ԵՐԲ ՎՍՏԱՀ ԵՍ ՈՒԺԵՐԻԴ
Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը ծնվել է 1963 թվականին, Քաջարանում՝ զինվորականի ընտանիքում: Ծնված օրից տեսել է զինվորականի համազգեստով հորը, նրա սահմանած խստապահանջ ու ճշտապահ նիստուկացը: Ինքն էլ է ընտրել զինվորականի ուղին և 1980թ. ընդունվել է Կիևի բարձրագույն ռազմածովային ուսումնարանը:
-Լեռներում ծնված-մեծացած մարդու համար, թերևս, անսովոր ընտրություն էր: Գուցե իմ կարդացած գրքերն ու դիտած ֆիլմերն էին ինձ ուղղորդել դեպի այս նոր ու հետաքրքրական աշխարհը: Ուսումնարանն ավարտելուց հետո 1984-91թթ. ծառայել եմ Խորհրդային Միության Սևծովյան ռազմական նավատորմում:
-Մինչև Արցախյան պատերազմը…
-Այո՛: Սակայն իմ մեջ եռում էր հայրենիք վերադառնալու ցանկությունը, հասունանում էր որոշումը: 1988թ. միայն լուրերով էինք լսում, թե ինչ է կատարվում այստեղ, իսկ այդ աղբյուրները հաճախ ոչ միայն սահմանափակ, այլև աղճատված տեղեկություն էին հաղորդում Արցախի շուրջ ընթացող իրադարձությունների մասին: Հայերին ահաբեկիչներ էին անվանում: Բայց սահմանին ապրող ծնողներիս միջոցով գիտեի՝ իրականում ինչ է կատարվում… Այդ ժամանակ արդեն նավապետի տեղակալն էի՝ կապիտանի կոչումով: Հերթական արձակուրդներից մեկի ժամանակ դիմեցի զինվորական կոմիսար Արտյուշա Հարությունյանին՝ խնդրելով ինձ Հայաստան տեղափոխել: 1991թ. Հայաստանում միակ ռազմական կառույցը զինկոմիսարիատն էր: Նշանակվեցի Կապանի զինկոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ, հետագայում՝ 1992թ. Վազգեն Սարգսյանի հրամանով դարձա զինվորական կոմիսար, ստացա հերթական՝ համազորային զորքերի մայորի կոչում: Սպարապետի խոսքն էր՝ «Փոխանցե՛ք Քոչարյանին, որ ինքն արդեն Հայկական բանակի մայոր է, թող մոռանա ծովային համազգեստը»:
-Դժվար չէ՞ր «ինտերնացիոնալի» գաղափարախոսությունից ազգային բանակի գաղափարին, հայկական բանակի զինվորականի կարգավիճակին անցումը:
-Հավատացե՛ք, հեշտ էր: Այդ տարիներին մեծ թվով հայ զինծառայողներ թողեցին թե՛ հարմարավետ կյանքը, թե՛ ծառայողական լուրջ հեռանկարներն ու անվարան վերադարձան: Յուրաքանչյուր հայի համար, հատկապես զինվորականի, որ ծառայում էր տարբեր վայրերում, դժվար չի եղել այս անցումը: Հայ զինվորականի առանձնասենյակում միշտ ներկա է եղել հիշեցում-պատգամը՝ Արարատ լեռան, մեր Սևանա լճի, վանքերի պատկերները: Այցելում էինք հայկական եկեղեցիներ, մոմ վառում: Ձգտում էինք, որ մեր կանայք ավանդապաշտ հայուհի լինեն:
-Արձակուրդներիցս մեկին եկա, տեսա, հավանեցի, նշանվեցինք, ամուսնացանք: Եվ չսխալվեցի: Փառք Աստծու, կինս իմ ամուր թիկունքն է, իմ չորս հրաշալի զավակների մայրն է, օջախս վառ պահողը: Չորս հրաշք թոռնիկ ունեմ:
…Կապանի զինկոմիսարի պաշտոնում անմիջապես ներգրավվեցի ինքնապաշտպանական գումարտակի կազմավորման, Կապանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանության գործողություններում: Այնուհետև մասնակցեցի Կապանի բրիգադի կազմավորմանը: Ե՛վ կռվում էինք, և՛ զորքը կազմավորում:
Հայրենիքում անցած 28-ամյա ծառայության ընթացքում զբաղեցրել եմ մի շարք պատասխանատու պաշտոններ, ձեռք եմ բերել, կորցրել եմ ընկերներ… հաղթանակներ, հիասթափություններ, նորից վերելքներ…
-Ի՞նչն է եղել ամենից ոգևորիչը:
-Ամենամեծ ոգևորությունս եղել է մեր ազգի միասնականությունը՝ հատկապես 90-ականներին: Շուրջ երկու տարի զորակոչն իրականացնում էինք ինքնաթիռներից ռմբահարումների, հրթիռակոծումների ներքո: Բայց ոչ միայն չէին ընկճվում, այլ ընդհակառակը՝ մարդիկ ավելի մեծ սիրով ու հաստատակամությամբ էին զինվորագրվում:
Անչափ հուզիչ էր 90-ականների սկզբին մեր հայ կանանց վարքագիծը: Ջահել աղջիկները, մայրերը հանում էին իրենց վզնոցները, մատանիներն ու ականջօղերը, դնում սկուտեղին, որպեսզի կարողանանք զինել մեր ինքնապաշտպանական ջոկատները, մեր նորաստեղծ բանակի ստորաբաժանումները: Հուզիչ էր, երբ մեր շարքերում, մեր կողքին էր հայ կինը՝ զենքն ուսած, մեր շարքերում՝ տղամարդկանց հետ ուս ուսի ամուր կանգնած՝ որպես մարտնչող հրաշալի ռազմիկ:
…Հնարավոր չէ մոռանալ այս պատկերը. երբ մեր բրիգադի տղաները մեկնում էին մարտական գործողությունների, զորամասի մշտական տեղակայման վայրում ժամկետային զինծառայողները մինչև Կապանի երկաթգծի կայարան, վիրավորանքի արցունքներն աչքերում, վազում էին ընկերների հետևից. չէին ուզում, որ առանց իրենց մարտի գնան: Ամրանում էր հավատը` այո՛, հայկական ազգային բանակը կայանում է, ժողովուրդը կրկին միասնական է՝ տրամադրված՝ հաղթանակներ կերտելու:
-Պատերազմական դրվագներից ո՞րն է հատկապես տպավորվել:
-Կապանի սահմանամերձ շրջաններում ադրբեջանական գյուղերը շատ մոտ էին, դեռևս լուրջ զորային կազմակերպվածություն չկար: Երբ պլանավորում էինք Ղազանչի գյուղի ազատագրումը, հրամանատարությունը որոշակի զորախմբի վստահեց խնդիրը: Ղազանչիի դիրքի դեմ հանդիման հայկական դիրքի հրամանատարը Արշակն էր: Դեռ հատուկ պատրաստություն չանցած, անփորձ տեղացի զինվորականներ էին: Նեղացել էին, թե՝ «Մեզնից լավ ո՞վ գիտի հակառակորդին: Մե՛նք պիտի կատարենք այս խնդիրը»: Հրամանատարությունն ընդառաջեց նրանց: Դեռ վաղուց այնքան մանրամասնորեն էին ծրագրել ամեն ինչ, որ առանց մի կաթիլ արյան շատ արագ դիրքը վերցրին: Այդ դիրքի վրա հենվելով՝ առաջացանք, ազատագրեցինք գյուղը: Հետագայում շատ դիրքեր, գյուղեր ու քաղաքներ ազատագրեցինք, բայց մարտական այդ դրվագը միշտ հիշում եմ: Վստահ եմ՝ հայ զինվորականը հիմա էլ բնազդով զգում է իր գործի նրբությունները: Հիմա էլ մեր դիրքապահ տղաները զօրուգիշեր ուսումնասիրում են հակառակորդին… Դե, իսկ ապրիլյան գործողությունների մասին բազմիցս է խոսվել… Արդեն ապացուցված է՝ մեր այս սերունդը հայրենասեր է, տոկուն ու հաստատակամ:
-Այժմ Ձեր ղեկակավարած զորամիավորման հսկողության ներքո է այն սահմանագիծը, որից այն կողմ հակառակորդը վերջին տարիներին զգալի ուժեր է կենտրոնացնում, ցուցադրական զորավարժություններ անցկացնում: Բացի այդ, շարունակվում են Թուրքիայի կողմից Նախիջևանում Գյումրիի ռուսական ռազմաբազային հակակշիռ ստեղծելու շահարկումները: Ի՞նչ պատասխան քայլեր են ձեռնարկվում Ձեր ղեկավարած զորամիավորման կողմից:
-Ասեմ, որ նախիջևանյան թևը միշտ էլ ուժեղ է եղել: Նման շահարկումներն էլ ավելի շատ աշխարհաքաղաքական խնդիրներ են հետապնդում: Այդուհանդերձ, մենք երբեք չպետք է մոռանանք, որ Զանգեզուրով անցնում է Թուրքիայի հեռահար ծրագրերի առանցքը՝ այսպես կոչված՝ «մեծ Թուրանի» ճանապարհը: Բնականաբար, Նախիջևանում «հանգիստ» իրավիճակը չի կարող ձեռնտու լինել Թուրքիային: Նրան պետք է Հայաստանի սահմաններին լարվածություն ստեղծել: Մենք ուշիուշով հետևում ենք իրավիճակի ցանկացած փոփոխության և պատրաստ ենք ցանկացած զարգացման: Մի տեղ մենք ենք գերիշխող դիրքում, մյուս տեղում՝ իրենք: Մի գյուղ իրենք են դիտարկում, մի քանի ադրբեջանական գյուղ մենք ենք անզեն աչքով դիտարկում: Իրենք քաղաքներ չեն տեսնում, իսկ մենք նաև իրենց քաղաքներն ենք տեսնում: Կարևորն այն է, որ մենք, ամբողջովին տիրապետելով իրավիճակին ու հնարավոր զարգացումներին, հակագործողություններ ենք պլանավորում: Մեր դիրքերն ենք անընդմեջ ամրացնում ու ապահովում անհրաժեշտ սպառազինությամբ և սարքավորումներով: Ամեն ինչ պետք չէ բարձրաձայնել: Ամենակարևորը՝ մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը:
-Աշնանային բերքահավաքի շրջանն է. որքանո՞վ է գյուղացին իրեն ապահով զգում շփման հատվածում:
-Սահմանամերձ գյուղերում գյուղացին հանգիստ աշխատում է, մշակում իր հողն ու զբաղվում անասնապահությամբ: Աջուձախ չի նայում: Սա մեր ամենակարևոր ձեռքբերումն է: Իսկ եթե հակառակորդը փորձի սահմանի մեր հատվածում աշխուժանալ, մենք համապատասխան միջոցներով ոչ միայն կկանխենք, այլև խստորեն կպատժենք:
Ի դեպ, միշտ կարևորել եմ ու այժմ էլ առաջին հերթին կարևորում եմ մեր ժողովրդի միասնականությունը: Մենք զրոյից ազգային բանակ կազմավորեցինք: Եվ դա ոչ միայն առանձին հայրենասերների համախմբման արդյունքն էր: Բանակը ստեղծվել, կայացել ու հաղթանակներ է կռել առաջին հերթին ժողովրդի սիրո ու վստահության շնորհիվ: Ինչպես յուրաքանչյուր ընտանիք ամուր է սիրո հիմքի վրա, նույնն էլ բանակը երկրում ամուր է, երբ ժողովուրդն անմնացորդ սիրում է իր զինվորին: Միայն այսպիսի մեծ սիրո, փոխադարձ հարգանքի շնորհիվ է մեր բանակն անպարտելի դառնում ցանկացած արտաքին թշնամու դեմ:
-Պարո՛ն գեներալ, այս պահին զորամիավորման զորամասերից մեկի կազմով անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն: Որո՞նք են դրա հիմնական նպատակներն ու առանձնահատկությունները:
-Ընթացիկ զորավարժությունը զորամիավորման պլանով նախատեսված միջոցառում է, որի կարևոր նպատակներից մեկը ենթակա զորամասի շտաբների պատրաստվածության, մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելու, զորամասի մարտական կիրառման խնդիրների լուծման ստուգումն է: Այս զորավարժությունը մի շարք առանձնահատկություններ ունի: Ամենակարևոր առանձնահատկություններից է այն, որ գնացինք ոչ սովորական ուղով և, մոդելավորելով համապատասխան իրադրություն, ամբողջ գիշերվա ընթացքում այն «հասունացրինք» մինչև այն աստիճան, որ զորամասի հրամանատարը, գնահատելով իրադրությունը, պարզաբանի խնդիրը և զորամասը «լրիվ» մարտական պատրաստականության աստիճանի բերելու ինքնուրույն որոշում կայացնի: Հրամանատարն այս պարագայում ճշգրիտ գործեց: Մյուս առանձնահատկությունն այն է, որ մենք ներգրավել ենք նաև ստորաբաժանումները՝ դրանք հանելով մարտական կիրառման շրջաններ:
Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ շեշտադրում ենք արել ոչ միայն պաշտպանողական, այլև հատկապես հարձակողական գործողությունների վարման վրա:
Այս պահին դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալը, քանի որ զորավարժությունը դեռևս ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ, գոհ եմ նախնական արդյունքներից:
-Պարոն գեներալ-մայոր, վերջում ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կարձանագրեք, ի՞նչով կարող ենք հպարտանալ այսօր:
-Ամենակարևոր ձեռքբերումը վստահությունն է, որ պատրաստ ես լուծելու իրավիճակով թելադրված և վերադասի կողմից առաջադրված ցանկացած խնդիր: Սա այն քրտնաջան, ամենօրյա աշխատանքի արդյունքն է, որին ձգտում էինք պատերազմի տարիներին, և որն այսօր արդեն իրողություն է:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
և գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի
անձնական արխիվից
Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում