Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵԳԵՆԴԱՐ ԲԺԻՇԿ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ



ԼԵԳԵՆԴԱՐ ԲԺԻՇԿ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ10 տարի առաջ տոնեցինք Արցախ (Դալտոն) Բունիաթյանի ծննդյան 70-ամյակը: Ավաղ, այսօր բժիշկ, հասարակական գործիչ, զինվոր, գրող ու հրապարակախոս, իր ժողովրդի հաջողություններով ուրախացող և ցավերով տառապող հայը ֆիզիկապես մեզ հետ չէ. 2012 թ. հուլիսի 20-ին նրա մարմինն ամփոփվեց Եռաբլուրում…

Այժմ բեմում նրա մեծադիր լուսանկարն է՝ մշտաժպիտ ու բարի դեմքով, էկրանին նրա մասին ֆիլմ է ցուցադրվում, լուսանկարներն են՝ ռազմական տարիներից սկսած, մինչև կյանքի վերջը: Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում բժիշկ Արցախ Բունիաթյանի 80-ամյա տարեդարձին նվիրված ցերեկույթի բացումը հայտարարեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը՝ ասելով. «Կյանքը մարդուն լքում է, բայց նրա առաքինի և բարի գործերի փառքը հիշվում է հավերժ: Այդպիսին էր ցեղաճանաչ և անանձնյա Արցախ Բունիաթյան մեծագույն հայը… Նա լուսակիր էր էությամբ, «խենթ»՝ տեսակով, անհատ՝ աշխարհ եկած հատուկ առաքելությամբ»: Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ» տաղի հնչյունների ներքո բեմ բարձրացան բերձորցի դպրոցականները եւ ներկայացրին Արցախ Բունիաթյանի կյանքի փառավոր ուղին: Ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, 1939թ. մարտի 2-ին: 1950թ. ընտանիքը տեղափոխվել է ՀՀ Արմավիր քաղաք: 1959-65թթ. ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում: 1968թ. աշխատանքի է անցել Աբովյանի շրջանային հիվանդանոցում: Այդ տարիներին մի խումբ համախոհների հետ Վլադիմիրից հայրենիք են բերել Նժդեհի շիրիմը: 1988թ. Արցախյան շարժման Աբովյան քաղաքի ակտիվ անդամներից էր: 1992թ. սկզբներից մինչև 1995թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին: 1996-2008թթ. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (նախկին Լաչին) բուժմիավորման գլխավոր բժիշկն էր: 2000թ. Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 2008թ. ապրիլի 22-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի կոչման, 2016-ին՝ Բերձորի պատվավոր քաղաքացու: 2007թ. դեկտեմբերից Հայաստանի գրողների միության անդամ էր: Վիրաբուժությանը, ինչպես նաև հիվանդների հոգեկան կարգավորմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական, մասնագիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Ներկաները ծանոթացան նաև գրող և հրապարակախոս Արցախ Բունիաթյանին: 1981թ. լույս են տեսել նրա «Յոթ անուն», 1986-ին՝ «Տարեգիրք»  բանաստեղծությունների ժողովածուները: «Նժդեհի վերադարձը»  գրքույկը լույս է տեսել 1999թ. և վերահրատարակվել 2011թ.: Շատ կարևոր տեղեկություններ են պարունակում Արցախյան գոյամարտի և նրա մասնակիցների մասին «Արյունոտ օրեր»-ի 7 հատորները, որոնք լույս տեսան 2000-2011 թթ. և դրանց շարունակությունը՝ «Հուշագրություն»-ը՝ 2014 թվականին: Աշակերտներն ընթերցեցին հատվածներ այս գործերից: «Հրանոթների համազարկից հողը դղրդյունով տնքաց ոտքերիս տակ: Ցավ զգացի: Թվաց, թե արկը սրտիս դիպավ:

ԼԵԳԵՆԴԱՐ ԲԺԻՇԿ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸԻ՞նչ տարբերություն՝ հողին կպավ արկը, թե՞ ինձ: Չէ որ մարմինս էլ հողի շարունակությունն  է…»:

Արցախի մասին խոսք ասացին մարտական եւ աշխատանքային ընկերները: Բոլորի ելույթներում Արցախն էր՝ իր մարդկային բարձր հատկանիշներով՝ որպես բժիշկ, զինվոր, ընկեր, գրող, քաղաքական գործիչ… Ցերեկույթի ընթացքում Արցախ Բունիաթյանի «Արյունոտ օրեր» գրքի հատորները նվիրեցին ներկաներին: Բժշկի այրին՝ Սոնա Հովեյանը նշեց՝ վերջին օրերին ասում էր, որ իր կյանքի կարևոր գործերից են Նժդեհի շիրիմը տեղափոխելուն աջակցելը, Արցախյան ազատամարտին մասնակցելը և Քաշաթաղի բուժմիավորման ստեղծումը:

Հանդիսավոր մասից հետո կայացավ տոնական համերգ: Ռազմահայրենասիրական երգ ու պարով հանդես եկավ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» համույթը: Իսկ դպրոցի միջանցքում բացվել էր Արցախի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Ճակատագրեր


07/03/2019