ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
Օրերս Սիսիան-Գորիս ավտոճանապարհը տեղացած առատ ձյան հետեւանքով դարձել էր անանցանելի։ Բազմաթիվ վարորդներ անակնկալի գալով՝ հայտնվել էին անորոշ եւ ծանր իրավիճակում։ Որոշ մեքենաներ կողաշրջվել էին, մի մասը հայտնվել էին ձնաբքի տակ։
1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները, հրամանատարությամբ փոխգնդապետ Ռ.Հովհաննիսյանի, ձեռնամուխ եղան տուժած քաղաքացիներին օգնելու եւ ձնահոսքի տակ մնացածներին դուրս բերելու աշխատանքներին։ Բոլոր քաղաքացիները անհապաղ տեղափոխվեցին զորամաս, որտեղ նրանց ցուցաբերվեց առաջին բուժօգնություն, կազմակերպվեց ընթրիք։
Այս մարդասիրական քայլի համար քաղաքացիները հատուկ շնորհակալություն եւ գոհունակություն հայտնեցին զինծառայողներին: Քաղաքացի Մերուժան Խումարյանը նշեց, որ հպարտանում են հայոց բանակով, հայ զինվորով, խոնարհվում են բոլոր այն զինծառայողների առաջ, ովքեր անձնվիրաբար քաղաքացիներին օգնության ձեռք մեկնեցին։
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ