ՈՒԺԵՂ ԲՌՈՒՆՑՔ՝ ՀԱՆՈՒՆ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը մեծ համբավ է վայելում Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատությունների շարքում: Շրջանավարտներից 27-ը արժանացել են հերոսի կոչման, ավելի քան 30-ը՝ գեներալի: Աշխարհի տարբեր երկրներից խիստ ընտրություն անցած երիտասարդները Նովոսիբիրսկ են գալիս զինվորական գործում լավագույնը դառնալու ակնկալիքով: Տղաները հաղթահարում են ոչ միայն սիբիրյան սաստիկ ցուրտը, տեղանքի բարդ ռելիեֆը, այլեւ հոգեբանական ու ֆիզիկական բազում արգելքներ: Այս հաստատությունը ամենադիմացկունների համար է, եւ միայն գիտելիքները, եռանդն ու աշխատասիրությունը բավարար չեն: Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանում սովորող հայ կուրսանտներն աչքի են ընկնում կազմակերպվածությամբ, համախմբվածությամբ, ռազմական բնատուր ձիրքով:
Կրտսեր սերժանտ Հարությունն այն եզակիներից է, որ հավակնում է գերազանցության դիպլոմի: Նրա գծագրած քարտեզները մշտապես արժանանում են դասախոսների անթաքույց հիացմունքին. «Միանգամից է երեւում՝ մեծն Բաղրամյանի հետնորդն ես»: Հարությունին նման խոսքերն ավելի են պարտավորեցնում:
Տասներեք տարեկան էր, երբ ընտանիքը ՌԴ-ից տեղափոխվեց մայր հայրենիք: Մի օր պատմության դասաժամին կարդաց թուրք ռազմական գործիչներից մեկի խոսքը, թե՝ «Եթե գրավեմ Հայաստանը, ոչնչացնելու եմ, իսկ եթե պարտվեմ` նահանջելով եմ ոչնչացնելու»: Եվ հենց այդ օրն էլ որոշեց` զինվորական է դառնալու… Ապրիլյան պատերազմից հետո Հարությունի որոշումը վերջնական դարձավ: Ծնողները չընդդիմացան` թեեւ տան միակ արու զավակն է: Ընդունելության բոլոր փուլերը հաղթահարեց, իսկ նրա ֆիզիկական պատրաստությունը զարմացրեց հանձնաժողովի անդամներին: Ամենաբարդը թերեւս այն ժամանակ փոխնախարար Դավիթ Տոնոյանի հարցերին առանց շփոթվելու գերազանց ռուսերենով պատասխանելն էր: Ստացվեց: Այդ օրվանից տարիներ են անցել, հիմա Հարությունը գրեթե պատրաստի հրամանատար է. «…Մարտավարությունից գործնական պարապմունք էր: Պիտի գրավեինք հակառակորդի դիտակետը: Դասախոսը որոշեց՝ դասակը ես եմ կռվի տանելու: Ստորաբաժանումում տարբեր ազգի ներկայացուցիչներ էին ընդգրկված, բայց հաղթանակի բոլորը նույն ոգեւորությամբ էին ձգտում: Մարտավարական դաշտում ցեխ էր, ինչն ավելի էր բարդացնում մեր գործը: Տղաները սպասում էին իմ հրամաններին, իմ խոսքին: Ես առաջին անգամ զգացի պատասխանատվության ամբողջ ծանրությունը. զինվորներդ քեզնից խիզախություն են ակնկալում, եւ դու հուսահատվելու իրավունք չունես, անգամ, եթե իրավիճակն անելանելի է: Ականապատ դաշտն անցանք առանց կորուստների, ինչն ապահովեց մեր հետագա հաջողությունը: Երբ թշնամու վերջին կրակակետը լռեց… ցնծություն էր: Ռուս փոխգնդապետը գերազանց գնահատեց իմ կարողությունները: Այդ օրը միայն մեր դասակը հաջողության հասավ»:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում զինվորական գործի այբուբենը յուրացնելուց հետո Հենրիկը հասկացավ՝ զինվորական ուղին պետք է շարունակի որպես հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար: Որակյալ մասնագիտական կրթություն ստանալու համար դիմեց Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան: Թեեւ կոփված էր, ինքնավստահ, գիտելիքների մեծ պաշարով, չընդունվեց: Զորակոչվեց բանակ, դարձավ ՀՄՄ-2-ի հրամանատար, սակայն երազանքից չհրաժարվեց: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ տագնապով դիրքեր բարձրացավ, զենք բռնեց, խրամաբջիջում կանգնեց եւ համոզվեց՝ ճիշտ ճանապարհ է ընտրել: Հաջորդ տարի զորամասի հրամանատարության թույլտվությամբ նորից մասնակցեց քննություններին եւ դարձավ կուրսանտ: Նովոսիբիրսկի մասին ոչինչ չգիտեր. շուրջը մեծ ու օտար քաղաքն էր եւ անգութ ցուրտը, ինչի մասին հիմա ժպիտով է խոսում. «Սովորական է դարձել: Պատահել է՝ մինուս քառասուն աստիճանի պայմաններում հարձակում ենք կազմակերպել: Մեր խմբում երեք հայ էինք: Խնդիր առաջադրվեց գերեվարել աֆրիկյան երկրների հավաքական թիմի հրամանատարին: Գործողությունների պլան մշակեցինք, երթուղի գծեցինք: Մեզնից մեկը շեղեց 17 հոգանոց խմբի ուշադրությունը, երկուսս թիկունքից ներթափանցեցինք: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ աֆրիկյան թիմը չհասցրեց ուշքի գալ: Չհասկացան, թե ինչպես կարողացանք… Համախմբվածությունը ուժ է»:
Պետրոսը ծնվել է Ռուսաստանում: Մի օր դպրոցում աչքովն է ընկել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության կարգը, վերցրել է թերթիկը, եկել տուն ու հայտարարել՝ զինվորական է դառնալու: Վարժարանում սովորելու երազանքը դարձել է ավելի հիմնավոր ու գիտակցված: Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո ընդունվել է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան:
«Այստեղ երբեք օտարություն չեմ զգացել: Դասախոսները հայերին առանձնակի ջերմությամբ են ընդունում, գիտելիքներն էլ չեն խնայում: Մեր նկատմամբ նույնքան պահանջկոտ են, որքան ռուս կուրսանտների: Դասընթացը յուրացնում եմ առանց դժվարությունների: Միայն թեթեւ աթլետիկայի պարապմունքների ժամանակ եմ մեծ ջանքեր գործադրում: Ուսումնարանում սովորեցի զսպել ցանկություններս, ղեկավարել ինքս ինձ ու անվերապահորեն կատարել հրամանները, նաեւ՝ առաջնորդել: Մեր դասախոսներից մեկն ասում է՝ հենց սովորեք ենթարկվել, կկարողանաք նաեւ կառավարել»:
Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանում բանակային ռեժիմը, կարգուկանոնը ավանդույթ են: Մարտավարության հայազգի դասախոս, մայոր Կարեն Պետրոսյանը նշում է՝ հայ կուրսանտների համար երբեք չի կարմրել. «Աշխատում եմ հիմնականում ռուս կուրսանտների հետ: Թե՛ նրանց, թե՛ մեր հայ տղաներին միշտ հիշեցնում եմ՝ հրամանատարի ամենակարեւոր խնդիրը զինվորի մասին հոգ տանելն է: …Մասնակցել եմ Չեչնիայի ռազմական գործողություններին: Գիտեմ, թե ինչ սարսափելի է նայել զոհված զինվորի մոր աչքերին… Ռազմական այս ուսումնարանում սովորեցնում ենք լինել հոգատար ու սրտացավ, որովհետեւ սա է լավ հրամանատար դառնալու գաղտնիքը: Դասախոսներն ինձ միշտ ասում են՝ ապրե՛ն հայրենակիցներդ, հրամանատարական ջիղ ունեն: Հպարտանում եմ: Երբ հերթապահ եմ, անպայման գնում եմ նրանց զորանոց, հետաքրքրվում՝ ինչպես են: Նրանք էլ ինձ սուրճ են հյուրասիրում»:
Հայ կուրսանտները նաեւ Նովոսիբիրսկի մարզի հայկական համայնքի մշտական հոգածության ներքո են: Համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը հաճախ է այցելում տղաներին, ծանոթանում կեցության պայմաններին, զրուցում ղեկավարների հետ, հետաքրքրվում ուսուցանվող ծրագրով. «Համոզվել եմ՝ ուսումնարանը ոչինչ չի խնայում բանիմաց սպաներ կրթելու համար: Որպես ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչներ՝ մեր տղաներն ունեն բազում առավելություններ: Ուսումնասիրում են նորագույն զենքերը, մարտավարության այնպիսի նրբություններ, որ հետագայում շատ պետք կգան: Իհարկե, մեր տղաներն էլ կիրթ են, ազնիվ, խելացի, հպարտ, ինքնավստահ: Պարույրը ինտերնացիոնալ ֆակուլտետի ավագն է, իսկ Տիգրանը` խմբի, ինչը խոսում է նրանց կազմակերպչական ջիղի մասին: Կարծում եմ՝ այստեղ կրթվում են մեր բանակի ապագա զորահրամանատարները, ապագա գեներալները»:
Համայնքը անմասն չի մնում նաեւ հայրենիքում ծավալվող իրադարձություններից: Արագ ինքնակազմակերպվեց հատկապես ապրիլյան մարտագործողությունների օրերին՝ գումարային աջակցություն ցուցաբերելով զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին: Միեւնույն ժամանակ, թույլ չեն տալիս խեղաթյուրել իրականությունը, աղավաղել փաստերը, իրադարձությունները ներկայացնել սեփական շահերից բխող մեկնաբանությամբ:
Համայնքի գործունեության առանցքային ուղղություններից է հայապահպանությունը. «Մեր գերխնդիրն է միավորել այստեղ ապրող մեր հայրենակիցներին, պահպանել եւ զարգացնել մեր ազգային մշակույթը: Ի վերջո, ցանկացած մարդ, որտեղ էլ ապրի, երբեք չպետք է մոռանա իր հայրենիքի պատմությունը, լեզուն եւ սովորույթները: Եվ, իհարկե, մենք պետք է ամրապնդենք ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը,-ասում է Արթուր Խաչատրյանը եւ պատմում «Արարատ» կիրակնօրյա դպրոցի մասին,- այստեղ երեխաներին սովորեցնում են խոսել եւ մտածել հայերեն, երգել ու պարել հայերեն, ծանոթացնում են հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությանը: Ուսուցումն իրականացնում են փորձառու ուսուցիչները»:
Հայ համայնքը բաց է երկխոսության համար, բարեկամության համար: Նովոսիբիրսկի կենտրոնում տեղադրված խաչքարը վերոնշյալի խորհրդանիշն է: Համայնքի ներկայացուցիչ Հովիկ Գաբրիելյանի ուղեկցությամբ նախ կանգ ենք առնում քարե այդ հուշարձանի մոտ, որ արվեստի բացառիկ նմուշ է, ապա այցելում ենք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Հայկական զարդանախշերով, լուսեղեն կամարներով հավատքի այս տունը իր հարկի տակ աղոթքի է կանչում ոչ միայն առաքելական եկեղեցու հավատացյալներին:
Մեր հաջորդ կանգառը Բառնաուլ քաղաքի Ս.Հռիփսիմե հայկական եկեղեցում է, որ կառուցվել է Մխիթար եւ Յուրա Արոյան եղբայրների հովանավորությամբ, օծվել Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցին մարդաշատ է. րոպեներ անց տեղի է ունենալու մկրտության արարողություն: Եկեղեցին ազգային ներուժի համախմբման ու մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության անուրանալի դեր ունի: Տեր Մաշտոցն ամեն օր անձանձիր աշխատանք է կատարում հատկապես երիտասարդներին այստեղ բերելու համար:
Քաղաքի սրտում՝ Ալթայի երկրամասի համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ էլ տեղադրված է «Բաց գիրք» հուշարձանը` նվիրված ռուս-հայկական բարեկամությանը: Իսկ մի քանի քայլ այն կողմ Ալթայի Հայերի միության գրասենյակն է: Պատերին փակցված տասնյակ պատվոգրերն ու շնորհակալագրերը վկայում են իրագործված բազում ծրագրերի մասին: Նախագահ Մաքսիմ Մանուկյանը պատմում է հայկական դպրոցի, պարի եւ երգի խմբակների մասին, որտեղ նաեւ այլազգիներ են հաճախում: Քաղաքում ոչ մի մեծ միջոցառում չի անցնում առանց հայերի մասնակցության: Ալթայի երկրամասի Հայերի միությունը ապրիլյան պատերազմի օրերին էլ դիրքերի ամրապնդման, ինժեներական խնդիրները լուծելու նպատակով գումար է փոխանցել Արցախի Հանրապետության կառավարության հատուկ հաշվեհամարին:
Բառնաուլի հայկական սփյուռքը ռուսական հասարակության լիարժեք բաղկացուցիչն է՝ գիտնականներ, ուսուցիչներ, բժիշկներ, արվեստագետներ, գործարարներ: Նրանցից շատերի հետ առիթ ունեցանք ծանոթանալու. Լեւոնը, որ իրեն պատկանող սրճարանում հայ գրողների ծննդյան տարեդարձներին պոեզիայի երեկոներ է կազմակերպում, Հակոբը, որի աչքերում արտասուքի կաթիլներ են հայտնվում, երբ երգում է. «Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ, Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ …», Վահեն, որ մեզ հորդորում է խոսել հարազատ Գորիսի բարբառով, Արցախյան պատերազմի մասնակից, գործարար Արմենը, որ Երեւանում բնակարան է գնել եւ մի օր անպայման վերադառնալու է հայրենիք, այն ուժն են, որ միշտ պատրաստ են բռունցքվելու հանուն հզոր Հայաստանի:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Երևան-Նովոսիբիրսկ-Երևան
Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական