ՆՎԻՐՎԵՑ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԻՆ
Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակում մարտի 5-ին կայացած ինտելեկտուալ խաղ-մրցույթը նվիրված էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին: Քաշաթաղի շրջանի Բերձոր-Լաչին քաղաքի և Աղավնո-Զաբուղ գյուղի ազատագրումը տեղի ունեցավ ռազմական պատմության մեջ բացառիկ հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրումից 10 օր հետո՝ 1992 թ. մայիսի 18-ին: Այստեղ՝ Հակարի և Աղավնո գետերի միախառնման տեղից քիչ վերև, կայացավ Արցախյան շարժման նպատակը՝ Արցախ-Մայր Հայրենիք ՄԻԱՑՈՒՄԸ: Արդեն հայացած ու շենացող այս բնակավայրերի դպրոցականներն էին օրվա հերոսները:
Բերձորի թիվ 1 դպրոցը ներկայացրել էր 2 թիմ՝ «Հարսանիք լեռներում»(10-րդ դասարան) և «Սպարապետ»(11-12-րդ դասարաններ): Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգի «Մենուա» և Աղավնոյի Գ. Նժդեհի անվան միջնակարգի «Գարեգին Նժդեհ» թիմերի կազմում 10-12-րդ դասարանցիներն էին: Հարցերի մի մասը նվիրված էր Սպարապետի կյանքին ու գործունեությանը, մնացածը՝ տարբեր բնագավառների: Խաղին ոչ մրցութային կարգով մասնակցում էին նաև ուսուցիչները:
Միջոցառումից հետո մասնակիցներն իրենց ուսուցիչների հետ այցելեցին Բերձորի Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիր, Վազգեն Սարգսյանին նվիրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի և բոլոր քաջերի հիշատակին:
Զոհրաբ Ըռքոյան
Խորագիր՝ Նորություններ