ԱՅՍՊԵՍ ՊԵՏՔ Է ԵՐԳԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ
-Օմարի մարտերում Տիգրանը կորցրել էր ոտքերը եւ բուժվում էր Երեւանի կենտրոնական հոսպիտալում։ Կինս՝ Աննան, բուժքույր էր։ Կնոջս եղբայրը՝ Գեւորգը, զոհվել էր Օմարում։ Տիգրանը պատմում էր Օմարի կռիվներից, զինվոր տղաների հերոսություններից։ Մտերմացել էինք,- պատմում է Խաչիկցի Արմենը։ -Մի օր էլ, երբ հոսպիտալ էի գնացել, Տիգրանն ասաց.
-Որոշել եմ ամուսնանալ, հարսանիքիս քավորն էլ դու պետք է լինես։
Անկեղծ ասած, ֆինանսական վիճակս այնքան էլ բարվոք չէր, բայց ո՞վ կհրաժարվի նման առաջարկից։
Հարսանիքը կայացավ 1996 թվականի սեպտեմբերի 27-ին։ Պաշտպանության նախարարությունն օգնել էր ինչով կարող էր, տրամադրել էր նաեւ հարսանյաց սրահ։ Հավաքվել էին Տիգրանի, հարսի բարեկամները, հարազատները, մարտական ընկերները։ Սրտանց ուրախանում, շնորհավորում էին բոլորը։ Մեկ էլ անակնկալ ներս մտան նախարար Վազգեն Սարգսյանը, Սեյրան Սարոյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, եւ հարսանյաց հանդեսը շարունակվեց նոր թափով։ Նախարարը, հյուրերը շնորհավորեցին նորապսակներին, նվերներ հանձնեցին եւ միացան հարսանքավորներին։ Հրաշալի հարսանիք էր։ Երգիչ տղաներից մեկը փորձեց իր հայրենասիրական երգով պատվել բարձրաստիճան զինվորականներին.
-Թե Մասիսին մի բան լինի՝
Ազգովի կդառնանք ֆիդայի…
Հիշում եմ՝ երգի մեջ այսպիսի տողեր կային։ Վ. Սարգսյանը ոտքի կանգնեց, վերցրեց բաժակը եւ խոսեց.
– Տղա ջան, էլ Մասիսին ի՞նչ պատահի։ Էս քանի դար է՝ գերության մեջ է, հեռվից ենք նայում ու էդպես երգում։ Էդ տեսակ երգերը թմբիր, նիրհ են բերում ժողովրդին։ Փառք այն տղերքին, ովքեր, իրոք, գրվեցին ֆիդայի, ովքեր այս ազատամարտին հաստատեցին մեր ինքնությունը, մեր պատիվը, պատվախնդրությունը, հերոսականությունը։ Իսկ այդպիսի երգերը պետք է մոռացվեն,- խոսելուց արդեն զգացվում էր նախարարի զայրույթը, եւ այդ պահին հնչեց խրոխտ մի երգ՝ երգում էր Սեյրան Սարոյանը.
Հերոս մռնչաց, սուլթան դողդողաց,
Վիլհելմի աչքից արտասուք ցոլաց…
Սպարապետի դեմքին նորից երեւաց ժպիտը, ուրախությունից շողաց դեմքը, եւ երգի ավարտին ասաց.
-Այսպես պետք է երգի հայոց բանակը։
Գ.Շ.
Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Հոգևոր-մշակութային