Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ



(1994թ. մայիս – 1996)

1994

Մայիսի 16-17 – Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ՌԴ ՊՆ միջնորդությամբ քննարկում են 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության կիրառման կարգին վերաբերող փաստաթուղթը. հայկական կողմը ստորագրում է այն, իսկ Ադրբեջանը՝ հետաձգում:

Հուլիսի 7 – Մինսկի խմբի նիստի ժամանակ ԼՂՀ պատվիրակությունը կտրականապես մերժում է հակամարտության գոտում թուրքերի մասնակցությամբ խաղաղարար ուժեր տեղակայելու առաջարկը:

Հուլիսի 27 – Հակամարտության կողմերը` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, հաստատում են կրակի դադարեցման իրենց պարտավորությունները և նամակ ուղարկում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին և Անդրեյ Կոզիրևին:

Սեպտեմբերի 8-9 – Հակամարտության կարգավորման համաձայնագրի ռուսական տարբերակը քննարկվում է նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հեյդար Ալիևի` Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաև ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Սեպտեմբերի 14-16 – ԵԱՀԿ Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն Պրահայում որոշում է ուսումնասիրել ԵԱՀԿ բազմազգ ուժերի ստեղծման հնարավորությունը, որոնք պետք է ԼՂ հակամարտության գոտում աջակցեին խաղաղության հաստատմանը:

Բանակցությունների այս փուլում քննարկվում էր հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Հիմնական խնդիրն այն էր, թե ո՞ր ուժերի խաղաղարարները պետք է ապահովեին կայուն խաղաղությունը` ԱՊՀ, այսինքն` ռուսական, թե՞ ԵԱՀԿ` այսինքն` միջազգային:

Սեպտեմբերի 27 – Նյու Յորքում տեղի է ունենում նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանի և Հ. Ալիևի հանդիպումը:

Հոկտեմբերի 3-4 – Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձ է արվում, որի կազմակերպիչն էր վարչապետ Սուրաթ Հուսեյնովը: Նրա մասնակցությունը հեղաշրջմանը կասկածելի է, սակայն ադրբեջանական կենտրոնական իշխանությունները այդպես են ներկայացնում խնդիրը: Հեյդար Ալիևը այս դեպքից հետո հեռացնում է Սուրաթ Հուսեյնովին: Ալիևի «հաղթանակի» գործում կարևոր դերակատարություն է ունենում Ադրբեջանի ՆԳ փոխնախարար Ռովշան Ջավադովը, որը, սակայն, մի քանի ամիս անց` 1995թ. մարտին, ինքն է դառնում հակաալիևյան պայքարի ղեկավար: 1995թ. մարտի 12-17-ը տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվում է մի քանի հարյուր մարդ, այդ թվում` Ռովշան Ջավադովը, և խռովությունը տապալվում է:

Նոյեմբերի 5 – Երևանում տեղի է ունենում ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղար Բուդրոս Ղալիի հետ, որը հոկտեմբերի վերջին ժամանել էր Հարավային Կովկաս և հանդիպումներ էր ունենում հակամարտության կողմերի հետ:

Դեկտեմբերի 5-6 – Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունենում ԵԱՀԿ գագաթաժողովը, որի «Տարածաշրջանային խնդիրներ» բաժնի սկզբում անդրադարձ կար ԼՂ հակամարտությանը: Փաստաթղթով հանձնարարվում էր Մինսկի խմբին ջանքեր գործադրել մայիսի 12-ին հաստատված զինադադարը հետագայում ևս պահպանելու, ինչպես նաև` հակամարտության կարգավորման քաղաքական լուծումներ գտնելու ուղղությամբ: 4-րդ կետում նշվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունման դեպքում ԵԱՀԿ-ն պատրաստ է խաղաղարար ուժեր տեղակայել հակամարտության գոտում:

Դեկտեմբերի 6 – Բուդապեշտի գագաթաժողովը որոշում է ստեղծել Մինսկի խմբի համանախագահների մարմինը, որը սկսում է գործել 1995թ. մարտից:

Դեկտեմբերի 20 – Ձևավորվում է խաղաղապահ գործողությունը ծրագրավորող խումբը, որտեղ աշխատում էին 17 երկրներից գործուղված շուրջ 3 տասնյակ սպաներ: Մինչև 1995թ. հուլիս այս խումբը ներկայացնում է հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի թվաքանակը և կառուցվածքը: Սակայն այս ծրագիրն իրականություն չի դառնում, քանի որ ռուսական ստորաբաժանումների տեղակայմանը դեմ էին ադրբեջանցիները, իսկ հայկական կողմն էլ անընդունելի էր համարում թուրքական ստորաբաժանումների ներկայությունը շփման գծում:

Դեկտեմբերի 22 – ԼՂՀ խորհրդարանը ընդունում է նախագահական կառավարման մասին որոշում: Խորհրդարանը Ռոբերտ Քոչարյանին ընտրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:

Դեկտեմբերի 28 – ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագիր է ստորագրում, որով դադարեցվում էր Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության գործունեությունը, փակվում են կուսակցության բոլոր լրատվամիջոցները, ձերբակալվում են բազմաթիվ անդամներ: Հիմնական մեղադրանքը կուսակցության ներսում գործող «Դրո» կառույցի հակապետական գործունեությունն էր: Նախագահի այս քայլը լուրջ հարված հասցրեց Հայաստանի միջազգային վարկանիշին. եթե նախկինում ՀՀ-ն համարվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզի, ապա դրանից հետո Հայաստանը դասվում է այն երկրների շարքը, որտեղ սահմանափակվում էին խոսքի ազատությունը և ոտնահարվում մարդկանց իրավունքները: «Դրոյի» գործով ձերբակալվածներից երեքը դատապարտվում են մահապատժի, ինչը հետագայում փոխարինվում է ցմահ բանտարկությամբ, մյուսները դատապարտվում են տարբեր ժամկետներով ազատազրկման:

1995

Փետրվարի 10-11 – ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ եռակողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան) բանակցություններ են տեղի ունենում: Այս ձևաչափով բանակցությունները շարունակվում են ամբողջ տարվա ընթացքում: Ձևականորեն դրանք կոչվում էին խորհրդատվություններ:

Ապրիլի 11 – ՌԴ պետդումայում ԼՂՀ նախագահի և ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում հակամարտության վերաբերյալ:

Ապրիլի 30 – Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանի նախագահ է ընտրվում Կարեն Բաբուրյանը:

Մայիսի 9 – ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունենում առաջին զորահանդեսը, որը նվիրված էր Շուշիի ազատագրման տարեդարձին:

Հուլիսի 5 – Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ և Սահմանադրության հանրաքվե:

Հոկտեմբերի 24 – ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ տեղի է ունենում նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանի և Հ. Ալիևի հանդիպումը:

1995թ. ընթացքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվում էին հակամարտության հետևանքների վերացման, խաղաղ կարգավորման հետ կապված խնդիրները` ապագային թողնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների և այլ հարցերը:

1996

Հունվարի 18 – ՌԴ նախագահ Բ. Ելցինի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանի և Հեյդար Ալիևի հանդիպումը:

Հունվար-մարտ ամիսների ընթացքում տեղի են ունենում ակտիվ քննարկումներ և բանակցություններ՝ հակամարտության կարգավորման լուծումը գտնելու համար: Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ այցելություններ են կատարում տարածաշրջան, տեղի են ունենում տարբեր ձևաչափերով բազմաթիվ հանդիպումներ:

Մայիսի 6 – ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ Բաքվից Հայաստան են բերվում 35 հայ գերիներ և պատանդներ:

Մայիսի 9 – Նույն նախաձեռնության շրջանակներում Հայաստանից Բաքու են ուղարկվում 67 ադրբեջանցի ռազմագերիներ:

Սեպտեմբերի 22 – Հայաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ. նախագահ է դառնում Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդդիմադիր ուժերը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, վիճարկում են ընտրության արդյունքները:

Սեպտեմբերի 25 – Ընդդիմության ներկայացուցիչները գրոհում են Ազգային Ժողովի շենքը, տեղի են ունենում բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև: Տասնյակ մարդիկ վիրավորվում են:

Սեպտեմբերի 26 – ՀՀ նախագահի հրամանագրով արգելվում են երթերը, ցույցերը և հանրահավաքները:

Սեպտեմբերյան իրադարձություններն ունենում են քաղաքական ծանր հետևանքներ. միջազգային հանրությունը Հայաստանը դասում է ոչ ազատ երկրների շարքը, իսկ ժողովրդի մի ստվար մասի մեջ նվազում է վստահությունը նախագահի հանդեպ: Մեծանում է նաև միջազգային ճնշումը Հայաստանի վրա:

Հոկտեմբերի 25 – Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների նիստի ընթացքում տեղի է ունենում ՀՀ նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահ Դեմիրելի և Հեյդար Ալիևի հետ:

Նոյեմբերի 24 – ԼՂՀ-ում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթում է Ռոբերտ Քոչարյանը:

Դեկտեմբերի 2-3 – Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի է ունենում ԵԱՀԿ գագաթաժողովը, որն ընդունում է «Լիսաբոնի Գագաթաժողովի հռչակագիրը»: Այդ փաստաթղթի համաձայն` Լեռնային Ղարաբաղը ստանում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Հայաստանը վետո է դնում այդ փաստաթղթի վրա, և հանդես է գալիս հայտարարությամբ, որը կցվում է Լիսաբոնյան հռչակագրին: Միաժամանակ, հայկական կողմն իր պատրաստակամությունն է հայտնում բանակցությունները շարունակել Մինսկի խմբի շրջանակներում:

Որոշ փորձագետներ Լիսաբոնում տեղի ունեցածը ներկայացնում են որպես Հայաստանի դիվանագիտական պարտություն, որի հիմնական պատճառը, թերևս, 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններն էին և դրանից մի քանի օր անց տեղի ունեցած իրադարձությունները: Որոշ մասնագետներ էլ գտնում են, որ Լիսաբոնը ցույց տվեց, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար անընդունելի է ցանկացած որոշում, որը հակասում է ազգային շահերին: Փաստն այն է, որ հենց Լիսաբոնյան գագաթաժողովից հետո սկսվեց այն գործընթացը, որը մեկ տարի անց հանգեցրեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին:

Դեկտեմբեր – Ձևավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա: Վերջինս ներկայացնում էր Եվրամիությունը:

ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Պատմության էջերից


13/10/2011