ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ԿԳՈՐԾԵՆ ՔՐԴԵՐԻ ԴԵՄ
Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Հյուսիսային Իրաքում քրդերի զինված խմբավորումների դեմ համատեղ ռազմական լայնամասշտաբ օպերացիա սկսելու մասին:
Անկարան և Թեհրանը ծրագրում են համատեղ հարվածով վերջ տալ Քրդական աշխատավորական կուսակցության և դրա հետ կապված Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության ռազմական թևերին:
Քրդերի դեմ գործելու սկզբունքային որոշումն ընդունվել է նախորդ շաբաթ Նյու Յորքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջև կայացած հանդիպման ժամանակ:
Հավանաբար տվյալ գործողությանը հավանություն են տվել նաև Իրաքի իշխանությունները, քանի որ այս շաբաթվա սկզբում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուի և Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշիար Զեբարիի հետ հանդիպումից հետո ռազմական օպերացիան քննադատող որևէ հայտարարություն չի արվել:
Երկու պետություններն էլ մի քանի տասնամյակ փոփոխական հաջողությամբ պայքարում են ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասվող քրդական կուսակցությունների դեմ: Երկու խմբավորումների թիկունքային բազաները տեղակայված են Հյուսիսային Իրաքում:
Այնտեղ ապաստանող գրոհայիններին ոչնչացնելու ուղղությամբ Թուրքիան և Իրանը որոշակի համագործակցություն նախկինում հաստատել են: Սակայն դա եղել է առավելապես հետախուզական տվյալների փոխանակման մակարդակով, այն էլ ոչ այնքան անկեղծ. երկու կողմերն էլ սեփական շահերն են հետապնդել, շատ դեպքերում գրոհայիններին տեղեկացրել մյուս կողմի ձեռնարկած միջոցառումների մասին:
Այժմ կարծես թե բոլորովին այլ իրավիճակ է: Փորձագետների կարծիքով եթե նույնիսկ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ չիրականացվեն, ստեղծված իրավիճակը փաստում է երկու պետությունների միջև համագործակցության նոր, ավելի բարձր մակարդակի հաստատվելու մասին, ինչը հետագայում կարող է հիմք ծառայել նմանատիպ օպերացիայի անցկացման վերաբերյալ սկզբունքային նոր որոշման ընդունման համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան