Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է»



«ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է»Ինչպե՞ս միահյուսել սիրելի մասնագիտությունը՝ հոգեբանությունը, հետաքրքրությունների գլխավոր շրջանակի՝ զինվորական ծառայություն, բանակ, հայրենիք գաղափարներին: Որոշեցի գիտահետազոտական աշխատանքիս թեման՝ «Ապագա սպաների կառավարչական հմտությունների զարգացման հոգեբանական առանձնահատկությունները»:

Հետազոտության շրջանակներում քայլերն ինձ տարան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:  Մոտենում եմ  անցակետում վերահսկող հերթապահին և հուզմունքս հաղթահարելով ներկայանում.

«Կառավարման ակադեմիայի մագիստրանտ, ռազմական համալսարանում պրակտիկանտ եմ այսօրվանից»,- ու շտապում եմ ուղեգիրս ցույց տալ կիսազարմացած կուրսանտին:

Մինչ վերջինս վերադասին կտեղեկացնի, ես սենյակի մի ծայրից մյուսն եմ քայլում, ուսումնասիրում արդեն հարյուր անգամ տեսած ՀՀ խորհրդանիշների, ՀՀ Ազգային հերոսների, զինվորական կարգապահության մասին պաստառները, երբ հանկարծ լսում եմ.

«Կարող եք անցնել»:

Շարահրապարակ, Ազգային հերոսների նկարների շարասյուն, զինվորական համազգեստ. նույն զգացողությունն է, մտովի տեղափոխվում եմ Արցախ, քայլում զորամասի տարածքում, աստիճաններով վեր բարձրանում, երբ հանկարծ մուտքի «Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական համալսարան» գրությունն ինձ վերադարձնում է իրականություն:

Կամավորական աշխատանքի շրջանակներում Արցախի ամենահեռավոր դիրքերը հաղթահարած հոգեբանը  իր առջև մի շարք խնդիրներ է դրել. ուսումնասիրել, թե ովքե՞ր են այն կուրսանտները, որ ամիսներ անց ծառայության են անցնելու, ինչպիսի՞ հոգեբանական որակներով են նրանք օժտված, ինչպե՞ս են կառավարելու իրենց վստահված  դասակները:

«Մեր մասնագիտությունը հայրենիքը պաշտպանելն է». ֆակուլտետներից մեկի մուտքը զարդարող այս նախադասության խորհուրդն իր մեջ է կրում այստեղ սովորող յուրաքանչյուր կուրսանտ: Նորից շուրջս եմ նայում. Նժդեհ, Մոնթե, Վազգեն Սարգսյան. ահա նրանց գաղափարներով է լցված այս հաստատությունը: Միջանցքում մոր և որդու գրկախառնված լուսանկար է փակցված.

Հոգուդ մեռնեմ, կուրսանտ որդիս,

Պատգամ ունեմ քեզ համար՝

Լավ սովորիր, որ մեր երկրին

Վահան լինես ու ասպար….

Կուրսանտներն ընտրել են մի ճանապարհ, որտեղ կյանքը և մահը հավասար նժարների վրա են, որտեղ հայրենիքը գերագույն արժեք է, իսկ անձը՝ միջոց:

Կարգապահություն, գործողությունների, խոսքի մեջ հստակություն. ահա այն ամենը, ինչը կարող է երբևէ այստեղ եղած շարքային քաղաքացին տեսնել արտաքինից: Իսկ հոգեբանությունը սիրում է թափանցել անձի ներաշխարհը, բացահայտել ներքին առանձնահատկությունները:

Յուրաքանչյուր  կուրսանտ հստակ որոշել է, թե Արցախի որ հատվածն է պաշտպանելու՝ Օմար, Թալիշ, Եղնիկներ…

Լսարանում դասն անցնում է այնպես, ինչպես աշխարհի բոլոր լսարաններում, գնահատվում են այնպես, ինչպես բոլոր ուսանողներն աշխարհում, բայց մի  անմեկնելի առավելությամբ նրանք առանձնանում են աշխարհի բոլոր ուսանողներից:

…Հետազոտությունն անցնում է հաջող, բոլորը պատրաստակամ ընդգրկվել են գործընթացին, մի քանիսն էլ շտապում են  արդյունքների օրն իմանալ: Հետազոտությունը բավականին ծավալուն է, թեզի պաշտպանությունը նշանակված է ապրիլին, ու ես շատ գոհ հայտնում եմ, որ պաշտպանությունից հետո կգամ  արդյունքները հայտնելու:

«Այնպես եկեք, որ այստեղ լինենք, հակառակ դեպքում, դժվար թե մեզ գտնեք»,- վերջին շարքից լսվում է կուրսանտներից մեկի ձայնը:

«Մայիսին նրանք արդեն անցնում են ծառայության»,- հուշում է դասախոսը: Ու բոլորի ժպտուն հայացքներին մտովի հանդիպում եմ Արցախի ամենատարբեր դիրքերում՝ արդեն սպա դարձած: Ես ուզում եմ, որ այդ ժպիտները միշտ պահպանվեն, իսկ խաղաղ հայացքները երբեք չփոխեն իրենց բովանդակությունը, աշխարհի բոլոր բառարաններից ջնջում եմ պատերազմ եզրույթը ու խաղաղված ասում.

«Խաղաղությունը թող անխախտ լինի սահմաններին, իսկ դուք պատվով ծառայեք»:

Անկախ հետազոտության արդյունքներից, ապագա սպաների  հայրենասիրությունը, սեփական հողին ամուր կանգնելու հաստատակամությունը փաստ է. չէ՞ որ նրանց մասնագիտությունը հայրենիքը պաշտպանելն է:

ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Ազգային բանակ


14/02/2019