով ճանապարհեն իրենց զինվորին: Վիճակահանությունից հետո պարզվել է, որ առաջին վեց ամիսը ուսումնական հրետանային զորամասում պիտի ծառայի, ապա սահմանային զորամասում որպես կրտսեր հրամանատար շարունակի ծառայությունը:
-Մաման, երբ ինձ զինվորի համազգեստով տեսավ` հուզվեց: Մորս արցունքները տեսնելով` սիրտս ճմլվում էր, բայց ես ինձ իսկական տղամարդու պես պահեցի: Վստահ էի՝ եթե հուզմունքս չթաքցնեմ, մայրս ավելի շատ է նեղվելու,- պատմում է հայրենիքի նորաթուխ զինվորը: -Մեզ դիմավորեցին զորամասի սպաները: Նրանք շատ բարյացակամ էին: Մեզ հետ մեկ առ մեկ զրուցեցին: Ուշադիր էին, հոգատար: Զորամասը մեծ էր ու լուսավոր: Ամեն ինչ կարգ ու կանոնով, միանման, ննջարանները՝ կոկիկ կահավորված: Մեզ ցույց տվեցին շարահրապարակը, մարզահրապարակն ու լսարանները, որտեղ պարապմունքներ պիտի անցկացնեինք: Ուղեկցեցին ճաշարան: Մայրս անհանգստանում էր, որ դժվարությամբ կհարմարվեմ զինվորական ճաշերին: Բայց ճաշը համեղ էր: Քիչ էր տարբերվում մորս պատրաստածից: Երբ օրն ավարտվում էր, մտանք զորանոց, որ քնենք, հանգստանանք: Սկզբում քունս չէր տանում: Ուշք ու միտքս տանն էր: Մորս մասին էի մտածում: Բայց օրվա տպավորություններից հոգնել էի ու չհասկացա, ինչպես քնեցի: Հետզհետե հունի մեջ ընկա: Զինվորական առօրյան սովորական դարձավ:
Արդեն երեք շաբաթ է` Նարեկը ծառայում է:
-Զորամասն իմ տունն է դարձել: Հասցրել եմ շատ բան սովորել: Հրամանատարների կարգադրությունները բարեխղճորեն եմ կատարում: Հարմարվել եմ զինվորական կարգուկանոնին: Զինակից ընկերներիս հետ մտերմացել ենք: Ուրախ եմ՝ նրանցից շատերի հետ վեց ամիս հետո Արցախում կծառայենք…
Տիկին Սիրանուշը բոլոր մայրերի պես նույն ցանկությունն ունի, որ որդին խաղաղ պայմաններում ծառայի ու պատվով վերադառնա տուն: Հաստատ որոշել են` Նարեկը ծառայությունն ավարտի՝ ընդմիշտ կմնան հայրենիքում:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #4 (1275) 6.02.2019 - 12.02.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում