ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ
ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն` ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն օրերս այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, ծանոթացել քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին, սննդի որակին:
Այցելության ընթացքում գնդապետ Ավետիսյանը հանդիպել է զորամասի հրամանատարության և սննդի մատակարարումն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի ապահովման օրական չափաքանակի վերանայման, սննդակարգում նոր մթերքների, մասնավորապես՝ մրգի և բանջարեղենի չափաբաժնի մեծացման հնարավորությունը:
Սննդի որակի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել նաև զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, դիտարկվել են նրանց առաջարկները: Ընդհանուր առմամբ, զինծառայողները գոհ են մատուցվող սննդի որակից և սննդակարգում արդեն իսկ կատարված փոփոխություններից:
Այցի արդյունքները ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարին:
Խորագիր՝ Նորություններ