Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ-140



ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ-140Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետը։

 

Արամ Մանուկյանը  Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչն էր: Արմենակ Եկարյանի և այլ ազգային գործիչների հետ կազմակերպել և ղեկավարել է 1915 թվականի Վանի ապրիլյան ինքնապաշտպանությունը, որը Արևմտյան Հայաստանում առաջին և, ավաղ, միակ հաղթական կռիվն էր թուրքական յաթաղանի դեմ…

 

Արամ Մանուկյանի ամենամեծ ծառայությունն իր ժողովրդին Սարդարապատի հերոսամարտի օրերին էր. իր կազմակերպչական մեծ ունակություններով, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպեց Սարդարապատի և Բաշ Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը։

 

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ-140Ըստ ժամանակակիցների՝ Արամ Մանուկյանն իր նախաձեռնություններում անձնական շահախնդրություն երբեք չի հետապնդել։ Նա ապրել է հասարակ երևանցու նման։ Նա ամենօրյա անմիջական շփումների մեջ է եղել  իր ժողովրդի հետ։ Իրատես ու շրջահայաց, նպատակասլաց ու հետևողական, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք և իր ժողովրդի ճակատագրի հանդեպ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործիչը հայ քաղաքական գործիչների փաղանգում  առաջիններից էր, որ հասկացավ` հայն իր պայքարում պետք է հույսը դնի բացառապես իր ուժերի, ազգային ինքնակազմակերպման վրա: Որպես նախարար էլ Արամ Մանուկյանը ժողովրդի սիրելին էր: Նա զուսպ ու համեստ, անմռունչ կրել է սեփական ժողովրդի ցավերն ու դժվարությունները, հրաժարվել է բոլոր արտոնություններից, որոնցից կառավարության անդամները կարող էին օգտվել: Հրաժարվել է նաև ծառայողական ավտոմեքենայից: Դեռևս Վանում, երբ նրան այցելում է ընկերը` ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը, զարմանում է նրա կենցաղավարության վրա: Հետագայում Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում գրում է. «…Չորս պատ, չորս աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ…»:  Ժամանակակիցները պատմում են, որ նույնքան անշուք է եղել նաև Արամ Մանուկյանի Երևանի բնակարանը: Երբ ընկերներն այդ մասին դիտողություն են արել, նա պատասխանել է` «Դատարկ բաներով մի՛ մտահոգվեք»:

 

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ-1401919 թ. հունվարի 29-ին հայ ժողովրդի մեծագույն զավակն ու ազգային հերոսը մահանում է բծավոր տիֆից: Ըստ ժամանակակիցների՝ Արամ Մանուկյանի հուղարկավորությունը իսկական համաժողովրդական սուգի է վերածվել: Հանրապետության հիմնադրի հուղարկավորության ժամանակ Նիկոլ Աղբալյանը, արցունքն աչքերին, ասել է պատմական դարձած հետևյալ խոսքը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

 

«Մենակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժերին»:

 

♦♦♦ 

 

«Ամեն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու: Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք էլ է լինում, դա լոկ խոսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծությունից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրվում, շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք: Մենակ ենք և պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

 

Ա. Մանուկյան

 

 

ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

…Վանը բոլորի հիշողության մեջն է, հոն Արամը հանդիսացավ հայու հերոսական ոգին՝ փրկելով անոր ռազմական պատիվը: Երեւանը վկա էր այն հզոր ուժին, որ կար եւ կապրեր անոր մեջ, որ կազմակերպեց դիմադրության ուժը եւ  այդ դիմադրության շնորհիվ կարողացավ հիմք դնել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի ազատագրության:

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ

 

«Պատմությունը ճակատագրական երեւույթներ ունի: Պատմության մեջ անմահ են անոնք, որ այդ ճակատագիրը գիտեն վարել: Արամը այդ անմահներեն էր»:

ԿԱՐՈ ՍԱՍՈՒՆԻ

 

«…Արարատեան դաշտի հայությունը փրկվեցավ շնորհիվ Արամի ղեկավարության: Դարերու ստրկութենեն ետք, Հայաստանի անկախությունը ամենեն առաջ անոր գործը եղաւ»:

ԳԱԲՐԻԵԼ ԼԱԶՅԱՆ

 

«Կար ահավոր վտանգը, որ ճակատած Վանի դեմ, գլխովին ոչնչացմամբ կսպառնար Վասպուրականի հայության:

Սակայն, փառք բախտին, կար եւ պիտի հայտնվեր Արամը: Եվ, առաջնորդի իմաստությունը, միացած վասպուրականցիի հերոսականության՝ հրեղեն պատնեշ պիտի կանգներ Վանի շուրջը:

Ան պիտի հեգներ մոլեգնած թշնամիի երեսնօրյա գրոհները՝ խրոխտալով…

Արամն ու Վանը եկան վկայելու աշխարհին, թե, այո՛, հայությունը կարելի է ջարդել, երբ ան անզեն է, անհամերաշխ եւ անղեկավար, բայց ո՛չ պարտության մատնել, ո՛չ ալ կասեցնել ընթացքը հայ արիության, երբ ան կը ղեկավարվի Ցեղի Ոգիեն»:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

«Դժգոհները չեն ճանաչում Արամին: Երբ ճանաչեն, կհամոզվեն, որ ներկայումս նա ՄԻԱԿ կարող մարդն է այդ պաշտոնի (զինվորական վարիչի) համար:

Եվ ինչո՞ւ եմ հրաժարվում. որովհետեւ մեկ է՝ ես ինքս առանց Արամի ոչինչ չեմ անելու: Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու ոչ մի կարեւոր քայլ չեմ առնում, իսկ վարիչի պաշտոնը հանձն առնելու պարագային, գրասենյակս տեղափոխելու եմ նրա մոտ»:

ԶՈՐԱՎԱՐ ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆ

 

Մեր կուսակցության մեջ ո՛չ ոք Արամի աստղը չունի: Եվ ինչպես հոյակապ փայլում է այդ աստղը: Լա՛վ լսիր, թե ինչ եմ ասում քեզ: Հեռվից, թե մոտից ուշադիր հետեւել եմ ու հետեւում եմ իր գործերին: Մեծ մարդկանց հատուկ քայլերով, թռիչքներով է առաջանում:

Արդեն Վանի հերոսամարտը կազմակերպելով ու վարելով՝ Արամը դուրս եկավ մեր կուսակցության սահմաններից ու դարձավ ազգային դեմք՝ Վասպուրականի հերոսը: Իսկ այժմ մեր անհնարին ծանր պայմաններում, մեր աչքերի առջեւ, տե՛ս, ինչեր է անում: Քեզ բան եմ ասում, մարդ չէ, հրա՛շք է…:

Արամն է, որ լուսավորում է բոլորիս ճամփան, եւ քանի նա կա, կասկած չունեմ, որ հաջողելու ենք եւ լույս աշխարհ ենք դուրս գալու այս… խոր վիրապից:

ՍԱՐԳԻՍ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

 

«Վանը վկայական մըն էր միայն:

Եվ Արամ անգամ մըն ալ Երեւանով եկավ ապացուցանելու, թե բախտը չէր, որ զինքը օրվան մարդ կը դարձներ, այլ ինքն էր, որ բախտը կը կառավարեր կռվելու եւ հաղթելու համար»:

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ 

Խորագիր՝ #12 (1283) 3.04.2019 - 9.04.2019, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


04/04/2019