Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ



ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆԺայռերի միջով է անցնում ճանապարհը, որ տանում է մարտական դիրք: Արևից վառված ու սևացած ապառաժների արանքում է ծվարել այն՝ որպես դրախտից պոկված մի պատառ, կանաչով ու ծաղկունքով շրջանակված մի փոքրիկ այգի: Ծառերը դիրքի տղերքն են տնկել իրենց ձեռքով: Հերթափոխից առաջ այգիներից շիվեր են բերել ու տնկել քարերի մեջ, սիրով ու հոգատարությամբ շջապատել, ու այսօր այդ շիվերը ծառեր են դարձել, իսկ դրանց ստվերում հանգստանում են դիրքապահ շները: Նրանցից մեկը՝ սպիտակամազը, «վետերան է». ականի վրա պայթելով կորցրել է ոտքը, դիրքի տղերքն են նրան հանել ականապատ դաշտից, ու երախտապարտ շունն արդեն չորս տարի չի հեռանում դիրքից, մոտեցող անծանոթին գռմռալով է դիմավորում, բայց երբ դիրքի ավագը զինվորական ողջույնով դիմավորում է հյուրին, շունն ընկերաբար շարժում է պոչը:

Դիրքի ավագը մոտակա սահմանամերձ գյուղից է: Իմ հարցին, թե ինչու է դարձել զինվորական, կարճ ու հստակ պատասխանեց. «Իմ հողն է, մեկ-երկու կիլոմետր այն կողմ իմ տունն է, կինս, երեխաներս, ծնողներս: Հակառակորդը հաճախ է խախտում  հրադադարը, կրակում նաեւ մեր տան պատերին: Ես այստեղ եմ, որ թույլ չտամ, որ տանս ուղղությամբ փամփուշտ սուրա…»:

ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆՀողագործությամբ նաեւ դիրքում է զբաղվում. լոլիկ, ձմերուկ է աճեցնում: Հանգստի ժամերին դիրքի տղերքին իր աճեցրած բանջարեղենից է հյուրասիրում: Այստեղ աճեցրած ամեն ինչ յուրահատուկ համ ունի:

…Դիրքապահ Արտակը ժպտադեմ մի տղամարդ է: Պատմում է թե ինչպես էր դպրոցական տարիներին դասերից փախչում՝ դիրքեր գալու, դիրքապահ տղերքի հետ ուս ուսի իր հայրենի գյուղի անդորրը հսկելու համար: «Էն ժամանակ ինձ էստեղ Ճուտո էին ասում, մեջների փոքրն էի»,- հիշում է Արտակը:

ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆԴիրքում հերթապահող տղաներն, իրար հերթ չտալով, ոգևորված պատմում են իրենց առօրյայի մասին ու երբ խոսքը հասնում է հակառակորդին՝ պատասխանը մեկն է.

«Թող միայն փորձեն բախտները, ոտքն առաջ դնեն խրամատից…»:

…Դիրքերից իջնում եմ հոգիս ջերմացնող մի զգացումով. սահմանը խաղաղ է, դիրքապահ տղերքը հաստատակամ են ու հաղթական տրամադրությամբ…

 

ԿԱՐԱՊԵՏ  ՉՈԲԱՆՅԱՆ

ավագ սերժանտ

Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #30 (1301) 7.08.2019 - 13.08.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/08/2019