Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԵՐՈՒՄ` ՍԱՐԵՐԻ ՊԵՍ…



ՍԱՐԵՐՈՒՄ` ՍԱՐԵՐԻ ՊԵՍ...Սահմանի այս հատվածում ձմեռները խիստ են, դիրքերն` անսովոր բարձր:  Ծառայությունն այստեղ հեշտ չէ, իսկ դիրքապահներն իսկական նվիրյալներ են, իրենց գործի հմուտ գիտակներ, զօր ու գիշեր մշտարթուն` սահմանի կարևոր ռազմավարական նշանակության հատվածն են պահում-պահպանում…

 

Մեր զինվորական «Ուազ»-ը մինչև դիրք սարերով երկար տարածություն է կտրում-անցնում` փնչալով ու ուժերի «լարմամբ» հաղթահարելով դժվարանցանելի հատվածները: Մերթ ընդ մերթ կարմրաթև կաքավները ուրախ խմբերով կտրում են մեքենայի ճանապարհն ու արագ անհետանում տեսադաշտից: Մեր վարորդը` Պարգևը, որ տեղացի է, զգուշությամբ ու վարպետորեն հաղթահարում է ոչ դյուրին ճանապարհը: Այս նույն տեղանքը պատկերացնում եմ ցրտաշունչ ձմռանը` ձյան մետրանոց ծածկույթի ներքո: Զորամասի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանն ու այնուհետև հենակետի մատույցներում մեզ միացած հենակետի պատասխանատու, գումարտակի ԲՀԱ գծով հրամանատարի տեղակալ, մայոր Հարություն Հակոբյանը ճանապարհը կարճում են տեղանքի ու ծառայության մասին հետաքրքիր պատմություններով:

– Տեղեր կան, որ միայն ոտքով կարող ես հաղթահարել. մեր լեռներն են` մեզ պես համառ ու բնավորությամբ բարդ,- ասում է փոխգնդապետ Բաբայանը,- բայց դժվարություններին սովոր ենք, լեռներն էլ մեր բնական միջավայրն են: Երբեմն խանգարում են, երբեմն էլ` օգնում:

Երբ հեռվից երևում է մշուշի մեջ ընկղմված բլրի գագաթին ամրացած դիրքը, մի ուրվապարտեր եմ նկատում. մտածում եմ` դիրքապահներից է: Ու հանկարծ «դիրքապահը» թափ է տալիս իրեն, բացում է հսկայական թևերն ու օդ բարձրանում… Տարօրինակ զգացողություն է: Դիրքապահներն ու արծիվներն այստեղ լեռների տիրակալներն են: Հսկա արծիվները թևատարած «սահում են» երկնքում. այսքան շատ՝ երբևէ չեմ հանդիպել:

ՍԱՐԵՐՈՒՄ` ՍԱՐԵՐԻ ՊԵՍ...Մեզ դիմավորում են դիրքի ավագ, սերժանտ Արամ Սուլեյմանյանը, մարտական հերթապահության հերթափոխը հանձնած զինծառայողներն ու մի քանի հսկայական գամփռ: «Զգո՛ւյշ եղեք, անծանոթ մարդ տեսնեն, հնարավոր է` հարձակվեն»,- շան հսկայական գլուխը շրջելով՝ հեռու են տանում: Բայց քիչ անց արդեն ընկերանում ենք. շները բարեկամներին անմիջապես զգում են:

– Իսկ թշնամու շարժի մասին մեզ հեռվից հեռու տեղեկացնում են,- ասում է Արամը,- հատկապես, երբ մառախուղ է լինում, և տեսանելիությունը վատ է, մեզ շատ են օգնում:

Քիչ հետո էլ շորորալով մի սև կատու է մոտենում մեզ և տեղավորվում հենց հսկա շներից մեկի կողքին` հին բարեկամի պես: Զարմացած հայացքս տեսնելով` մայոր Հակոբյանը կատակում է՝

– Թումանյանը մի քիչ երկար պետք է ապրեր, որ տեսներ, թե շունն ու կատուն ինչ լավ ընկերներ կարող են լինել,- իսկ հետո լրջորեն հավելում է,- դիրքերում բոլորն են բարեկամներ, հարազատաներ. այլ կերպ հնարավոր չէ:

Դիրքի ավագը վերադասներին զեկուցում է սահմանային իրավիճակը, ցուցադրում հակառակորդի հենակետի՝ տեսադիտարկման սարքերի միջոցով փոխանցվող պատկերը: Էկրանին` լայն ընդգրկմամբ, ամենայն մանրամասնությամբ երևում է հակառակորդի հենակետը: Նկատելի է ցանկացած աննշան շարժում:

-Կարող ենք տեսնել` այդ օրը դիրքի անձնակազմի անդամները ածիլվա՞ծ են, թե՞ ոչ,- խոսքը կրկին կատակով համեմելով` մեկնաբանում է մայոր Հակոբյանը:

Այնուհետև սերժանտ Սուլեյմանյանի հետ շրջում ենք դիրքում,  մանրամասն ներկայացնում է իր «տնտեսությունը», հպարտանում վերջերս իրականացրած բարեկարգման աշխատանքներով:

Արդեն 11 տարի է, ինչ Արամ Սուլեյմանյանը ծառայում է զինված ուժերում, վերջին 4 տարիներին` այս դիրքում:

– Ծառայությունիցս շատ գոհ եմ,- ասում է երիտասարդ սպան,- մի քիչ ձմռանն է դժվար լինում, բայց հաղթահարում ենք: Ինժեներական աշխատանքները չեն ընդհատվում: Անվերջ բարելավում, ամրացնում ենք դիրքը:

ՍԱՐԵՐՈՒՄ` ՍԱՐԵՐԻ ՊԵՍ...Դիրքապահների ծառայության շրջանակում իրականացվող բոլոր փոփոխություններից գոհ ենք. դրանք զգալիորեն լավացնում են մեր ծառայության պայմանները: Վերջին դրական փոփոխություններից էր նաև վարձատրության բարձրացումը, որն, իհարկե, ուրախալի էր դիրքապահներիս համար: Սակայն, անկախ այս ամենից, դիրքի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը միշտ էլ կայուն բարձր է եղել: Մենք այստեղ ենք` ժողովուրդն ապահով է: Ինքս սիսիանցի եմ: Ընտանիք, երկու աղջիկ ունեմ:

– Երբևէ մտածե՞լ եք այլ գործի կամ ծննդավայրից տեղափոխվելու մասին:

– Երբե՛ք: Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո ծառայության եմ անցել որպես պայմանագրային: Սիրում եմ այս գործը: Անձնակազմս շատ լավն է: Նրանց մեծ մասի հետ տարիների համատեղ ծառայության փորձ ունեմ. ընտանիքի պես ենք: Դիրքիս շատ կապված եմ, հպարտ եմ, որ զգալի ներդրում ունեմ այստեղ: Հակառակորդի ցանկացած ոտնձգություն հետ մղելու համար ամեն ինչով ապահովված է մեր դիրքը, դիտորդները շատ զգոն են, պատասխանատու:

– Սահմանին կրակոցները հաճախակի՞ են:

– Լինում են, բայց ոչ շատ հաճախ: Հանգիստ, թե լարված` անընդհատ դիտարկում ենք հակառակորդին, ուսումնասիրում ենք:

Խրամուղիներով շարժվում ենք դեպի դիտակետերը: Դրանցից մեկում  հանդիպում ենք շարքային Սուրեն Նազարյանին: Սիսիանցի է, հինգ տարի է, ինչ ծառայում է այս հենակետում: Փեսան էլ մոտակա հենակետերից մեկում է ծառայում:

– Մեր հայրենիքն է, պետք է պահենք,- իր ընտրությունը կարճ բացատրում է Սուրենը,- թիկունքում ընտանիքս է, արդեն թոռնիկ ունեմ, որը մեծանա, հնարավոր է` որոշի մեզ պես զինծառայող դառնալ:

– Հիմա ո՞վ է ում բերել ծառայության,- կատակում եմ,- Դո՞ւք, թե՞ Ձեր փեսան:

– Ես առաջինն եմ եկել, բայց սա այնպիսի աշխատանք է, որ չես կարող համոզելով բերել: Հայրենասեր տղա է փեսաս:

ՍԱՐԵՐՈՒՄ` ՍԱՐԵՐԻ ՊԵՍ...– Այն բարձրադիր հենակետը տեսնո՞ւմ եք,- խրամուղով դեպի մյուս դիտակետը առաջնորդելիս խրամաբջիջներից մեկի մոտ կանգ է առնում ու մատնացույց անում մայոր Հակոբյանը,- այդտեղ հնամենի մատուռներ կան: Աղոթատեղի է, որտեղ այժմ էլ ուխտի են գալիս մոտակա գյուղերից: Վազգեն Սարգսյանն ամեն անգամ սահմանագոտի մեկնելուց առաջ պարտադիր բարձրանում էր այս աղոթատեղին, իր աղոթքն անում ու նոր շարունակում ճամփան:

Հիմնականում այս տեղանքում լուրջ հրետակոծություն չի լինում,- ասում է մայորը,- բայց, ինչպես ասում են` «Փայտը ձեռքից վայր դնել չի կարելի»: Հակառակորդը հակառակորդ է. նրա լռությունը վստահություն չի ներշնչում: Սա էլ մեր ՀՕՊ-ի դիտակետն է, մեր «իգլիստներից է»`  շարքային Արման Մանասյանը:

– Հսկում ենք մեր օդային տարածքը,- ներկայացնում է Արմանը,- այս գործի ամենակարևոր պայմանը ուշադրությունն ու զգոնությունն է: Անհրաժեշտության դեպքում պետք է վայրկյանների ընթացքում հստակ գործես:

– Շարքային Արտակ Մանասյան,- ներկայանում է մյուս` հաղթանդամ դիտորդը:- Մեր շուրջօրյա ծառայությունը կրում ենք մեծ սիրով: Թող մեր ժողովուրդը վստահ լինի` առաջնագծին ամուր կանգնած ենք:

Դիտորդներին խաղաղ ծառայություն ենք մաղթում և վերադառնում գետնատնակ, ուր մեզ արդեն սպասում է «դիրքի սուրճը»: Անհնար է հրաժարվել. աշխարհի ամենահամեղ սուրճն է դիրքապահի ձեռքով պատրաստված սուրճը:

Հեռանալիս կրկին հայացքս չեմ կտրում բարձրադիր դիրքից, որի վերևում, հզոր թևերը պարզած, պտտվում են արծիվները: Իսկ դիրքում իրենց մշտարթուն հերթապահությունն են իրականացնում մեր դիրքապահ արծիվները:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1307) 18.09.2019 - 24.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/09/2019