ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻՆ ՄԱՀ ՉԿԱ…
Մեծամորում կանգնեցվեց հուշարձան՝
ի հիշատակ ապրիլյան պատերազմում
զոհված Սաշա Գալստյանի
Ապրիլյան քառօրյա մարտերում զոհված Սաշա Գալստյանն օգոստոսի 12-ին կդառնար 23 տարեկան: Հերոսի ծննդյան օրը Մեծամորում՝ հարազատ տան բակում, բացվեց Սաշայի և ապրիլյան պատերազմում զոհված մյուս տղաների հիշատակը հավերժացնող հուշարձան: Կոթողի բացման հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, զոհված զինծառայողների ծնողներ, հարազատներ, հյուրեր:
Հուշարձանի հիմքում հավիտենության խորհուրդն ու հայրենասիրության գաղափարն է, իսկ դեպի վեր խոյացող սյուները խորհրդանշում են հայ ժողովրդին: Ապրիլյան պատերազմում զոհված բոլոր՝ 106 հերոս տղաների անունները փորագրված են հենասյուների վրա:
Հուշարձանը կյանքի է կոչվել Սաշայի հոր՝ Վաչագան Գալստյանի, նրա ընկերների ու Գալստյանների ընտանիքի բարեկամ Խորեն Քոթանջյանի աջակցությամբ։ Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է մեր նորագույն պատմության հերոսների հիշատակը վառ պահելու և նրանց սխրանքները վերագնահատելու համար. «Սա միասնականության նպատակ է հետապնդում, որպեսզի այս հիշողությունը կենդանի մնա, ու այս երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ դառնա»:
«Սաշայի կենդանության օրոք ես մեկ տղա ունեի, իսկ նրա ու տղաների զոհվելուց հետո` բոլորն իմն են: Այսօր Սաշան իմ տղան չէ, ազգի տղան է, ինչպես որ մնացած տղաներն էլ իմն են»,- ասում է Սաշայի հայրը՝ արցունքները մի կերպ թաքցնելով:
Մայրը՝ Սոֆի Գալստյանն էլ որդուն այսպես է հիշում. «Համեստ, երբեմն էլ խենթ ու խելառ»: Տիկին Սոֆին պատմում է, որ ամեն անգամ, երբ որդին տեսնում էր սպիտակ խալաթով բժիշկներին, իր մեջ բարություն էր առաջանում և ուզում էր օգնել մարդկանց. «Որդուս նպատակները մեծ էին, մեր բոլոր երիտասարդները ունեին նպատակ, բայց նրանք ընտրեցին հավերժի ուղին…»:
Ապրիլյան պատերազմից հետո երկու տարի ընտանիքը արցունքներով է նշել Սաշայի ծննդյան տարեդարձը, սակայն այսուհետեւ այլ կերպ է նշանավորելու նրա տարեդարձը. «Սաշին խոսք եմ տալիս, որ այլևս իր ծնունդն ուրախ եմ դիմավորելու. ես Արցախ աշխարհում զգացի, որ մեր տղաները թևածում են այնտեղ»:
…Սաշա Գալստյանի տան բակից ներկաները շարժվեցին դեպի Մշակույթի կենտրոն։ Այստեղ ներկայացվեցին դրվագներ հերոսի կյանքից ու նրա սխրանքներից: 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Սաշան առաջիններից էր, որ ընդունեց թշնամու հարվածն ու իր խմբով նույնիսկ հակահարձակման անցավ: Մոտ 5 ժամ տևած թեժ մարտերի ընթացքում զգալի կորուստներ պատճառելով հակառակարոդին՝ Սաշան զոհվեց հերոսաբար: «Այս հուշակոթողը պետք է պաշտամունքի առարկա դառնա և ամբողջ հասարակությանը, համասփյուռ հայությանը տեղեկացնի, որ հայ զինվորը արժևորվում է ոչ միայն զորակոչի ընթացքում, այլ նաև դրանից հետո։ Ես մաղթում եմ, որ մենք այսուհետև մեր հաղթանակների համար կոթողներ բարձրացնենք»,- ամփոփեց պաշտպանության նախարարի տեղակալ Գ.Բալայանը:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #32 (1303) 21.08.2019 - 27.08.2019, Ճակատագրեր