ՄԵՐ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ԽՈՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ
Զորավարժանքի ղեկավարի ողջույնով սեպտեմբերի 2-ին մեկնարկեց «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությունը։ Բացման հանդիսավոր արարողությունն է, հնչում են մասնակից երկրների պետական օրհներգերը: Հանդիսավոր քայլերթին հերթով ու խրոխտ շարքերով անցնում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային ստորաբաժանումները: Ելույթ ունեցողները կարևորում են համատեղ զորավարժության անցկացումը ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու առումով:
– Մեր հայտնի աշուլուկյան հողում մարտական կրակով այսպիսի զորավարժություններ անցկացվում են երկու տարին մեկ: Մենք հավաքվում ենք այստեղ, որպեսզի կատարելագործենք մեր վարպետությունը, օդային հակառակորդին հարվածելու հմտությունները,- դիմելով զորավարժության մասնակիցներին ասաց ՌԴ ԶՈՒ ԶՀԶ և ՕՏՈՒ հրամանատար, գեներալ-մայոր Սերգեյ Բաբակովը:
Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն մաղթեց զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:
– Ըստ մտահղացման՝ միացյալ խմբավորումը հետ է մղելու օդային հակառակորդի հարվածները կովկասյան տարածաշրջանում, ինչը մեզ համար անչափ սկզբունքային է և կարևոր,- մեզ հետ զրույցում զորավարժության համառոտ սցենարը ներկայացրեց ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:
…Սեպտեմբերի 4-ը չափազանց պատասխանատու օր էր մեր հակաօդայինների համար: Նրանք պետք է Ս-300 համակարգերից իրականացնեին փորձնական կրակը: Որքան էլ վստահ լինես քո մասնագիտական հմտություններին, միևնույն է, որոշակի անհանգստություն կա: Տրվում է թիրախը, և մեր անձնակազմը, մեկ հրթիռ արձակելով, ճշգրիտ հաշվարկի արդյունքում սահմանված ժամանակահատվածում անվրեպ խոցում է այն:
– Զորավարժության մասնակից երկրների բարձրաստիճան զինվորականները տեսան ու բարձր գնահատեցին հայ հակաօդայինների պատրաստվածության ու հմտության աստիճանը,- ասաց զորամասի հրամանատար, գնդապետ Տիգրան Ասլիկյանը:
– Այն խնդիրները, որոնք դրվել են մասնակիցների առջև, կատարվեցին: Արդյունքները գոհացուցիչ են: Բոլոր տեսակի թիրախները, անօդաչու թռչող սարքերը, թևավոր և բալիստիկ հրթիռները խոցվեցին,- զորավարժության մասին այսպես արտահայտվեց ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, ՌԴ հերոս, գեներալ-մայոր Յունուս-Բեկ Եվկուրովը:
Պետք է նշել, որ մեր զինծառայողները զորավարժության ամբողջ ընթացքում խստորեն պահպանում էին անվտանգության կանոնները` աչքի ընկնելով բացառապես դրական կողմերով: Եվ կարգապահության, պատասխանատվության ու զինվորական մասնագիտությանը լավագույնս տիրապետելու համար բազմիցս արժանանում էին բարձր գնահատականների:
Խոսում են զորավարժության մասնակիցները
ՇԱՀԵՆ ՊԱՊՈՅԱՆ
Անբացատրելի զգացողությամբ ես համակվում, երբ քո մարտական հաշվարկը կարևոր ու պատասխանատու խնդիր է կատարում, երբ քո մարտական հաշվարկը անվրեպ խոցում է թիրախը:
ԱՐՍԵՆ ԱԼԻԽԱՆՅԱՆ
Զորավարժության շրջանակում մարտական կրակոցով խնդրի կատարումը մեզ տվեց փորձ ու վստահություն մեր ուժերի հանդեպ: Այսուհետև էլ ավելի վստահ ենք կատարելու մեզ առաջադրված մարտական խնդիրները, մեզ վստահված մարտական առաջադրանքները:
Զորավարժության վճռական փուլին հետևելու նպատակով զորավարժարան ժամանեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը, զորավարժության մասնակից ԱՊՀ անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Մեկնարկը տրված է: Երկնքում նախ երևում են պայմանական հակառակորդի ռազմական կործանիչները: Ավիացիոն հարվածներով հակառակորդին ոչնչացնելուց հետո գործի են անցնում հակաօդայինները: Մարտական հրաձգության փուլին ներառված էին Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր, ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ:
ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարում են առաջադրված խնդիրները: Հայ հակաօդայինները Ս-300 համակարգերով խոցում են պայմանական թիրախները և արձանագրում գերազանց արդյունքներ:
Շարահրապարակում խորհրդանշական ու հիշարժան պահ է. զորավարժության մասնակից պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են հանձնում ազգային ստորաբաժանումների զինծառայողներին:
Այս զորավարժությունը յուրահատուկ փորձություն էր մեր հակաօդայինների համար։ Փորձություն, որը նրանք հաղթահարեցին պատվով՝ դրսևորելով մասնագիտական գերազանց հմտություններ և ունակություններ:
ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ
Աշուլուկից՝ հատուկ «Հայ զինվորի» համար
Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում