Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»



ՆՈԵԼ ԲԱՐԲԸՐ

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»Հատվածներ գրքից

 

Գիրքը տպագրվել է Թեհրանում՝ Անի եւ Արմինե Մանուկյանների մեկենասությամբ:

Թարգմանիչ՝ Հարություն Եղնազարյան

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Հայերը բնակվել են Փոքր Ասիայի հյուսիս-արեւելքում, Ռուսաստանին սահմանակից շրջաններում, շուրջ 1500 տարի եւ որպես քրիստոնեական մի կղզի, գոյատեւել մահմեդական ծովածավալ աշխարհում: Արաբները, թաթարները, մոնղոլները, քրդերը եւ վերջապես թուրքերը ավերել ու ավերել են «Արեւելքի Բելգիան», որը Ասիայի եւ Եվրոպայի միջեւ կապող օղակ էր հանդիսանում: 1915 թվականի սկզբին աղետալի կռիվներ էին տեղի ունենում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Օգտագործելով այն պատրվակը, թե նույն ժամանակ որոշ հայեր օգնել են ռուսներին, Էնվերը առիթը պատեհ համարեց լուծելու «Հայկական հարցը» եւ այն էլ ամենապարզ ընթացքով` հայ ժողովրդի բնաջնջմամբ: Նույնիսկ այսպես կոչված «կրթված ու լուսավորված» կառավարության համար օսմանյան բռնի սովորությունները դեռ մնում էին գործադրելի:

Բնաջնջումը նա սկսեց Վանի նահանգից, գործից ազատելով (նոր բարեկարգումների ջատագով) մահմեդական նահանգապետին, նրա տեղակալ նշանակեց իր կեղծավոր եւ հեղհեղուկ փեսային` Ջավադ բեյին, որն ապրիլի 15-ին շրջանի հայության բնաջնջման նախաձեռնողը դարձավ: Ջավադը նախ Առկանց գյուղից 500 տղամարդկանց մեկտեղելով, բոլորին գնդակահարեց: Հետո նույն գործելակերպը կրկնեց ութսուն մոտակա հայաբնակ գյուղերում:

Հարյուրավոր կանայք բռնաբարվեցին, հազարավոր տղամարդիկ չարչարանքների ենթարկվեցին` խոստովանելու եւ զենքերը հանձնելու պատրվակով: Շուտով Ջավադը նահանգում հայտնի դարձավ որպես «պայտող» (նալբանդ), քանզի չարչարանքի նրա սիրած ձեւը տղամարդկանց ոտքերի տակ ձիու պայտ մեխելն էր: Տանջանքի մյուս տեսակներն էլ այնքան դաժան ու սատանայական էին, որ Կ.Պոլսի ոստիկանապետ Բադրի բեյը ամերիկյան դեսպանին ընկերաբար խոստովանել էր, թե քննելով Իսպանիայի հավատաքննության արխիվները, ինքն է ընդօրինակել եւ գործադրության հանձնարարել այդ տանջանքները: Համաձայն Վան քաղաքի հիվանդանոցի բժիշկ-միսիոների` երբ կոտորածը վերջացավ, 55.000 դիակ վառեցին:

Սա դեռ գործողությունների սկիզբն էր, որովհետեւ Էնվերը նպատակադրվել էր հայերին սիստեմատիկ ջարդելու կամ նրանց արտաքսելու դեպի Հալեպ, այն էլ Սիրիայի անապատի ամբողջ տարածքով:

Այսպիսի արարքի հիմնական պատճառը Էնվերի կրոնական մոլեռանդությունը չէր, ինչպիսին էր իսպանացիների հավատաքննությունների ժամանակ, այլ դա բխում էր հայերի նկատմամբ նրա հիվանդագին ատելությունից, ինչպես Հիտլերի վերաբերմունքը հրեաների նկատմամբ: Ըստ մի պաշտոնական զեկույցի` «Այս ամբողջ զարհուրելի գործընթացը իրագործվում էր ռազմական եւ քաղաքական վարչական կառույցների միջոցով, այն էլ` Էնվերի եւ Թալեաթի համադրությամբ: Դա եղել է կանխամտածված եւ հաշվարկված քաղաքականություն, որը ծրագրվել եւ որոշվել էր Կ.Պոլսում»:

Համաձայն բրիտանացի Բրյուսի զեկույցի, որը 1916թ. հոկտեմբերին ներկայացվեց խորհրդարանում, Թուրքիայում բնակվող երկու միլիոն հայերի մեկ երրորդը զոհվել է, մեկ երրորդը փախել ռուսական տարածք, եւ մեկ երրորդը մնացել է խոշոր քաղաքներում, մեծ մասամբ Կ.Պոլսում եւ Իզմիրում, որտեղ նրանց առեւտրական ընդունակությունները դեռ հարկավոր եւ օգտակար էին թուրքերին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «կոտորածների գործադրման սովորական կարգը սկսվում էր նախ թաղի հայ բոլոր տղամարդկանց պաշտոնական հրավերով, որոնց հավաքում եւ մեկտեղում էին: Հետո խմբերի բաժանելով՝ պարանով կապում էին միմյանց, եւ իբր թե հեռավոր վայր պիտի գնան` ճանապարհվում էին: Սակայն, փաստորեն, նրանց տանում էին ամենամոտ ամայի վայրը, ուր քուրդ եւ նման հրոսակախմբեր, որոնք գլխատելու ընդունակ էին, կանխորոշված տեղում սպասում էին զոհերին: Կանանց եւ երեխաներին ասվում էր, որ պատրաստվեն քարավաններով շարժվելու: Հալեպ մեկնելու պատրվակով նրանց հատկացնում էին մի քանի զինվորներ` «ապահովության համար»: Սակայն, մի քանի օր անց, նրանց ամբողջովին մերկացնում էին, խլում ամբողջ դրամը եւ արձակում…

…1915թ. հունիսի 1-ին 3000 հայերից բաղկացած քարավանը (մեծ մասամբ կանայք եւ երեխաներ)  Խարբերդից ճանապարհվեց Բաղդադ: Ճանապարհի առաջին կայանը Ռաս-ուլ-Էյնն էր: Այս խեղճերի վիճակը սարսափելի էր: Ժանդարմները առաջ անցան` լեռներում բնակվող կիսավայրենի ցեղերին տեղեկացնելու, որ մի քանի հազար հայ կանայք ու աղջիկներ են մոտենում։ Արաբները եւ քրդերը սկսեցին տանել աղջիկներին, լեռնականները ամեն անգամ ցած իջնելով՝ սպանում ու հոշոտում էին կանանց: Ապա ժանդարմներն էլ միացան նրանց «ուրախ» հանդեսին: Քարավանի հատուկենտ տղամարդիկ մեկ առ մեկ սպանվեցին: Կանանց հաջողվում էր որոշ գումար թաքցնել իրենց բերանում կամ մազերի մեջ, որով կարողանում էին ձիեր գնել, որոնք բազմիցս գողացել էին քուրդ ցեղախմբերի մարդիկ: Ի վերջո, ժանդարմները տասներեք օր անդադար իրենց զոհերին ենթարկելով թալանի, ծեծի, վայրագությունների ու ջարդի, լքեցին բոլորին ու հեռացան: Երկու օր հետո քրդերը մոտեցան խմբին ու հավաքեցին  բոլոր տղամարդկանց, որոնք դեռ ողջ էին։ Նրանք գտան 150 տղամարդու, որոնց բոլորին անխտիր մորթեցին: Այդ նույն օրը մի այլ քարավան Սեբաստիայից (Սվաս) միացավ այս խարբերդցիների քարավանին, կազմելով ընդհանուր 18.000 հոգի հայ: Այժմ էլ մի քուրդ բեյ ընդունեց քարավանի հրամանատարությունը եւ իր բոլոր հետեւորդ լեռնականներին կանչեց իր մոտ: Գիշեր ու ցերեկ ամենագեղեցիկ աղջիկներին քարավանից հանում տանում էին: Երբ թուրքական գյուղեր էին հասնում, գյուղի բոլոր տղամարդկանց իրավունք էր տրվում հարձակվել, բռնաբարել ու հոշոտել խեղճ ու անպաշտպան հայ աղջիկներին:

Երբ արդեն նոսրացած քարավանը Եփրատի ափ հասավ, նրանք արդեն քանիցս թալանվել էին, եւ նրանց մարմինը հազիվ ծածկված էր մի կտոր լաթով ու ցնցոտիներով, սակայն տեղի քրդերը նրանց տեսնելով՝ թալանեցին նույնիսկ այդ քրքրված ու գջլտած հնոտիները եւ, հետեւաբար, ամբողջ քարավանը հինգ օր շարունակ ամբողջովին մերկ քայլեց անապատի կիզիչ արեւի տակ: Հաջորդ հինգ օրը դեռ նրանք քայլում էին առանց մի պատառ հացի եւ մի կաթիլ ջրի:

Հարյուրավոր հայեր ճանապարհին ընկան, մահացան, նրանց լեզուները փայտածուխի էր նմանվում, եւ երբ հինգերորդ օրը մի աղբյուրի հասան, բնականաբար բոլորը դեպի աղբյուրը վազեցին: Սակայն, մի ոստիկան կտրեց նրանց ճանապարհը, թույլ  չտալով նույնիսկ մի կաթիլ ջուր վաճառել, այն էլ՝ բաժակը մեկից երեք լիրայով: Երբեմն դրամը ստանում ու բաժակը հետ էին հափշտակում ծարավից հյուծվածներից:

Յոթանասուն օր բռնագաղթի ենթարկված ու չարչարված քարավանը անապատն անցնելով Հալեպ հասավ: Երկու միացած քարավանների 18.000 հոգուց այնտեղ հասան սոսկ 150 մերկ կանայք ու երեխաներ: Քանի որ Ամերիկան դեռ չեզոք երկրների շարքում էր, նրա հյուպատոսները աշխատում էին Օսմանյան կայսրության տարբեր վայրերում, հետեւաբար երիտթուրքերը անկարող եղան այսպիսի լուրերի տարածմանը արգելք հանդիսանալ:

Նույնիսկ Բրիտանիան, որը զբաղված էր իր գոյատեւման համար մղվող կենաց-մահու պայքարով, հայկական կոտորածների սարսափելի լուրերով փոխարինեց պատերազմական լուրերը օրաթերթի առաջին էջում: Ամերիկայում արձագանքը վերածվեց հիասթափության եւ կատաղության:

Նրանց դեսպան Մորգենթաուն Կ.Պոլսում Էնվերի հետ զրույցի ընթացքում մնաց ցնցված ու շվարած: Մտածելով, որ ավելի դիվանագիտական կհամարվի, եթե Էնվերին անձնապես մեղադրանքի չենթարկի, իր խոսքը այսպես սկսեց. «Իհարկե, ես գիտեմ, որ կառավարությունը երբեք այնպիսի սարսափելի բաներ չէր պատվիրի, որ արդեն տեղի են ունեցել: Դու եւ Թալեաթը եւ կոմիտեի մյուս անդամները դժվար թե ստանձնեին նման պատասխանատվություն: Անկասկած, ձեր ստորադաս մարմինները ձեր նախատեսած սահմաններից շատ ավելի առաջ են անցել, եւ  հասկանալի է, որ միշտ էլ հեշտ չի լինում ենթակա պաշտոնյաներին վերահսկելը»:

Ի զարմանս դեսպանի, Էնվերը խիստ վիրավորված եւ զայրացած պատասխանեց. «Դուք մեծապես սխալվում եք, ես ոչ մի ցանկություն չունեմ մեր ստորադաս պաշտոնյաներին մեղավոր համարել, ես անձամբ պատասխանատվությունը ամբողջությամբ ընդունում եմ այն ամենի համար, որ արդեն իսկ տեղի է ունեցել: Կառավարությունն ինքն է կարգադրել հայերի տեղահանությունը»:

Շարունակելի

Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Հոգևոր-մշակութային


10/05/2019