ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Բարի մաղթանքով է սկսվում ու ավարտվում զորակոչային յուրաքանչյուր օր: Եվս տասը օր եւ զինուժի համալրման համապետական գործընթացը կավարտվի:
Զորակոչիկ Էրիկ Եփրեմյանը Երևանից է: Կազմ ու պատրաստ վաղ առավոտյան զինկոմիսարիատ է ներկայացել…
Էրիկն ու մյուսները ծառայության են մեկնում՝ իրենց հետ տանելով հարազատների ու ընկերների խորհուրդները՝ զգոն լինել, լսել հրամանատարներին և չհուսահատվել դժվարություններից:
Էրիկին ու մյուսներին զինկոմիսարիատի բակից ճանապարհում են բարձր տրամադրությամբ, երգուպարով: Սակայն մինչև հավաքակայան մեկնելը, երիտասարդները ևս մեկ կանգառ ունեն՝ եկեղեցի. հոգևոր օրհնություն են ստանում քահանայի շուրթերից: Քահանայի մաղթանքն է ու հորդորը. մեկը մյուսին թիկունք լինել, միասնաբար ու պատվով կատարել հայրենիքի պաշտպանի առաքելությունը:
Հոգեւոր հոր օրհնությունն ստանալուց հետո զինակոչիկները շարժվում են դեպի կենտրոնական հավաքակայան:
Հանրապետական հավաքակայանի անձնակազմը նորեկներին է սպասում։ Զորակոչիկները նախ դիմավորման կետում ստանում են պայմանական համարով անվանապիտակները:
Հաջորդ փուլը բուժզննությունն է: Եվս մեկ անգամ բժիշկները լսում են զինակոչիկների առողջական գանգատներն ու չափում ջերմությունը:
-Բուժզննության փուլն անցա, առողջական խնդիրներ չունեմ, և տրամադրությունս բարձր է,- ասաց Էրիկը:
Զինակոչիկ ու ապագա ծրագրավորող Էրիկ Եփրեմյանի հետ մանդատային հանձնաժողովի անդամներն մասնագիտական զրույց են ունենում, ստուգում գիտելիքները, հետո միայն կայացնում որոշումը՝ երիտասարդը կզորակոչվի ընդհանուր հիմունքներո՞վ, թե՞ կծառայի ուսումնական զորամասում:
-Հանձնաժողովն ինձ քննեց: Մաթեմատիկայից շատ հարցեր տվեցին, պատասխանեցի գերազանց, և հանձնաժողովը որոշեց, որ ես պետք է ծառայեմ ուսումնական տեխնիկական զորամասում:
Օրվա կեսին և մինչև համազգեստ ստանալը տղաները ճաշում են։ Զինվորական այս ճաշարանից դժգոհողներ չկան՝ ճաշացանկը հարուստ է, ընտրության լայն հնարավորությամբ։
-Սնունդը շատ համեղ է: Ուտում ես ու չես կշտանում: Երեւում է, որ սիրով են պատրաստել,- ասում է Էրիկը:
…Տղաները հանդերձավորվում են: Հավաքակայանի անձնակազմը յուրաքանչյուրին օգնում է ընտրել իր չափսերով համազգեստը և հանդերձավորվել զինվորական կարգով:
Արդեն զինվորական հանդերձանքով շարքային Եփրեմյանը շտապում է ներկայացնել առաջին զգացողությունները. հայոց բանակի համազգեստը կրելը պատիվ է ու հպարտություն, որով ոգեշնչված պետք է ծառայել ու անառիկ պահել հայրենիքի սահմանները:
-Ամեն հայ տղա պիտի ծառայի: Սա կյանքի դպրոց է, որտեղ կոփվում ես ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես,- անկեղծանում է Էրիկը:
Մոտենում է զորակոչային գործընթացի եզրափակիչ փուլը՝ հոգևոր սպասավորների ներկայությամբ, օրհնությամբ ու միասնական աղոթքով:
Վիճակահանության կարգին ծանոթանալուց հետո զորակոչիկները մեկ առ մեկ մոտենում են թմբուկներին և ընտրում այն զորամասը, որտեղ անցկացնելու են ծառայությունը:
Էրիկի ու մյուս տղաների վիճակահանությանը հետևում են ծնողները՝ տեսակապի միջոցով։ Գործընթացն ավարտելուն պես, հարազատները ևս մեկ հնարավորություն ունեն տեսնելու և բարի ճանապարհ մաղթելու իրենց զավակներին:
-Ավագ որդիս էլ է ծառայել: Թե՛ մենք, թե՛ հրամանատարությունը շատ գոհ էինք նրա ծառայությունից: Էրիկիս համար էլ վստահ եմ, որ նա էլ պատվով կծառայի ու կվերադառնա,- վստահեցնում է Էրիկի հայրը:
Ժամեր անց արդեն նորակոչիկները կլինեն իրենց զորամասերում. կսկսեն մարզվել ու պատրաստվել։ Իսկ շաբաթներ անց բարձր տրամադրությամբ ու կրկին ծնողների ներկայությամբ հանդիսավորությամբ կերդվեն՝ «Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #28 (1299) 24.07.2019 - 30.07.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն