Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՈՒՐՈՆ



ՊԱՏՄՎԱԾՔ

ՔՈՒՐՈՆՍուլող գնդակների և թռչող բեկորների միջով վազում էր։ Յուրաքանչյուր քայլից հետո կարող էր գնդակի կամ շիկացած բեկորի հանդիպել, բայց ոչինչ չէր զգում։ Տղերքը կռվում էին։ Ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում՝ թշնամին գրոհում էր։ Չզգաց էլ, թե ինչքան տևեց խելագար վազքը։ Տեղ հասնելով, շրմփոցով պառկեց վիրավոր զինվորի կողքին։ Նոր համալրված տղերքից էր։ Շունչ առնելու ժամանակ չկար։ Անմիջապես զննեց վերքերի ցավից գալարվող զինվորին։ Մի քանի տեղից բեկորային վերք էր ստացել։ Զինվորը բարձրացրեց գլուխը, աղաչական հայացքով նայեց։ Վերքերը խորն էին՝ բավականին արյուն էր կորցրել։

-Չվախենաս, ախպերի՛կ, վերքերդ թեթև են,- զինվորին հանգստացնելու համար բուժքույրը խաբեց և մկրատը պայուսակից հանելով՝ սկսեց կտրտել շալվարի փողքերը։

Զինվորը, ճիգ գործադրելով, հաղթահարում էր վերքերի ցավը, ապա խնդրեց.

– Քուրո՛, փրկիր ինձ… Դեռ չեմ հասցրել ապրել, Քուրո՛… Չեմ ուզում մեռնել…

– Չվախենաս, ախպերի՛կ…- չիմանալով ինչ պատասխանել՝ կրկնեց բուժքույրը,- քեզ նմանների՞ն եմ հանել կրակի տակից։ Հիմա արագ կվիրակապեմ, և դուրս կգանք։

Արնաքամվում էր։ Արագ վիրակապեց, ինչքան հնարավոր էր՝ դադարեցրեց արնահոսությունը, ապա ցավազրկող ներարկեց։

Ուրիշ անգամներ մեկ-երկու զինվոր էին գալիս, օգնում վիրավորին դուրս հանել։ Սակայն բուժքույրը գիտեր, որ այս անգամ մենակ է տանելու՝ թուրքերը նորանոր ուժեր էին առաջ նետում։ Հարմար պառկեց զինվորի կողքին և կիսագրկելով՝ սկսեց քաշել դեպի ետ։ Զինվորը բավականին ծանր էր։ Ուժասպառված ոտքերով հենվում էր գետնին, մարմինը հրում առաջ։

-Ապրես, ախպերի՛կ,- ասաց բուժքույրը,- եթե այդպես օգնես, գործս կհեշտացնես։

Մի ձեռքը բուժքրոջ ուսով գցած, մյուս ձեռքով և վիրավոր ոտքերով անընդհատ իրեն առաջ էր հրում։

-Ինչ փափուկ ես… – նվաղող ձայնով կատակեց զինվորը։

Բուժքույրը ծիծաղեց.

-Հիմա դրա ժամանակը չի, ա՛յ ախպեր, թող հլա մի էստեղից ողջ-առողջ դուրս գանք…

Մարտը չէր դադարում։ Գնդակները սուլոցով շրմփում էին գետնին։ Այստեղ-այնտեղ հողի շատրվաններ էին բարձրանում։ Բուժքույրն ուշադրություն չէր դարձնում։

Անընդհատ քաշում-տանում էր վիրավորին։ Աշխատում էր շուտ հասցնել մոտիկ բլրակի հետևը։

Չնայած վիրակապերով ամուր կապել էր վերքերը, բայց շարժվելուց և լարումից արնահոսությունը գնալով ուժեղանում էր։ Վիրավոր զինվորի ուժերն արագ սպառվում էին։ Աստիճանաբար ողջ ծանրությունն ընկնում էր բուժքրոջ վրա։ Լարելով ուժերը՝ նա անընդհատ սողում էր առաջ։ Գերլարումից ուժասպառվում էր։ Հոգնելով, կանգ առավ՝ մի պահ շունչ առնելու, ուժերը վերականգնելու։ Հույսով նայեց զինվորների կողմը՝ գուցե մեկնումեկին հրամանատարն ուղարկեր օգնության։ Սակայն մարտը գնալով թեժանում էր։ Թուրքերը մոտենում էին խրամատին։ Հասկացավ, որ օգնության ոչ մի հույս չկա, որ մինչև վերջ մենակ է լինելու։

-Հոգնեցի՞ր…,- մեղավորի նման ասաց զինվորը,- ների՛ր, որ քեզ տանջում եմ… Եթե չես կարողանում, թող էստեղ, գնա՛…

-Հիմար բաներ ես ասում,- բարկացավ բուժքույրը, ապա կատակեց,- եթե մի քիչ նիհար լինեիր, մի քիչ փոքրամարմին՝ ավելի հեշտ կլիներ։

-Ես ի՞նչ անեմ, ծնողներիս ասեիր,- նույնպես կատակեց վիրավորը։

Բուժքույրը մերթընդմերթ նայում էր, թե ինչպես է արյունը ծորում թրջված վիրակապերից։ Անհանգստացած նորից գործի անցավ։ Հապաղել չէր կարելի։ Հարկավոր էր հանել մարտի դաշտից, վիրակապերը թարմացնել, անշարժ պառկեցնել մինչև շտապ օգնության մեքենան մոտենար։ Հիմա հրամանատարը հետները կապված կլինի։ Գուցե արդեն եկել, բլրի հետևում իրեն են սպասում։

Նորից սկսվեց տառապալից երթը։ Վիրավորի ոտքերը թուլացած կախվում էին։ Միայն արմունկով էր աշխատում օգնել ամեն քայլից հետո ուժասպառվող բուժքրոջը։

Բուժքույրն անընդհատ նայում էր փրկարար բլրի կողմը։ Թվում էր, թե այն գնալով հեռանում է։

Վերջապես զինվորն անօգնական կախվեց վզից։ Ստիպված ուժերն ավելի լարեց։ Մինչև բլուր դեռ բավականին տարածություն կար։ Հուսահատությունն աստիճանաբար տիրում էր։ Փորձեց շալակել և արագ վազքով դուրս բերել կրակի գոտուց, բայց վիրավորը ծանր էր։ Մի քանի քայլ անելուց հետո փռվեց գետնին։ Վիճակն ավելի վատացավ՝ թուրքերը նկատեցին, սկսեցին կրակել իրենց ուղղությամբ։ Ստիպված էր անշարժ պառկել, մինչև կրակը դադարի։

Ժամանակն անցնում էր։ Հուսահատությունից լացը գալիս էր։ Թվում էր, թե ամբողջ աշխարհում ինքը մենակ է մնացել իր ուժասպառվածությամբ, սուլող գնդակների և դանդաղ մահացող այդ զինվորի հետ։ Եվ հուսահատությունն ավելի էր մեծանում։

-Քուրո՛…,- շշնջաց վիրավորը,- չես թողնի, չէ՞, ինձ…,- հիմա, երբ ուժասպառվելուց անօգնական էր դարձել, չէր կարողանում ասել՝ թող գնա։ Վախենում էր մենակ մնալուց։

-Մի՛ վախենա, ախպերի՛կ, – հուզված պատասխանեց բուժքույրը,- քանի դեռ ողջ եմ, չեմ թողնի։

– Քուրո՛, ես քեզ սիրում եմ, – ասաց զինվորը, – կյանքում ոչ մեկին չեմ սիրել… Դու իմ առաջին սերն ես…

-Ինչ մի սիրելու բան եմ, – նյարդային ծիծաղեց բուժքույրը,- էս սարերի անտերության մեջ բոլորդ սիրահարվում եք… Որովհետև ուրիշ կին չկա,- և հուզմունքից աչքերը մշուշվեցին։

-Ցավերը զոռում են, Քուրո՛, – խնդրեց զինվորը,- մի հատ էլ սրսկի…

-Էդքան չի կարելի, – ասաց բուժքույրը,- պիտի դիմանաս։ Արդեն քիչ է մնացել։- Եվ շարունակեց սողալով տանել վիրավորին։

-Ինչ լավն ես, – ցավը հաղթահարելու համար շարունակեց կատակել վիրավորը,- եթե չմեռնեմ, ողջ կյանքում չեմ մոռանա քո մարմնի փափկությունը։

-Լռի՛ր,- սաստեց բուժքույրը,- ուժերդ խնայիր, որ օգնես ինձ։

Զինվորը, հաղթահարելով գիտակցությունը մթագնող ցավն ու թուլությունը, նորից էր, բուժքրոջ շարժումներին համաչափ, իրեն առաջ հրում։

-Դե, մի քիչ էլ, մի քիչ էլ… – համոզում էր բուժքույրը,- բոլորովին քիչ է մնացել…

Նայեց բլրին։ Քիչ էր մնացել։ Հանկարծ զգաց, որ զինվորն անբնականորեն ծանրացավ։ Ահաբեկված կանգ առավ, վիրավորին շրջեց, հենվեց արմունկներին, նայեց։ Գիտակցությունը կորցրել էր։ Ստուգեց զարկերակը։ Թույլ տրոփում էր։ Արյուն շատ էր կորցրել։ Չէր հասկանում՝ ինչու, բայց չէր կարողանում զգացմունքներին իշխել։ Գուցե նրանից էր, որ մենակ էր։ Գուցե նրանից էր, որ զինվորը շատ էր ջահել՝ իր տղայից մի քանի տարով էր մեծ ու էս անտեր սարերում սիրահարվել էր։ Այս էլ երկրորդ անգամ աչքերը խոնավացան։ Աններելի թուլություն էր։ Նման իրադրության մեջ զինվորը թուլանալու իրավունք չունի։ Ստիպված նորից սկսեց շարժվել։ Քիչ հետո վիրավորն աչքերը բացեց, շաղված հայացքը հառեց բուժքրոջը, փորձեց ժպտալ.

-Քուրո՛, ես մեռնում եմ… Չկարողացար փրկել…

Հնազանդ տեսք ուներ։ Դա ավելի անհանգստացրեց բուժքրոջը։

-Էլ մի չարչարվիր, Քուրո՛…

Բուժքույրն զգում էր, թե ինչպես է զինվորը յուրաքանչյուր կաթիլ արյան հետ մեռնում։ Եթե շտապ արյուն չներարկվեր, փրկելն անհնարին կդառնար։ Անհասկանալի, գերբնական ուժ եկավ վրան։ Ոտքի ցատկեց, վիրավորին թեթևությամբ շալակեց և ուշադրություն չդարձնելով սուլող գնդակներին, վազեց դեպի բլուրը։ «Երևի հիմա այնտեղ շտապ օգնության մեքենան սպասում է,- մտածում էր – եթե կարողանամ հասցնել, կփրկեմ…»։

Վազում էր։ Շնչահեղձ էր լինում։ Զարկերակները պայթում էին։ Շարունակում էր վազել։ Բայց, դեռ բլրին չհասած, ուժերն սպառվեցին, զգաց, որ շունչը կտրվում է, որ այլևս անզոր է քայլ անելու։ Վիրավորի հետ միասին շրմփաց գետնին։ Նայեց բլրին։ Քիչ էր մնացել։ Բոլորովին քիչ… Հուսահատ կատաղությունից սկսեց լաց լինել։

– Քուրո՛…,- կանչեց վիրավոր զինվորը։

Ականջներին չհավատաց։ Կարծում էր՝ արդեն մահացել է։ Գետնին ընկնելու ցնցումից զինվորի գիտակցությունը տեղն էր եկել։

-Քուրո՜,- ասաց զինվորը,- ի՞նձ համար ես լաց լինում…

-Լաց չեմ լինում,- արցունքները մաքրեց բուժքույրը,- չվախենաս, ախպերիկ,- մի քիչ հանգստանամ, նորից կշարժվենք, արդեն հասել ենք։

– Չէ,- ասաց զինվորը,- ես գիտեմ, որ մեռնելու եմ, մի՛ ստիր…

Ապա ասաց.

-Մրսում եմ, Քուրո՛… Գրկի՛ր ինձ… Համբուրիր… Ես սիրում եմ քեզ… Այդպես հեշտ կլինի մեռնելը…

Զինվորն աղաչական հայացքով նայեց։ Բուժքույրը մարմնով կպավ նրան, գրկեց և  ճակատը համբուրեց։

-Չէ՛, համբուրիր ինչպես տղամարդուն,- ասաց զինվորը,- այսօր իմ տասնութը լրանում է…

Բուժքույրն այլևս չկարողանալով դիմանալ, սկսեց բարձր հեկեկալ և պինդ-պինդ գրկելով, համբուրեց զինվորի գունատ շուրթերը։

Վիրավորը փակեց աչքերը։ Բուժքույրը, նստած նրա կողքին, անզորությունից լաց էր լինում։ Հանկարծ կանչեր լսեց։ Սանիտարները, պատգարակը թափահարելով, վազում էին  իրենց կողմը։ «Եթե շուտ հասցնեն, կփրկվի»,- մտածեց բուժքույրը։

Սանիտարներն արագ մոտեցան։ Բուժքույրը, դեռ վիրավոր զինվորին գրկած, բարձրաձայն լաց էր լինում։ Մի պահ զարմացած նայեցին նրան, ապա զինվորին արագ դրեցին պատգարակին։

Երբ սանիտարները բարձրացրին պատգարակը, բուժքույրը կռացավ, համբուրեց զինվորի գունատ շուրթերը և շշնջաց.

-Չմեռնես, ախպերի՛կ,- և վերցնելով սանիտարական պայուսակը, վազեց դեպի խրամատները։ Տղերքը հետ էին մղում թուրքերի հերթական գրոհը։

 

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Հոգևոր-մշակութային


28/03/2019