ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԵՆ ՄԱՇՎՈՒՄ
ԱՄՆ ռազմածովային ուժերը անսպասելի խնդրի առջև են կանգնել. F-18 տախտակամածային կործանիչների կոնստրուկցիաների մաշվածությունը նախատեսվածից ավելի արագ է ընթանում:
Արագացված մաշվածության պատճառն այն է, որ ինքնաթիռները սպառազինության վերցնելիս դրանց ներուժը հաշվարկվել է խաղաղ պայմաններում շահագործմանը համապատասխան: Սակայն վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ը ակտիվ մարտական գործողություններ է վարել` կրճատելով ինքնաթիռների շահագործման ժամկետը:
Օրինակ` մոտ 10 տարի առաջ շարք մտած F-18E կործանիչի հաշվարկային ներուժը 6000 ժամ է, սակայն այժմ այն նվազեցվել է մինչև 3000 ժամ. այդքան է ինքնաթիռի թևերի կոնստրուկցիաների ծառայության ժամկետը: Բանն այն է, որ մարտական խնդիր կատարելիս կործանիչները թռչում են ռումբերով և հրթիռներով ծանրաբեռնված, սակայն ոչ միշտ են օգտագործում դրանք, ինչը վայրէջք կատարելիս լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում:
Արդյունքում մետաղն ավելի արագ է մաշվում, ճաքճքում, ինչի հետևանքով էլ նվազում է թռիչքների անվտանգությունը: Որոշ մասերի նորոգումն ու փոխարինումը հնարավոր է իրականացնել, սակայն ընդհանուր առմամբ ինքնաթիռների ներուժը սահմանափակ է, և վաղ թե ուշ դրանք պետք է դուրս գրվեն:
Նախատեսվածից ավելի արագ մաշվածության պատճառով այժմ սպառազինության կանգնած ինքնաթիռներից շատերը դուրս կգրվեն շատ ավելի շուտ, քան կստացվեն F-35 տախտակամածային կործանիչները:
Ներկայումս ամերիկյան օդուժի F-18 կործանիչներից յուրաքանչյուրը տարեկան առնվազն 330 ժամ անցկացնում է օդում: Ինքնաթիռներն ավելի երկար շարքում պահելու համար ամենամեծ թռիչքաժամանակ ունեցող կործանիչները չեն ուղարկում այնպիսի առաջադրանքների կատարմանը, որոնց ընթացքում պահանջվում է մանևրել ծանրաբեռնվածությամբ կամ մեծ ծավալի սպառազինությամբ: Այդպիսով զինվորական հրամանատարությունը հույս ունի ավելի մեծ թվով ինքնաթիռներ պահպանել մինչև F-35-երի մատակարարումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական