Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՎԵՑԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ



ԾՆՎԵՑԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՈՎՔեզ կերտեց ժողովուրդը: Դու նորօրյա լեգենդ պիտի դառնայիր, մաքառումի ու պանծալի հաղթանակների խորհրդանիշը և մինչև վերջ պիտի հավատարիմ մնայիր քո տեսակին` Սպարապետի հաղթող տեսակին:

Դու ծնվեցիր ժամանակի պահանջով: Եվ քո մեկ կոչով ոտքի ելավ ամբողջ ժողովուրդը: Քո բերանով ասես Վարդանն էր խոսում Ավարայրից առաջ, Նժդեհն էր խոսում իր զորքի հետ, ու այսպես կրկին հայն իր լինելիության գոյապայքարն էր մղում:

Իսկ Սպարապետի մայրը` տիկին Գրետան, ամեն մի մարտից առաջ ամբողջ զորքին տալիս էր իր օրհնանքը` քաջ գիտակցելով, որ հայրենիքի ազատագրման համար պետք է պատրաստ լինել զոհասեղանին դնելու նախ իր զավակին:

Սպարապետը հավատարիմ մնաց իր առաքելությանը, տեսավ ազատագրված Հայոց աշխարհը, լծվեց հայրենիքի շենացման գործին` համոզված, որ 21-րդ դարը մերն է լինելու…

Դավադիր գնդակից ընկավ Սպարապետը: Եվ այսօր մենք ենք նրա զավակները, նրա հետնորդներն ու նրա ժառանգները: Մենք, որ պատիվ ունենք կոչվելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներ, մենք, որ վաղը կանգնելու ենք հայորդիների սուրբ արյամբ գծված սահմանին ու ասենք.

-Դու կաս, Սպարապե´տ, դու կաս, և դու հավերժ ես, քանզի այլևս հավետ են Արցախն ու Հայաստանը, քանզի քեզ ու հայրենիքին  սուրբ երդում են տվել ինչպես ուստրերդ, այնպես էլ դուստրերդ:

Եվ պատիվ ունենք շարունակելու սկսած գործդ, Սպարապե´տ:

Սուսաննա Ներսիսյան

3-րդ կուրս, հրետանավոր

Խորագիր՝ Նորություններ


09/04/2019