ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների` ավարտական փաստաթղթերի և սպայական դաշույնների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ավարտական միջոցառմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:
Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ զինված ուժերում: Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր Արցախյան ազատամարտի ակունքներում են: Այսօր այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, ովքեր արդեն ծառայական բավական տպավորիչ ուղի և այդ տպավորիչ ուղին խորհրդանշող շքանշաններ ունեն: Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում:
Սպայական ծառայությունը թերևս կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև պահանջում է անվերապահ կամք և առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է: Եվ այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել ահա այդպիսի անկրելի թվացող ծանրություն: Լինել սպա, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ, լինել սպա նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, հրամանները պետք է լինեն արդարացված, հրամանները պետք է լինեն իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող, և հրամանները պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն Հայաստանի զինված ուժերին, Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը, ավելին՝ ուսադիրները, ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով, և այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկատմամբ իր ունեցած հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով:
Եվ ահա այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, մաղթում եմ, որ լինի առավել հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզնից յուրաքանչյուրի համար: Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունել ձեր շարքերում կանանց ներգրավվածությունը, որն արդեն բավական երկար տարիներ տեղ ունի մեր զինված ուժերում: Սա մեր հանրության վերափոխման կարևոր ցուցիչ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կանայք ունեն հսկայական ներուժ, կանայք մեր բնակչության մեծամասնությունն են, և մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ և արժանապատիվ ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետությանը, զինված ուժերում, պետական ծառայության, տնտեսության մեջ և ամենուր: Հասկանալով, որ ոչ բոլորը կհասնեն այդպիսի հաջողության՝ ուզում եմ ձեզ մաղթել, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ, և ուզում եմ մաղթել, որ այդ գործընթացը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, այլ ձեզնից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական:
Սիրելի՛ ներկաներ, ուզում եմ խոսել նաև խաղաղության մասին: Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն են, մեր բանակը, բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, մեզ հարկավոր է այնպիսի պետություն, մեզ հարկավոր է այնպիսի հասարակություն, որ բոլոր հնարավոր հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը և Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս անկախ նրանից, ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորներն ենք, և մեզնից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև Ազգային ժողով և կառավարության շենք, պետք է ծառայենք այդ առաքելությանը, մենք բոլորս, անկախ նրանից, թե ինչ ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր պատմության, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները, և կեցցե՛նք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները:
Եվ, ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը, և փա՛ռք մեր նահատակներին, և փա՛ռք մեր սպաներին ու զինվորներին, և փա՛ռք մեր սերունդներին, որոնք կրելու են մեր հաղթանակների պատիվը, որոնք բազմապատկելու են մեր հաղթանակները: Փա՛ռք ձեզ բոլորիդ և փառապանծ ծառայություն: Շնորհակալ եմ»:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների բակալավրի կրթական ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա և համալսարանների մեկամյա սպայական դասընթացների 2019 թվականի, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվերով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայի 260 շրջանավարտ:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում