Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ



ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄՄարտական դիրքի վերջին հենակետում անձնակազմը հսկում է հակառակորդի միանգամից մի քանի հենակետերի շարժն ու գործողությունները, հայ դիրքապահների նշանառության ներքո են նաև հակառակ կողմի ենթակառուցվածքները, կարևոր նշանակության օբյեկտները։ Այստեղից արձանագրում են խախտումները, հակառակորդի գործողությունները, այստեղից էլ տալիս պատասխանը՝ անմիջապես և լռեցնող կրակով։ Շուրջօրյա հերթապահությունն իրականացնում են միմյանց փոխարինելով, գրանցամատյանում նշումներ են անում, գրառումներ կատարում, արձանագրում հակառակորդի յուրաքանչյուր տեղաշարժ։ Անհրաժեշտության դեպքում հաջորդ քայլն է՝ զեկույցը վերադասին կապի միջոցով։

Մարտական դիրքերում կարևոր և առաջնային են ոչ միայն դիտարկումն ու զգոնությունը, այլև անվտանգության կանոններին խիստ հետևելն ու զգուշավորություն պահպանելը։ Դիրքապահներն իրենց պարտականությունները սերտել են, հանդերձավորվել, զենքը մարտական վիճակում պահել։ Անձնակազմն իր մարտունակությունը մշտապես բարձրացնում է, փորձն ավելացնում մարզումներով ու ուսումնական տագնապներով։ Այս վարժանքների շնորհիվ յուրաքանչյուրը գիտի անհրաժեշտ պահին և արագ հակահարձակման անցնելիս որ դիտակետում դիրքավորվել և ինչպես մարտ վարել։

Խրամատային ծառայությունը զինված ուժերի հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Բարձրաստիճան սպաները, զորատեսակների պատասխանատուները պարբերաբար են այցելում զորամասեր, դիրքեր, իրականացնում ստուգումներ։

Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գնդապետ Վ. Նշանյանը այս օրերին դիրքերում է, զրուցում է անձնակազմի հետ, հետևում հերթապահությանը։ Համալիր ստուգումների ընթացքում զորքերի պետը ծանոթացել է նաև զինծառայողների սպառազինությանն ու անվտանգության միջոցներին, դրանց պահպանությանը։ Հրամկազմի ուշադրության կենտրոնում նաև դիրքապահների բարոյահոգեբանական վիճակն է։ Թե ինչպիսին է տրամադրությունն ու նվիրումը դիրքերում, կարելի է հասկանալ առանց հարցնելու` արձանագրելով դիրքի կահավորումը, բարեկարգումն ու հատկապես մատուռը, որը կառուցել են իրենք՝ պայմանագրայինները։

Դիրքի թիկունքում պայմանագրայինների ծննդավայրն է, սահմանամերձ համայնքներն են։ Այստեղից էլ ապահովում են համագյուղացիների անվտանգությունն ու տեղաշարժը։ Յուրաքանչյուրն է արձանագրում. հրադադարի խախտումները կասեցնելու են անմիջապես, խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակին պատասխանելու են համարժեք և… անհամարժեք գործողություններով։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #22 (1293) 12.06.2019 - 18.06.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/06/2019