Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ, ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿ, ԱՄՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ, ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿ, ԱՄՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՕրերս պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքը «գրավել» էր փոքրիկների բանակը՝ իրենց անհաղթ «զենքով»՝ զրնգուն ծիծաղով ու մանկան պարզությամբ եւ անկեղծությամբ:

Ամենաբարի տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախարարությունում կազմակերպվել էր ուրախ տոնական միջոցառում՝ զինծառայողների, ազատամարտիկների, հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոս քաջորդիների զավակների եւ թոռնիկների համար:

Օրվա խորհրդին համահունչ՝ նախարարության տարածքում հանդիսավոր արարողությամբ բացվեց քանդակագործ, ժողովրդական վարպետ Վարազդատ Համբարձումյանի «Ընտանիք» հուշակոթողը: Հուշակոթողը բացեցին 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկը՝ Համեստ Ներսիսյանը, լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոսի) թոռնիկը՝ Հովհաննեսն ու քանդակի հեղինակը: Հուշակոթողն օծեց ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Հայ Առաքելական եկեղեցին 2019թ. հայտարարել է Ընտանիքի տարի. ընտանիքը հայերիս համար նվիրական նշանակություն ունի, այն դարեր շարունակ եղել է մեր ազգային արժեքների, ավանդույթների պահպանման միջավայր, ու այս քանդակն էլ համեստ մի տուրք էր մեր զինվորների, սպաների ընտանիքներին, որտեղ ծնվել, հայրենաշունչ եւ հայրենատեր ոգով դաստիարակվել են հերոս քաջորդիները: Ամուր ընտանիքն ու ամուր բանակն են ամուր պետության հենքը:

 

♦♦♦

ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ, ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿ, ԱՄՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆախարարությունում ամենուր տոնական տրամադրությունն էր թեւածում, մաղթանքներն անսպառ էին՝ թող խաղաղություն լինի, խաղաղ երկնքի տակ մեծանան մեր փոքրիկները:

Երեխաների շուրթերից եմ ուզում լսել՝ ի՞նչ է խաղաղությունը իրենց պատկերացմամբ:

Իրար լրացնելով՝ ինձ «լուսավորում» են.

Դավիթ Կուլիջանյան. «Երբ կռիվ չկա, երբ բոլորն իրար հետ համերաշխ ապրում են»:

Մարգարիտա Պողոսյան. «Երբ կյանքն առանց դժվարության է, ու ամեն ինչ լուսավոր է»: Նարե Սարգսյանն էլ լրացնում է՝ երբ ուրախ-զվարթ ապրում ենք Հայաստանում, հենց դա է խաղաղությունը:

-Իսկ դուք գիտեք՝ ո՞վ է պաշտպանում խաղաղությունը, մեզ բոլորիս,- հաջորդ հարցս եմ ուղղում երեխաներին:

-Պապաները,- 6 տարեկան Հրանտ Խաչատրյանն է:

-Իմ հոպարը,- 3 տարեկան Գոռն է, որ իր թոթով լեզվով շարունակում է. «Մեծանամ, աշխարհի ամենաուժեղ զինվորն եմ լինելու, որ պաշտպանեմ պապայիս, մամայիս ու բոլոր պուճուր բալիկներին: Տեսե՛ք, մուսկուլ ունեմ…»:

-Իմ պապիկը Արցախյան պատերազմին է մասնակցել ու ինձ շատ է պատմել պատերազմից, իրենք կռվել են, որ մեր հայրենիքը խաղաղ լինի, որ մենք խաղաղ հողի վրա մեծանանք,-ասում է Ավետիք Պետրոսյանը:

-Աշխարհի բոլոր երեխաները թող միայն ու միայն խաղաղ, պարզ ու անամպ երկնքի տակ վայելեն իրենց մանկությունը,- բարեմաղթում է Արկադի Տեր-Թադեւոսյանը:-Պատերազմն անմարդկային երեւույթ է, այն միայն հակամարտող կողմերի կռիվ չէ, այն նաեւ անհայր մեծացած, որբացած երեխաներ են, մանկության քաղցրությունը չապրած երեխեք… Թող ոչ մի սերունդ պատերազմ չտեսնի:

 

♦♦♦

Տոնական տրամադրությունը նախարարությունում դեռ շարունակվում էր՝ երեխաները երգում էին, պարում, կավիճով նկարում: Նկարներում փոքրիկներն ամենաշատը պատկերել էին կապույտ երկինք, վառ դեղին արեւ եւ այդ ամենը պահող-պահպանող զինվորներին…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1292) 5.06.2019 - 11.06.2019, Բանակ և հասարակություն


06/06/2019