Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԼՐՋՈՐԵՆ ԳՐԱՔՆՆԵԼ ՀԱՄԱՑԱՆՑԸ



Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդը և արտգործնախարարությունը պատրաստել են ՄԱԿ կոնվենցիայի նախագիծ «Միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման մասին», որը ներկայացվել է Եկատերինբուրգում գումարված 52 պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների փակ խորհրդակցության քննարկմանը:

Նախագծով առաջարկվում է թույլ չտալ համացանցի օգտագործումը ռազմական, ինչպես նաև իշխող վարչակարգերի տապալման նպատակով, և ըստ այդմ՝ արգելել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը պետությունների քաղաքական, տնտեսական ու սոցիալական համակարգերի քայքայման, այլ պետությունների տեղեկատվական տարածքներում տեղեկատվական հոսքերին միջամտության, ղեկավարման և ուղղորդման, ինչպես նաև իրավիճակի ապակայունացման նպատակով բնակչության լայն զանգվածների գիտակցության վրա հոգեբանական ազդեցության նպատակով:

Նախագծի հեղինակները նման գործողությունները համարում են «տեղեկատվական պատերազմի» բաղկացուցիչ մասեր և միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ ուղղված հանցագործություններ: Նման արգելքներ արդեն իսկ գործում են Չինաստանում ու Իրանում:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո Մոսկվան ընդունեց, որ լրիվ տանուլ է տվեց Արևմուտքի կողմից իր դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը:

Իսկ դրանից հետո Միջին Ասիայում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները» և 2011 թվականի «արաբական գարունը» լրիվությամբ վկայեցին, թե իշխող վարչակարգերի դեմ պայքարի ծավալման ասպարեզում որչափ մեծ հնարավորություններ ունի համացանցը:

Ռուսաստանը չէր էլ թաքցնում, որ այս խնդիրը վաղուց քննարկում էր փորձագետների, ինչպես նաև «շահագրգիռ այլ նախարարությունների և գերատեսչությունների մակարդակով»:

Ռուսաստանը ձգտում է 2012 թվականին ՄԱԿ-ում հաստատել այս նախագիծը, սակայն արդեն իսկ պարզ է, որ այն հանդիպելու է մի շարք պետությունների և հատկապես Միացյալ Նահանգների բուռն հակազդեցությանը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


26/09/2011