ՀԻՎԱՆԴԻՆ ՀՈՒՅՍ ՈՒ ԿԱՄՔ ՀԱՂՈՐԴՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԸ
Նրանցից նախ և առաջ դիմացինի ցավը համապրելու, այն մեղմելու ունակություն է պահանջվում: Իզուր չէ, որ առաջին քույրերն սկսել են գործել եկեղեցու հովանու ներքո և կոչվել են «գթության քույրեր»: Բժշկի աջ ձեռքը լինելուց զատ, բուժքույրերը գործ ունեն տարբեր ծանրության հիվանդների հետ, որոնք նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն: Նրանք հաճախ անքուն գիշերներ են անցկացնում հիվանդ զինվորականների կողքին: Երբեմն հոգատար քրոջ պես կիսում ցավը, իսկ երբեմն էլ՝ մեծ քրոջ խստությամբ առողջանալու կամք հաղորդում հիվանդին:
Իսկ երբ խոսքը վերաբերում է զինվորական բուժքրոջը, կարևոր այս մարդկային ու մասնագիտական հատկանիշներին գումարվում են նաև անձնուրացությունն ու խիզախությունը, չէ՞ որ, անհրաժեշտության դեպքում, նրանք դաշտային հոսպիտալի կազմում պետք է բացազատվեն մարտական գործողությունների շրջանին մոտ և կատարեն իրենց խնդիրը:
Այս տոկուն, աշխույժ, գեղեցիկ ու միշտ դրական էներգիա ճառագող բուժանձնակազմին հանդիպել եմ ռազմական բժիշկների զորավարժությունների ժամանակ ու միշտ զարմացել եմ, թե բնակլիմայական ամենատարբեր ու ամենաբարդ պայմաններում ինչպե՞ս են կարողանում իրենց պարտականությունները արագ ու հմտորեն կատարելու հետ մեկտեղ պահպանել կենսուրախությունը: Ի դեպ, այսօր արդեն բուժքույրերի անձնակազմը Կենտրոնական զինվորական հոսպիտալից զատ ներգրավված է նաև դաշտային շարժական հոսպիտալի (ԴՇՀ) կազմում, որ ոչ միայն Հայաստանի, այլև ռազմական բժիշկների միջազգային զորավարժություններին է մասնակցում:
Անուշ Գևորգյանը Կենտրոնական զինվորական հոսպիտալում է 1997թ.-ից. վիրակապարանի բուժքույր է: 2007թ. ընդգրկվել է նաև դաշտային շարժական հոսպիտալում: «Մեր երկրի սահմաններից դուրս առաջին զորավարժությունը, որում ներգրավվել ենք, Գերմանիայի Դաշնության Հոհենֆելս կոմունայի զորավարժարանում էր: Որպես առաջին նման զորավարժության մասնակցողի` մեզ` հայերիս, ամենալուրջ փորձությունների ենթարկեցին: Տագնապը հնչում էր հինգ րոպեն մեկ, նաև` գիշերը»,-Ժպիտով հիշում է բուժքույրը:
Անուշի մշեցի պապը Անդրանիկի զինվորն է եղել: Անուշի հորեղբայրն ու հորաքույրը Հայրենական պատերազմի մասնակիցներ են: Եղբայրը Արցախյան պատերազմի սկզբից անդամագրվել ու կռվել է Հատուկ գնդի կազմում: Քույրը իր պես զինվորական բուժքույր է եղել: Այժմ էլ քրոջ որդիներն են զինվորական: «Ինքս ապրում եմ մենակ, լիովին նվիրվել եմ գործիս»,- ժպիտով եզրափակում է Անուշը:
Ալլա Նահապետյանը Կենտրոնական զինվորական հոսպիտալում ծառայում է որպես վերակենդանացման բաժանմունքի գլխավոր բուժքույր: «Երբ ծառայության անցա, հետպատերազմյան շրջանն էր, դեռ շարունակվում էր վիրավորների հոսքը հոսպիտալ»: Զինվորական գործի հանդեպ սերը Ալլային փոխանցվել է զինվորական քեռիներից: Քույրն ու վերջինիս ամուսինը նույնպես զինվորականներ են: «Մասնագիտությանս ընտրությունը ընտանիքիս համար ճակատագրական եղավ, քանի որ ինձ շատ քիչ են տեսնում տանը»,- ասում է բուժքույրը,- չգիտես՝ ափսոսանքո՞վ, թե՞ իր մասնագիտական պարտքը գիտակցող մարդու հպարտությամբ:- Այն զորավարժության ժամանակ, որի մասին պատմում էր Անուշը, մեզ անակնկալի բերեցին` ասացին, որ պետք է գիշերենք դրսում, քանի որ «թշնամին» գրավել է տարածքն, ու մենք չենք կարող այդտեղ բացազատվել: Մեր խմբի հրամանատար Գեղամ Փաշիկյանը պատասխանել էր` «Եթե աղջիկները համաձայնեն` լավ»: Հասկանում էինք, որ սա մեր ոգու ուժի փորձարկումն էր: Միաբերան ասացինք` «Իհարկե, համաձայն ենք»: Տարվա բոլոր եղանակները րոպեների ընթացքում հաջորդում էին միմյանց: Գիշերը հորդառատ անձրևի տակ անցկացրինք: Հաջորդ օրը գերմանական հեռուստատեսությունից եկան մեզ նկարահանելու,- ժպտալով պատմում է Ալլան:- Զորավարժություններից մեկին պարաշյուտով թռիչքի ժամանակ ամերիկյան բանակից մի սպայի ոտքն էր վնասվել: Մեր վնասվածքաբանը` Վահե Պետրոսյանը, միայն արտաքին զննումով ճշգրիտ ախտորոշում կատարեց` սրունք-թաթային կոտրվածք: Նրա աշխատանքին հետևող գերմանացի բժիշկների համար անհասկանալի էր, թե ինչպե՞ս է հնարավոր միայն շոշափելով, առանց ռենտգեն հետազոտման ախտորոշել: Հոսպիտալում ախտորոշումը հաստատվեց: Հաջորդ օրը մեր բժշկին հատուկ շնորհակալություն հայտնեցին»:
Աննա Մարտիրոսյանը 2004թ.-ից ԿԶՀ-ի վերակենդանացման բաժանմունքում է: 2007թ.` հիմնադրման օրվանից նաև Դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմում է: «Վրաստանի զորավարժությունը միակն էր,-պատմեց նա,- որի ընթացքում միայն իրական հիվանդներին էինք բուժօգնություն ցուցաբերում: Մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 11 այլ երկրի բժշկական խմբեր: Ի դեպ, իմանալով, որ բուժօգնություն իրականացնողները լինելու են հայազգի բժիշկները, Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաժարվել էր մասնակցել: Մեր բժիշկների խումբն այստեղ շատ բարձր գնահատականի արժանացավ: Զորավարժության ավարտին Վրաստանի պաշտպանության նախարարի կողմից մեդալների արժանացանք:
Իրինա Երեմյանը ծառայում է Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: ԴՇՀ-ում ներգրավվել է 2011թ.: «Հետաքրքիր հիշողություններ կան, հատկապես 2018թ.-ին կայացած զորավարժությունից, երբ բացազատվեցինք գերմանական Ամբերգ քաղաքում: Ամբողջ գիշեր հիվանդներ էինք ընդունում, բացի պայմանականներից, կային նաև իրական հիվանդներ: Շատ փոքր տարածքում բացազատել էինք մեր «Լյուբավա» վրանները, որոնք նախատեսված են քնելու համար, սակայն մենք դրանք օգտագործում էինք հիվանդներ ընդունելու համար` վերակահավորել էինք ընդունարանի, նախավիրահատարանի, վիրահատարանի: Իսկ մենք քնում էինք դրսում` սնկերի պես՝ իրար կողքի»,-ծիծաղում է Իրինան:
Ծնվել է Ստեփանակերտում: Մայրը Հադրութի շրջանից է, հայրը` Լաչինի: Հայրը` Ալյոշա Երեմյանը, 1988թ. Շարժման, հետագայում նաև` պատերազմի մասնակից է եղել. «Հիշում եմ, 1990 թ., երբ որպես ջոկատի հրամանատար կռվում էր Տեղ գյուղում, մեզ տեղափոխեց այնտեղ: Երբ հարցնում էին`՝ «Ինչո՞ւ ընտանիքդ բերեցիր այս կռվի բերանը», պատասխանում էր. «Որտեղ ես, այնտեղ էլ ընտանիքս»: Հայրս զոհվեց 1994թ.` Քարվաճառում: Նաև հորս հետ պատահածն է ինձ հուշել հենց այս մասնագիտությունն ընտրել. նա վիրավորվել էր ոտքից, և հնարավոր չէր եղել վերքը լավ մշակել…»։
Քրիստինա Ներսիսյանը բժշկական գումարտակի գլխավոր բուժքույրն է: Նրա ամուսինը Արցախյան պատերազմի մասնակից է եղել. վիրավորվել է Քարվաճառի համար մղվող մարտերից մեկում, ավելի ուշ՝ զոհվել ստացած ծանր վնասվածքից: «Դեռ փոքր ժամանակվանից աղջիկներս ինձ աշխատանքի ճանապարհելիս ասում էին` «Մաման բանակ է գնում»,- պատմում է Քրիստինան։- Հիմա մեծս ինքն էլ զինվորական է. ծառայում է Խաղաղապահ բրիգադում: Մի բան ենք նկատել,-շարունակում է ժպիտով.- որքան դժվար են լինում պայմանները, այնքան բուժանձնակազմով ավելի համախմբված ենք լինում, ու ավելի աշխույժ ու հագեցած է անցնում ժամանակը: Մի տրտունջ, բողոք չես լսի: Զորավարժությունների ժամանակ այլազգի մասնակիցները միշտ զարմանքով են նայում մեր անձնակազմին` «Սրանք հոգնել չունե՞ն»: Փորձում են պարզել մեր էներգիայի «ավելցուկի» ակունքները: Ի վերջո, որոշեցին, որ հայկական սուրճի կոֆեինն ուրիշ է, ավելի թունդ է: Հրամանատարին մի անգամ հարցրել էին. «Կարո՞ղ է՝ երկու խումբ է մասնակցում զորավարժությանը, մեկը հանգստանում է, մյուսը` թարմ ուժերով անցնում գործի»:
♦♦♦
Բուժքույրերին բնորոշ է նվիրվածությունը։ Եթե հիվանդը երեխայիդ տարիքին է, մոր պես ես վերաբերվում, եթե եղբորդ տարիքին է` որպես քույր, տարիքով մեծ է` ինչպես ծնողիդ:
«Երբ վիրավոր կամ հիվանդ զինվորին բերում են ցավի նոպաների մեջ,- ասում է Ալլան,- առաջինը, որ տեսնում ես, նրա` օգնություն աղերսող հայացքն է: Այդ պահին պետք է ամեն ինչ մոռանաս և առաջին հերթին լավատեսություն ներշնչես: Երբ ժպտում ես, ասում ես` «Կանցնի՛, չմտածե՛ս: Տե՛ս, հիմա ի՜նչ դեղ եմ ներարկելու…», վիրավորի դեմքի արտահայտությունն անմիջապես փոխվում է: Իսկ երբ լարվածությունը նահանջում է, ապաքինումն ավելի արագ է ընթանում»:
Բուժքույրերը, որ ամեն օր շփվում են զինվորների հետ, համակարծիք են մի հարցում, այն է՝ մեր զինվորը հոգեպես ամենազորեղն է: Ասում են` հաճախ հենց նրանք են մեզ «դուխ տալիս»: «Երբ ծանր վիճակում զինվոր են բերում, որքան էլ փորձում ես դիմախաղով ցույց չտալ զգացմունքներդ, երբեմն չես կարողանում զսպել արցունքներդ, տղերքը գոտեպնդում են. «Բժշկուհի՛ ջան, հանգիստ գործդ արա, չի ցավում»,- ասում է Ալլան: Բուժքույրերն առանձնակի ջերմությամբ ու շնորհակալությամբ են հիշում հատկապես մեր փառապանծ սպային` Սարգիս Ստեփանյանին, որը ապրիլյան քառօրյայից հետո այցելում էր վիրավոր, վերջույթ կորցրած տղաներին ու իր հզոր էներգետիկայով վարակում նրանց, հույս ներշնչում, որ անգամ մեկ առողջ վերջույթ ունենալով` մարդն ի զորու է շատ բաներ անելու: Բուժքույրերն անկեղծանում են. իրենցից յուրաքանչյուրի կյանքում դժվար պահեր, ծանր ու ջլատող օրեր են լինում: Բայց, երբ շփվում են նման զորեղ անհատականությունների հետ, իմաստավորվում է ամեն ինչ:
«Ո՞րն է ձեր դժվար ծառայության վարձատրությունը» հարցն ինքնըստինքյան է առաջանում: «Ամենամեծ վարձատրությունն ու երջանկությունն այն է, երբ ամենածանր վիճակում հոսպիտալ բերված զինվորը կամ սպան իրենց ոտքով այցելության են գալիս մեզ: Դրանից ավելի մեծ ուրախություն չկա»,- մեկը մյուսին լրացնելով՝ ասում են մեր զինվորական բուժքույրերը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #23 (1294) 19.06.2019 - 25.06.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում