Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՕրերս այցելեցինք գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր: Առաջնագծում իրավիճակը հանգիստ էր, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը վերջին ժամանակահատվածում հիմնականում խախտում է հրաձգային զենքերից: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ դիրքապահները օր ու գիշեր մարտական հերթապահությունն իրականացնում են զգոն և ամենայն պատասխանատվությամբ:

«Մարտական հերթապահության ընթացքում բոլորն իրենց պարտականությունները կատարում են պատշաճ մակարդակով և պատրաստ են ճնշելու թշնամու ոտնձգությունները,- վստահեցնում է հենակետի  պատասխանատու, լեյտենանտ Արթուր Մելիքսեթյանը:- Մշտապես զգոն և հուսալի մարտական հերթապահություն  իրականացնելու համար ենթակա անձնակազմի հետ, նախքան առաջնագիծ գալը, իրականացվում են տարաբնույթ պարապմունքներ, որոնք նպատակաուղղված են զինվորների մարտունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանը, ինչպես նաև մարտական ոգու բարձրացմանը: Պարապմունքներն այդքանով չեն ավարտվում, համապատասխան միջոցառումներ   են իրականացվում նաև այստեղ` մարտական հերթապահության ընթացքում, որպեսզի  յուրաքանչյուր զինծառայող իմանա իր անելիքներն ու պարտականությունները»:

Ամենօրյա պարապմունքներ, մարզումներ, դրանց հետ մեկտեղ զգոն հերթապահություն. այս ամենը մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի առօրյա ծառայության հիմնական գործառույթներն են: «Մարտական դիրքում իրականացնում ենք պարապմունքներ, որպեսզի իմանանք` ինչ գործողություններ պետք է կատարենք հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում, որպեսզի չթուլացնենք մեր զգոնությունը, մշտապես լինենք մարտունակ և պատրաստ մարտական խնդիրների կատարմանը: Որպես դիրքի ավագ` իմ պարտականությունների շրջանակներում  հետևում եմ իրականացվող մարզումներին, մեծ ուշադրություն եմ դարձնում հատկապես դիրքի կարգապահությանը, անվտանգության կանոնների պահպանմանը»,- վստահեցնում է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Աշոտ Ծառուկյանը:

Մարտական հերթապահության ամբողջ ընթացքում զորամասի և ստորաբաժանման հրամանատարությունը պարբերաբար իրականացնում է ստուգումներ, վերահսկում է մարտական հերթապահության ընթացքը, կարգապահությունը, ծառայությանն առնչվող բոլոր գործընթացները: Մեծ ուշադրություն է դարձնում նաև ենթակաների փոխհարաբերություններին ու նրանց բարոյահոգեբանական վիճակին:  «Դիրքապահների հետ պարբերաբար կազմակերպում ենք զրույցներ, հետաքրքրվում նրանց խնդիրներով, ոգևորում և գոտեպնդում ենք, որպեսզի ծառայության ընթացքում առավել ուշադիր և զգոն իրականացնեն մարտական հերթապահությունը»,- նշում է ստորաբաժանման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, կապիտան Արսեն Աշոտյանը:

 

ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Ազգային բանակ


12/09/2019