Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՈՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



«Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Արցախից չեմ վերադառնա տուն»

ԿԱՐՈՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸԿԱՐՈՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԿՐՏՉՅԱՆ

(Ջամբազի Արծիվ)

(1964-1992)

 

Սովորել է (1971-1981) Պռոշյանի միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել և ավարտել է (1982-1989) Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ:

Կարոտը Արցախյան շարժման առաջին իսկ օրից զինվորագրվել է Հայոց ազատամարտին: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

1990 թ-ից եղել է Նաիրիի շրջանի ՀՅԴ մարտախմբերի ընդհանուր հրամանատարը: 1990 թ. Կարոտի գլխավորած մարտախումբը Հայաստանի սահմանամերձ Նոյեմբերյանի պաշտպանական հենակետերից վերադառնալուց հետո մեկնում է Շահումյանի շրջան,  համալրում  Շահեն Մեղրյանի գլխավորած ինքնապաշտպանական ուժերի մարտաշարքերը:

Շահումյանի շրջանում Կարոտը զինակիցների՝ Պետոյի և Հրաչի համագործակցությամբ կազմակերպում ու մարզում է մարտական խմբեր, սովորեցնում տիրապետելու զենքերին ու տարբեր մարտարվեստների:

 1991 թ. ապրիլին Կարոտի գլխավորած մարտախումբը Գետաշենից մեկնում է Մարտունաշեն, ուր Սիմոն Աչիկգյոզյանի գլխավորած «Արաբո» ջոկատի հետ միասին ձեռնամուխ է լինում կազմակերպելու գյուղի ինքնապաշտպանությունը:

Ապրիլի 30-ին Կարոտի գլխավորած մարտախումբը ու Սիմոն Աչիկգյոզյանի «Արաբո» ջոկատի ազատամարտիկները մղում են աննախադեպ հերոսական կռիվ խորհրդային բանակի զինվորների և ազերի ՕՄՕՆ-ի դեմ:

1991-1992 թթ. Կարոտի հրամանատարությամբ գործող մարտական խումբը մասնակցել է Լեսնոյի, Ումուդլուի, Փարուխի, Մալիբեյլի գյուղերի և Շահումյանի շրջանի մարտերին ու մշտապես գործելով կռիվների ամենապատասխանատու հատվածներում՝ արժանացել է հրամանատարության բարձր գնահատականներին ու գովասանքին:

 

1992 թ. հունիսի 13-ն էր: Արցախյան ազատամարտի արդեն իսկ քառամյա պատմության ամենաողբերգական օրերից մեկը: Լրատվության զանգվածային միջոցները պարբերաբար ազդարարում էին ԼՂՀ Շահումյանի շրջանի բռնազավթման ու հայաթափման անհավատալի ու չարագուշակ լուրը:

Հարկ է նշել, որ այդ օրերին հայությունը սրտատրոփ ու անհամբերությամբ սպասում էր Գետաշենի ու Մարտունաշենի ազատագրումն ավետող լուրերին: Բայց կատարվեց հակառակը: Գրեթե անհնարին էր հավատալ, որ ադրբեջանցիները, թեև ունենալով թվական ու զինական գերակշռություն, կկարողանային գրավել Շահումյանի շրջանը: Չէ՞ որ իր հայդուկներով այնտեղ էր հայդուկապետ Շահեն Մեղրյանը, իսկ Բուզլուխի ուղղությամբ, Ջամբազի լեռնալանջերի պաշտպանական հենակետերում էր իր քաջակորով զինակիցներով շրջանի բովանդակ բնակչության և ինքնապաշտպանական ուժերի կողմից անառարկելի հարգանք ու հեղինակություն վայելող Կարոտը:

Մինչ Շահումյանի շրջան մեկնելը, Կարոտն ու նրա ջոկատի ազատամարտիկները շատ էին ցանկանում մասնակցել Շուշիի ազատագրման գործողությանը: Բայց ընդառաջելով Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության և անձամբ Շահեն Մեղրյանի համառ պահանջներին ու խնդրանքներին՝ Կարոտի ու Պետոյի գլխավորած ջոկատը մեկնում է Շահումյանի շրջան: Մեկնելու նախօրեին Կարոտը, կարծես անխախտ երդման խոսք, հաստատակամորեն պնդում էր. «Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Արցախից չեմ վերադառնա տուն…»:

Բոլոր այն շահումյանցիները, ովքեր ճանաչում էին նրանց, ուրախ էին և ոգևորված նրանց վերստին իրենց շարքերում տեսնելու իրողությունից: Միմյանց հանդիպելիս, որպես բարի ավետիս,  գոհունակությամբ հաղորդում էին. «Կարոտն ու Պետոն են եկել…»:

Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը, հաշվի առնելով շրջանի աշխարհագրական դիրքն ու տեղանքի առանձնահատկությունները, մարտական խմբերը կենտրոնացնում է հիմնականում արևելյան՝ Ղարաչինար, հարավային՝ Հայ Բարիս, և արևմտյան՝ Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ ուղղություններում: Հենց այդ ուղղությամբ ձգվող լեռների ամենաբարձր՝ Ջամբազի լեռնագագաթի  29-րդ հենակետում պաշտպանական դիրքեր են գրավում նաիրցի ազատամարտիկները, իսկ նրանց հարևանությամբ՝ Ջամբազի  25-րդ հենակետում, Սասուն Սիմոնյանի գլխավորած ալավերդցիների խումբը: Վերոհիշյալ մարտախմբերը գործելու էին Կարոտի ընդհանուր հրամանատարությամբ:

Շահումյանում հանգրվանած ազատամարտիկների գլխավոր նպատակը, ձգտումներն ու ցանկությունը Գետաշենի ու Մարտունաշենի օր առաջ ազատագրումն էր:

Գետաշենի գրավումը ռազմավարական առումով կարևոր նշանակություն ուներ: Նախ՝ Գետաշենը Արցախի հյուսիսային դարպասն էր, և պատերազմական իրավիճակում ԼՂՀ տարածքը առավել նպատակահարմար և արդյունավետ կլիներ պաշտպանել հենց այդ բնագծում, քան թե Շահումյանում կամ հանրապետության այլ շրջաններում: Իսկ ժամանակն անցնում ու աշխատում էր հօգուտ ադրբեջանցիների: Արդեն նկատվում էր, որ աստիճանաբար նոր ուժեր էին կենտրոնանում Գետաշեն և Սարիսու գյուղերում:

Չնայած ուժերի հարաբերակցությունը գնալով փոխվում էր, սակայն Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը, ելնելով Գետաշենի ու Մարտունաշենի ազատագրման հույժ կարևորությունից, այնուամենայնիվ, մշակում է այդ գյուղերի գրավման գործողության ծրագիր, որը նախատեսվում էր իրականացնել հունիսի 13-ին:

Ռազմական վերջին խորհրդակցության ժամանակ Շահեն Մեղրյանն արդեն ձեռքի տակ ունենալով հակառակորդի ուժերի և մտադրությունների մասին նոր և որոշ ճշգրտված տվյալներ՝ զգուշացնում է մարտական ջոկատների հրամանատարներին հաջորդ օրը սպասվելիք հնարավոր խոշորածավալ կռիվների մասին, բայց Շահումյանում դեռևս ոչ ոք չէր կարող գուշակել, որ ընդամենը մի քանի ժամ անց իրենց դիրքերի վրա ձեռնարկվող գործողությանը թշնամու կողմից մասնակցելու է Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղաբաշխված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկը:

Հունիսի 13-ին, ժամը 16: 40-ին, հրետանային հզոր նախապատրաստությունից հետո, թշնամու հետևակը ավելի քան 100 զրահապատների, հրետանու և ավիացիայի աջակցությամբ գրոհում է մեր մարտիկների պաշտպանական դիրքերի վրա: Ընդ որում, հարձակումը բոլոր՝ Ղարաչինար, Հայ Բարիս, Էրքեջ-Մանաշիդ-Բուզլուխ ուղղություններով իրագործվում է միաժամանակ:

Կարոտը Պետոյին հանձնարարում է պռոշյանցիների ուժերով փակել բաց տարածքը, իսկ ինքը մեկնում է Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի կենտրոն: Որպես պաշտպանական այդ տեղամասի հրամանատար՝ նա պետք է առավելագույնս տեղեկանար ծավալվող իրադարձությունների մանրամասներին և կազմակերպեր հենակետերին ցույց տրվող անհրաժեշտ օգնությունը:

…Մարտադաշտում գործողությունները ծավալվում են աննախադեպ արագությամբ: Հզոր հարվածներ տեղալով ինքնապաշտպանական ուժերի դիրքերին՝ հակառակորդի հրասայլերը, զրահամեքենաներն ու հետևակը աստիճանաբար մոտենում են պաշտպանական այն հատվածին, ուր դիրքավորվել էին Կարոտի ջոկատի ազատամարտիկները:

Թշնամու հաշվարկը ճիշտ էր: Հսկայական քանակի հրասայլեր ու զրահամեքենաներ նետելով մարտադաշտ և թնդանոթներից ու «Գրադ» կայանքներից կրակե հեղեղ տեղալով Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի դիրքերին՝ ստիպում է մեր մարտիկներին կատարելու տվյալ իրավիճակում թերևս միակ, բայց Շահումյանի ապագայի համար ճակատագրական քայլը: Ավելի քան ութ ժամ մարտնչելով՝ մեր ազատամարտիկները վերջին անգամ հակահարված տալով զրահամեքենաների աջակցությամբ իրենց հենակետերը գրոհող թշնամու հետևակին՝ թողնում են դիրքերը:

Կարո՞ղ էին արդյոք Շահումյանի ինքնապաշտպանական ուժերը հուսալիորեն պաշտպանել դիրքերը և թույլ  չտալ հակառակորդին գրավելու ու հայաթափելու Շահումյանի շրջանը:

«Շահումյանի ինքնապաշտպանական ուժերը,- վերհիշում է Ռոմիկ Մարգարյանը (այժմ ՊՆ թիկունքի վարչության պետ, գնդապետ),  կռվել են՝ ինչքան հնարավոր էր: Մեր դիրքերի վրա ադրբեջանական ՕՄՕՆ-ի համագործակցությամբ հարձակվում էր խորհրդային բանակի մեքենայացված դիվիզիաներից մեկը: Եթե մենք այդ ճակատագրական պահին նույնիսկ հրաշքներ գործեինք, ապա մեր ունեցած սահմանափակ մարտական ուժերով դարձյալ չէինք կարողանա երկար ժամանակ դիմակայել տասնյակ զրահատեխնիկայով հագեցած մի ամբողջ դիվիզիայի հարձակմանը»:

Այն պահին, երբ թշնամին արդեն գրավել էր Ջամբազի պաշտպանական հենակետերը, Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի կենտրոնից, մի փոքրիկ ջոկատի գլուխ անցած, դեպքերի վայրն է հասնում Կարոտը:

Այդ պահին տղաները արդեն դիրքերից իջել էին:  Այն, ինչ արդեն կատարվել էր, շանթի հարվածի ներգործություն է ունենում Կարոտի վրա: Հենակետերը թշնամին գրավել էր, իսկ տղաներից ոմանց ճակատագիրն անհայտ էր: Կարո՞ղ էր նա հաշտվել նման իրավիճակի հետ: Նա փորձում է դիրքերից իջած ազատամարտիկներին համոզել, որ անհրաժեշտ է բարձրանալ և հետ գրավել հենակետերը:

«Շահումյանից հետո,- ասում է Կարոտը,- Արցախի դարպասը բաց է մնալու: Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ թուրքերը տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»:

Նա վճռում է բարձրանալ հենակետերը և անձամբ տեսնել ու գնահատել ստեղծված կացությունը: Նրա կատարած այդ քայլը գուցե և շատերի համար ինչ-որ տեղ անհասկանալի թվար, բայց Կարոտի նման նվիրյալ ու քաջակորով զինվորի համար ստեղծված իրավիճակում թերևս այլընտրանք չկար: Այո՛, նա անպայմանորեն պետք է փորձեր բարձրանալ և անձամբ համոզվել:

Մեն-մենակ բարձրանալով և ճանապարհին դիպուկ հարվածներով գետնին փռելով իր դեմ ելած թշնամու մի քանի զինվորների՝ Կարոտը հանդիպում է իր իսկ հրամանով նույն հենակետը բարձրացող Մուշեղին: Երկուսով շարունակում են բարձրանալ դեպի Ջամբազ, սակայն նրանց ճանապարհը փակում է թշնամու հետևակը, և սկսվում է անհավասար մարտը:

«Մինչև գնդացրի վերջին փամփուշտը, – պատմում է Մուշեղը,- կռվեցինք: Իսկ երբ արդեն վերջացել էին գնդացրի փամփուշտները, և այլևս անհնարին էր դիմադրելը՝ Կարոտն ասաց. «Գլորվելով ցած ենք իջնում…»: Այդպես էլ վարվեցինք: Գլորվելով իջնելու ընթացքում Կարոտը մի քանի անգամ բարձրանում էր և ինքնաձիգից հարվածներ տեղում վերևում երևացող թշնամու զինվորների վրա: Նրա մոտ դեռևս մի քանի պահունակ փամփուշտ կար…»:

Իջնելու ժամանակ Մուշեղը ծանր վիրավորվում է և, բարեբախտաբար, ընկերներին հաջողվում է ժամանակին գտնել և օգնություն ցույց տալ նրան, իսկ Կարոտը որևէ կերպ չհամակերպվելով կատարված իրողությանը՝ դարձյալ փորձում է բարձրանալ հենակետ, ուր անհայտության մեջ էին մարտական ընկերներ Գառնիկն ու Ալիկը: Բոլոր նրանք, ովքեր քաջ ծանոթ էին նրա մարտական կարողություններին, անգամ ծանրագույն իրավիճակում հանդուգն վճիռներ կայացնելու անհողդողդ կամքին ու վճռականությանը՝ միանշանակորեն ընդունում են, որ Կարոտը որևէ կերպ չէր կարող հաշտվել դիրքերը թշնամուն հանձնելու, առավել ևս՝ պարտության իրողությանը: Բուժականցի  Ֆելոյի (Սմբատ Երիցյանի) վկայությունից պարզվում է, որ Կարոտը կատարել է մի զարմանահրաշ քայլ, որ ընդունակ է իրագործել միայն խելահեղ քաջությամբ ու անսասան վճռականությամբ օժտված մարդը: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, նա այնուամենայնիվ աներկբայորեն վճռում է դարձյալ բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հավասարազոր էր ինքնազոհողության:

«Նա,- պատմում է Ֆելոն,- այնքան արագ ու վճռականորեն էր բարձրանում, որ ես չէի կարողանում հասնել նրա հետևից: Մեր միջև ընկած տարածությունը գնալով ավելանում էր»:

Բարձրանալու պահին նրանց արանքում պայթում է հրանոթի արկը, որի հարվածի ալիքը մի կողմ է գլորում Ֆելոյին:

«Երբ ես,- շարունակում է Ֆելոն,- ուշքի եկա, տեսա վերևում  նստած Կարոտին, որը սևեռուն հայացքով նայում էր հենակետերի ուղղությամբ: Հանկարծ նա ոտքի ցատկեց և առանց վարանելու մտավ այն խրամատը, որտեղ մեր ընկերներն էին մնացել: Մի քանի ակնթարթ անց արագորեն այնտեղից դուրս եկավ ու խոյացավ դեպի թշնամին»:

Սկսվում է անհավանական մենամարտը: Կարոտի ձեռքին եղել է ԱԿՄ ինքնաձիգ, որից ստեպ-ստեպ արձակած կրակահերթերը պարզորոշ զանազանվում էին հակառակորդի զինվորների արձակած կրակոցներից: Ավելի քան 15 րոպե է շարունակվել այդ զարմանահրաշ և գուցեև նախադեպը երբևէ  չունեցող, հիրավի հերոսական  գոտեմարտը: Տասնհինգ րոպե անց շրջապատում տիրապետողը քար լռությունն էր:

Առանց Գետաշենն ու Մարտունաշենն ազատագրելու նա չէր կարող վերադառնալ տուն, իսկ  առանց Շահումյանի արդեն բռնադատված շրջանի՝ առավել ևս:

Թշնամին ոչ մի ակնթարթ չթուլացնելով հարձակումը՝ մեկը մյուսի հետևից գրավում է Շահումյանի շրջանի գյուղերը, և հազարավոր շահումյանցիներ թշնամու ճիրաններից մազապուրծ՝ լքում են իրենց դարավոր բնակավայրերը և շարժվում դեպի Գյուլիստան:

Անվիճելի փաստ է՝ ինքնապաշտպանական խմբերը թեկուզև գերմարդկային կամք ու մարտական որակ դրսևորեին, միևնույն է, չէին կարող կասեցնել մեծաքանակ զրահամեքենաների և հետևակի գրոհները: Բայց անժխտելի է նաև, որ իրենց հերոսական դիմադրությամբ նրանք կարողացան ժամանակավորապես խոչընդոտել թշնամու առաջխաղացումը և ապահովել բնակչության անվտանգ տեղափոխումը Գյուլիստան, ապա Մարտակերտի շրջան:

Խորագիր՝ #24 (1295) 26.06.2019 - 2.07.2019, Ճակատագրեր


27/06/2019