ՀԱՐԱԶԱՏ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՊԱՐԱՊԵՏԻ 60-ԱՄՅԱԿԸ
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նշվեց Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը:
Միջոցառմանը ներկա էին Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, նրա մարտական և գրչակից ընկերները, ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ:
Հանդիպման սկզբում հյուրերը ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարին, այնուհետև այցելեցին ինստիտուտի թանգարան, որտեղ կա Վազգեն Սարգսյանի մասին պատմող անկյուն:
Ներկաներին ողջունեց բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանը՝ իր ելույթում նշելով, որ Վազգեն Սարգսյանը այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչն է, որին կհիշեն և՛ սերնդակիցները, և՛ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնվեր ընկերոջ և հրամանատարի: Հարազատ բուհը, ներկայիս սերունդը իր հերոսին հիշում է ամեն օր, առաջնորդվում նրա զորեղ պատգամներով ու խոնարհվում նրա անմար հիշատակի առաջ:
«Վազգենը պարտություններ չէր սիրում և մասնավորապես՝ սպորտում»,- նշեց իր խոսքում Արամ Սարգսյանը:
«Վազգենը անուրանալի խիզախություն ուներ՝ լինելով շատ պարզ, անկեղծ, շիտակ, բարձր կրթության ու ինքնակրթության տեր անձնավորություն»,- իր ելույթում ընդգծեց գրող, հրապարակախոս, ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանը:
Արժեքավոր են Վազգեն Սարգսյան գրողի ցանկացած գրառում, հրապարակախոսական մտքերը պատմական ու գրական արժեք են ներկայացնում. «Երիտասարդ տարիքում գրական ասպարեզ մտավ հասուն գրչով, պայքարի ոգեղեն մտքերով: Հրապարակախոս ու գրող Վազգենին ընթերցողը դեռ լավ ծանոթ չէ»,- ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Բացառիկ ջերմ ու մտերմիկ էին Սպարապետի ու գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանի հարաբերությունները: Իր խոսքն ուղղելով ուսանողներին՝ Սուրեն Աբրահամյանը շեշտեց՝ Վազգենը Սարգսյանը ձեզանից մեկն է եղել, անսահման սիրել է իր երկիրը և միշտ հավատացել իր հաղթանակին:
«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ինստիտուտի բոլոր այն մարզիկ-զինվորներին, ովքեր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանությանը: «Բոլոր ժամանակների իմ հերոսը Վազգենն է, որին ժողովուրդը «Սպարապետ» պատվանունով կնքեց: Իր արած գործերով Վազգենը լեգենդ է, և մենք պարտավոր ենք պահել ու փայփայել պետականաշինության նրա կարևոր արժեքները»,- շեշտեց Սասուն Միքայելյանը:
Միջոցառման ավարտին ինստիտուտի ազգագրական պարի խմբակը հայկական հաղթական քոչարիով շնորհավորեց Սպարապետի 60-ամյակը:
ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Բանակ և հասարակություն