Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԳՅՈՒԼՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ԴԱՎԱՃԱՆԵԼ ԵՆ ԻՆՁ»



«WikiLeaks» սկանդալային կայքը հրապարակել է 2009-ի ապրիլի 7-ին Բաքվում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի կողմից ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված գաղտնի նամակը, որում ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Է.Մամեդյարովի` ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի հետ ունեցած հանդիպման մանրամասները:

Խոսելով Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման մասին` Ալիեւը Անկարային համարել է «ստախոս եւ դավաճան»: Նա նշել է, որ Ադրբեջանը հանգիստ աջակցել է «ֆուտբոլային դիվանագիտությանը», սակայն չէր պատկերացնում, որ Թուրքիան «կխաբի իրենց»` Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը չկապելով ԼՂ խնդրի կարգավորման հետ:

Անդրադառնալով այդ երկու գործընթացներն իրար կապելու` Գյուլի խոստմանը, Ալիեւն ասել է. «Նա ստեց: Ես այլեւս նրան չեմ հավատում»:

«Մեր միջեւ եղած հարաբերություններն այլևս նույնը չեն լինի: Մենք նույն ժողովուրդը չենք եւ երբեք չենք լինի: Մեր հարաբերությունները կփչանան բոլոր հարցերում` անվտանգության, տնտեսության, էներգետիկայի»,- Ալիեւի խոսքերն է մեջբերել ԱՄՆ դեսպանը:

Ադրբեջանի առաջնորդը խոստովանել է, որ «ինքն իրեն դավաճանված է զգում Գյուլի եւ Էրդողանի կողմից»:

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ հանդիպման ժամանակ Բրայզան համոզում էր Ալիեւին այցելել Ստամբուլ, սակայն Ադրբեջանի նախագահը պնդել է, որ իր այցը կնշանակի, որ ինքը «լռելյայն համաձայնում է» թուրքերի կատարած բոլոր քայլերին:

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Ռազմաքաղաքական


04/10/2011