ՁԳՏԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՄԱՐՏԻ
Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է: ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 1948թ. կազմավորված զորախմբի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է աշխարհի թեժ, չլուծված հակամարտությունների գոտիներում, կարևորագույն առաքելություններից է նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը: Մեր երկիրը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, 2001թ. ձևավորեց ՀՀ խաղաղապահ ուժերը: Որպես պատերազմով անցած ու խաղաղության գինն իմացող երկրի «դեսպաններ»՝ հայ խաղաղապահներն այսօր իրենց կարևոր ներդրումն ունեն աշխարհի հակամարտ գոտիներում կայունության և խաղաղության ապահովման գործում:
Վերհիշելով դեռևս նոր ձևավորվող խաղաղապահ գումարտակի կազմավորման առաջին տարիները՝ խաղաղապահներն արձանագրում են. պատասխանատվությունը մեծ էր՝ հայ զինծառայողն առաջին անգամ մեր երկիրը ներկայացնելու էր միջազգային ասպարեզում:
-Բավականին դժվար ուղի անցանք, ինչպես մարտական պատրաստության, կադրերի ընտրության, ուսումնական գրականության համալրման, այնպես էլ խաղաղապահների՝ որպես մասնագետների, պատրաստության առումով,- հիշում է խաղաղապահ գումարտակի առաջին հրամանատար, ներկայիս Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը:- Այլ երկրներ ներկայացնող ստորաբաժանումների հետ փոխհամագործակցելի մասնագիտական հմտություններից զատ, կարևոր էր նաև անձնակազմի բոլոր անդամների՝ օտար լեզուների տիրապետելու խնդիրը: Ամենախիստ քննություններով անցնելուց հետո՝ ստորաբաժանումը համալրվեց փորձառու և բանիմաց զինծառայողներով:
Նորաստեղծ ստորաբաժանման առաջին առաքելությունն ու մարտական մկրտությունը Կոսովոյում էր: 2004թ. մարտի 17-ին, շուրջ հիսուն հազար ալբանացիներ, շրջափակելով պահպանված սակավաթիվ սերբական համայնքները, այրում էին սերբական ընտանիքներին պատկանող բնակարաններն ու քրիստոնեական եկեղեցիները: Երկաթյա մահակներով ու քարերով զինված ամբոխը փորձում էր հաշվեհարդար տեսնել տեղի սերբական ընտանիքների հետ: Այդ պայմաններում հայկական զորախումբը ոչ միայն չընկրկեց, այլև խառնամբոխի հարձակումներից մինչև վերջ պաշտպանեց սերբ բնակչությանը: Ավելի ուշ օգնության հասած ամերիկյան պարեկի զրահապատ մեքենաների օգնությամբ հայ խաղաղապահները կազմակերպեցին սերբական ընտանիքների ապահով տարհանումը:
Իրենց խնդիրը Կոսովոյում փայլուն կատարած հայ խաղաղապահները 2005թ. ներգրավվեցին Իրաքի կայունացման ուժերի կազմում իրականացվող խաղաղարար առաքելությանը: Չորս տարի շարունակ չդադարող պայթյունների ներքո մեր խաղաղապահներն ապահովեցին մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուների անվտանգությունը, ներգրավվեցին ականների հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներում:
Հետագա տարիներին և մինչև օրս հայկական զորախմբերը խաղաղապահ առաքելություններ են իրականացնում Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում և Սիրիայում: Առաքելությունների թվի ավելանալու հետ մեկտեղ՝ խաղաղապահ գումարտակն ընդլայնվեց՝ վերափոխվեց խաղաղապահ բրիգադի:
2018թ. բրիգադի կազմում ձևավորվեց կին խաղաղապահների դասակը, որի զինծառայողները, հաղթահարելով բոլոր դժվարությունները և անցնելով համապատասխան պատրաստություն, այսօր արդեն խաղաղապահ առաքելություն են իրականացնում Կոսովոյում: Ի դեպ, մասնագիտական տոնի կապակցությամբ կանանց դասակի հրամանատար Անի Հովհաննիսյանին շնորհվեց ավագ լեյտենանտի կոչում:
-Խաղաղապահ առաքելություններում իրավիճակներ են լինում, երբ զենք կիրառելը գրեթե անխուսափելի է,- ասում է «Զառ» ուսումնական կենտրոնի պետ, փոխգնդապետ Դավիթ Ալեքսանյանը: -Սակայն ամենաբարդ իրավիճակներում էլ հայ խաղաղապահները փորձում են խաղաղ բանակցությունների միջոցով լուծել բախումը: Մեր զորախմբերի զինծառայողները նման դեպքերում միշտ աչքի են ընկնում ոչ ստանդարտ, նախաձեռնողական գործելաոճով: Խաղաղապահ առաքելությունների ընթացքում մեծ է անկանխատեսելի, սրընթաց զարգացող իրավիճակների հնարավորությունը: Կոսովոյում առաքելության ընթացքում ամերիկյան զորքը մի օր շրջափակման մեջ ընկավ. սերբերից կազմված ամբոխը ցույցի էր դուրս եկել ու շուրջկալել էր նրանց: Պետք էր անհապաղ օգնության հասնել: Որպեսզի մոտենայինք նրանց, պետք է անցնեինք ցուցարարների շարքերի միջով: Որպես հրամանատար՝ որոշում ընդունեցի և միայն զրահաբաճկոնով՝ առանց զենքի, զինվորի ուղեկցությամբ մոտեցա նրանց: Ցույցի ղեկավարներից մեկը քաշեց համազգեստիս թևքի դրոշը. «Էրմենիա՞»,- ասաց: «Այո՛»: «Քրիստոնյա՞»: «Այո՛, քրիստոնյա ենք: Ի՞նչ է պատահել, ինչո՞վ օգնենք»: Մի քիչ զրուցեցինք, ներկայացրին իրավիճակը, համաձայնության եկանք, ճանապարհը սահուն բացվեց: Ամերիկացիների զարմացած հայացքների տակ մեր մեքենաների շարասյունը ամբոխի միջով հանգիստ մոտեցավ իրենց: Այս գործողությունը հետագայում ղեկավարության բարձր գնահատանքին արժանացավ: Իհարկե, նման որոշումները միշտ էլ ռիսկային են: Սակայն խաղաղապահի մասնագիտությունը առանձնահատուկ է հենց նրանով, որ թեև զենք ենք կրում, բայց ցանկացած գնով պետք է փորձենք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները»:
Մինչև առաքելությունների մեկնելը՝ խաղաղապահ զորախմբերի զինծառայողները հատուկ պատրաստություն են անցնում «Զառ» ուսումնական կենտրոնում: Այստեղ իրական մարտական պայմաններին հնարավորինս մոտ պայմաններում վարժանքներ են իրականացվում: Այս գործում անգնահատելի է «Մայլս» համակարգի կիրառումը: Սա հնարավորություն է տալիս հետևելու համակարգի սարքավորումներով իրականացվող զորավարժություններին, մասնակից ստորաբաժանումների տեղաշարժին, գործողություններին և միևնույն ժամանակ իրականացնելու զորավարժության արդյունքների վերլուծությունը:
Այժմ «Զառ» ուսումնական կենտրոնում աշխատանքներ են տարվում նաև զինված ուժերի այլ ստորաբաժանումների վերապատրաստման ուղղությամբ: Այսօր կենտրոնի փորձառու հրահանգիչների շարքում են նաև երիտասարդ և տարբեր առաքելություններում իրենց լավագույնս դրսևորած սերժանտները: Մարտերի վարման ներկայիս փոփոխվող ու անսպասելի իրավիճակներում արագ կողմնորոշվող զինծառայողներ պատրաստելու գործում նրանք անում են առավելագույնը: «Այս ամենը միտված է իրական պատերազմական իրավիճակներին հնարավորինս պատրաստ լինելուն, սխալներից խուսափելուն»,- նշում է փոխգնդապետ Դավիթ Ալեքսանյանը:
Մինչև խաղաղապահ առաքելություններում ներգրավվելը, խաղաղապահ զորախմբերը Օպերատիվ կարողությունների հայեցակարգի համապատասխան՝ անցնում են ՆԱՏՕ-ի հավաստագրման փուլերը:
-Հոկտեմբեր ամսին պլանավորված է մեր առաջին հրաձգային գումարտակի կարողությունների գնահատմանը միտված զորավարժությունը՝ Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում,- ասում է գնդապետ Տոնոյանը: -ՆԱՏՕ-ի գնահատող խմբերը, ինչպես նաև մեր ԶՈՒ գնահատող խումբը կարժևորեն խաղաղապահ ստորաբաժանման ունակությունները: Սա նույնպես կարևոր շրջափուլ է, քանի որ մեր առջև դրել ենք նաև խաղաղապահ առաքելություններում գումարտակի լիարժեք կազմով ընդգրկվելու խնդիրը:
Նշեմ նաև, որ չնայած առաքելություններին մասնակցելը մեր գերակա խնդիրներից է, բայց մեր բրիգադը ի զորու է ստանձնելու նաև մեր երկրին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում հայրենիքի սահմանների պաշտպանի առաքելությունը:
…Մասնագիտական տոնի կապակցությամբ մայիսի 31-ին խաղաղապահ բրիգադում անցկացված հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Շնորհավորելով խաղաղապահներին՝ բարձր գնահատեց միջազգային ասպարեզում խաղաղություն հաստատելու, մեր երկիրն ու զինված ուժերը արտասահմանյան երկրներում ըստ արժանվույն ներկայացնելու խնդրում զորատեսակի գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով վստահության և գնահատանքի խոսքերի համար՝ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանն իր հերթին վստահեցրեց, որ հայ խաղաղապահները այսուհետ ևս պատվով ու նվիրումով են շարունակելու ծառայությունը, բարձր են պահելու հայ զինվորականի անունն ու պատիվը:
Խաղաղապահների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառման ավարտին շնորհակալագրերով, պատվոգրերով և դրամական պարգևներով խրախուսվեցին բրիգադի անձնակազմի՝ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ: Իսկ հանդիսավոր միջոցառման ավարտին հյուրերը՝ բարձրաստիճան սպաներն ու զինծառայողների ընտանիքների անդամները, հնարավորություն ունեցան ծանոթանալու խաղաղապահ ուժերի սպառազինության ու հանդերձանքի նմուշներին, «Մայլս» համակարգի գործարկման առանձնահատկությունները ներկայացնող դիդակտիկ նյութերին և ճաշակելու դաշտային խոհանոցի ճաշատեսակները:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #21 (1292) 5.06.2019 - 11.06.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում