ԵՎ ԵՍ ՀԱՂԹՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ՕՐ
– Ադամը 112 դիրքի ավագն էր, դիրքը պաշտպանող ջոկի հրամանատարը: Ապրիլի 2-ին մոտավորապես ժամը 3-ից մինչև 4-ը ադրբեջանցիները «Գրադ» կայանքից գնդակոծում են Լելեթեփեի բարձունքը: Հետո սկսվում է անմիջական հարձակումը դիրքի վրա: Ադամը հեռախոսակապով տեղեկացնում է հրամանատարին, որ շրջանաձև պաշտպանությամբ հետ են մղում հակառակորդի գրոհը, բայց ուժերը խիստ անհավասար են: Եվ օգնություն է խնդրում: Հրամանատարը պատասխանում է, որ շուտով համալրում ու զինամթերք կստանան: Որոշ ժամանակ անց Ադամը նորից է խոսում հրամանատարի հետ, ասում է, որ արդեն զոհեր ունեն: Հրամանատարը պատասխանում է, որ դիրքի պաշտպաններին զինամթերք բերող մեքենան ընկել է գնդակոծության տակ, իսկ օժանդակ ուժերը չեն կարողանում ճեղքել հակառակորդի ինտենսիվ կրակը: Սպան նահանջելու հրաման է տալիս: Բայց Ադամն ու իր ջոկի զինվորները չեն լքում Լելեթեփեի բարձունքը: Նրանք 5 ժամ անհավասար, կենաց- մահու մարտ են մղում թշնամու զորքի դեմ: Առավոտյան ժամը 8-ին Ադամը վերջին անգամ է խոսում հրամանատարի հետ, նա ասում է, որ ադրբեջանցիները արդեն մեր խրամատներում են: Րոպեներ անց վերջին կրակոցները լռում են Լելեթեփեի բարձունքին…
Հանկարծ ես հասկանում եմ, որ ոտքի եմ կանգնել: Ձգվել եմ ամբողջ մարմնով, ասես պատվո պահակ եմ իր վերջին երկնային ուղին փառքով անցնող հերոս զինվորի կողքին: Գայանեն նայում է ներշնչված: Գայանեն Ադամի մայրն է: Նուրբ, գեղեցիկ, համաչափ դիմագծերով երիտասարդ կին է, բաց կանաչ աչքեր ունի ու քնքուշ ձայն: Այտերը այրվում են, հայացքի մեջ անպարագրելի հպարտություն կա, դեմքին… հիացմունք ու մի այնքան ամուր ոգեղենություն, որից ակամա սարսռում եմ:
– Ադամը հիմա Եռաբլուրում է, մյուս Անմահների կողքին:
Չի ասում՝ տղաս, չի ասում՝ իմ որդին: Այլ՝ Ադամը: Յուրաքանչյուր տառը շեշտելով է արտասանում հերոս զինվորի անունը:
Ուղեղս ասես դատարկել են, ես կորցրել եմ մտածելու ունակությունը, օդի մեջ ինչ-որ առեղծվածային. գերմարդկային ուժ կա, որի ծանրությունն զգում եմ սրտիս բոլոր բջիջներով:
-Ամբողջ ազգը սգաց Ադամի կորուստը: Ազգի ահռելի ցավի առաջ իմ ցավը փոքրացավ: Ամբողջ հայությունը սիրեց Ադամին, ու իմ սերը կորավ այդ մեծ սիրո մեջ: Իմ ցավից ուժեղ մի բան կա…
«Ցավից ուժե՞ղ»…Ի՞նչը կարող է լինել որդուն կորցրած մոր ցավից ուժեղ:
-Սկզբում անընդհատ մտածում էի, հազար տարբերակ էի հորինում, որն Ադամին կտաներ ուրիշ ճանապարհով, ու ապրիլի 2-ի գիշերը նա չէր լինի Լելեթեփեի բարձունքին: Մեղավորներ էի փնտրում:…Բայց հետո հասկացա, որ նրա ընտրած ուղին անկասելի էր: Որ նրա ճանապարհը դեպի Անմահություն ոչ ոք չէր կարող շեղել: Հասկացա, որ Ադամն առաքելությամբ էր աշխարհ եկել: Ու խաղաղվեցի:
-Ի՞նչ կա ցավից ուժեղ,- միտքը գամել է ուղեղս:
-Ադամի ուժը, Ադամի սերը հայրենիքի հանդեպ: Նրա կորստի ցավը անհամեմատ մեծ է մեկ սրտի ու մեկ սիրո սահմաններում տեղավորելու համար: Եթե անգամ դա մոր սիրտ է: Նա ազգի որդին էր:
Ադամ Սահակյանը: Ազգի որդին: Մեր տղան: Ո՞վ էր նա, ինչպիսի՞ն էր մանկության ու պատանեկության տարիներին, ի՞նչ էր անում, ի՞նչ էր սիրում, ի՞նչ էր խոսում, ի՞նչ երազանքներ ուներ…
Մայրը ժպտում է: Նրա կանաչ աչքերի մեջ փոքրիկ լույս է կաթում: … Քիչ հետո ժամանակի անիվը հետ կպտտենք, անցյալի գզրոցներից մասունք-մասունք կհանենք մի սիրուն կյանքի պատմություն, օղակ-օղակ կհավաքենք հիշողության թելին…
– Ադամն արտասովո՞ր երեխա էր:
– Չէ՛, սովորական երեխա էր: Խոսեց, քայլեց ինչպես բոլոր հասակակից երեխաները՝ ոչ շուտ, ոչ ուշ: Բայց չարություն չէր անում, չէր կոտրում, չէր թափթփում, իրեն չվերաբերող իրերին ձեռք չէր տալիս: Խաղաղ երեխա էր, բայց հաստատակամ ու համառ: Դեռ դպրոց չէր գնում, տարանք գեղարվեստական մարմնամարզության, հետո գեղասահք պարապեց՝ մեր հորդորով: Բայց երբ մի քիչ մեծացավ, ընտրեց ուժի սպորտաձևերը՝ կարատե, բռնցքամարտ: Միշտ մարզվում էր, երբ մարզասրահ գնալու ժամանակ չէր ունենում, տանն էր մարզվում: Պինդ տղա էր, մկանուտ, բարձրահասակ…
– Գեղեցիկ: Ադամը շատ գեղեցիկ էր…
Ինչ-որ բան հալվել է օդի մեջ, ու շնչելը հեշտացել է: Որդու վերջին հերոսական կռիվը առանց մի կաթիլ արցունքի նկարագրած մոր աչքերը խոնավանում են տղայի մանկությունը հիշելիս:
– Ադամը հաջողակ էր: Նա այնքան հեշտ էր հասնում իր ուզածին: Բոլոր դռները ինքնակամ բացվում էին Ադամի առաջ: Ես վստահ էի, որ բոլոր փորձանքները կշրջանցեն նրան: Ապրիլի 2-ին, հաջորդ օրերին, երբ Ադամը չէր զանգում, ու նրանից ոչ մի լուր չկար, ես մտածում էի, որ կապն է խափանվել…Բայց ոչ երբեք…
-Լա՞վ էր սովորում,- ես բռնել եմ անցյալի փեշից ու չեմ ուզում բաց թողնել:
-Ադամը կիրթ տղա էր: Կիրթը մարդու տեսակ է, արյան գույն, հոգու նկարագիր: Կիրթը մի շարք արժանիքների միաձուլումն է կամ մի բան, որից բխում են այդ արժանիքները:
-Ո՞ր արժանիքները:
-Պարտաճանաչությունը, բարությունը, արժանապատվությունը, նվիրումը…Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ նրա կյանքը լի էր ուղերձներով ու կանխասացությամբ:
-Ինչի՞ մասին:
-Այն մասին, որ նա ննջելու է Փառքի պանթեոնում… Հիմա աչքիս առաջ է, թե ինչպես էր մի անկյուն քաշված ժամերով հայրենասիրական երգեր լսում, ինչպես էր ներշնչվում ազգային-ազատագրական պայքարի մասին ֆիլմեր նայելիս, ի՜նչ ոգևորությամբ էր պատմական գրքեր կարդում: Բայց երբեք չէր խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բարձրագոչ բառեր չէր ասում նույնիսկ բանակ գնալիս:
Ադամը զուսպ տղա էր, շատախոս չէր, բայց որտեղ էլ հայտնվեր, ինչ միջավայրում էլ լիներ, րոպեներ անց զատվում էր բոլորից, հայտնվում կենտրոնում, մարդկանց խմբում իր շուրջը: Լուռ, աննկատ: Այլընտրանք չկար՝ հենց նա պիտի լիներ դիրքի ավագը, ու հենց նա պիտի ջոկը տաներ մարտի: Ադամը շատ ընկերներ ուներ, ընկերները սիրում էին Ադամին, որովհետև, ինչ էլ լիներ, մինչև վերջ կանգնում էր ընկերոջ…ոչ թե թիկունքին, այլ նրանից առաջ ու իր վրա էր վերցնում ընկերոջ հոգսը, կռիվը, ցավը: Քանի-քանի անգամ է ընկերների համար ծեծկռտուքի մեջ ընկել: Երբեք ընկերոջը մենակ չէր թողնում: Երբ սերժանտական կուրսերն ավարտելուց հետո նրան ուղարկել էին նորակոչիկներին ղեկավարելու, ասել էր՝ ընկերներիս դիրքում մենակ չեմ թողնի: Ու գնացել էր առաջնագիծ:
Ադամը միշտ էլ սեփական որոշումներն ընդունելու ուժ ու պատրաստակամություն էր գտնում իր հոգում: Այդպես եղան նաև Լելեթեփեի բարձունքին: Նա չենթարկվեց «նահանջ» հրամանին, դա նրա կյանքի ամենավերջին որոշումն էր ու ամենահերոսականը:
– Եթե ժամանակին նահանջեր, գուցե ո՞ղջ լիներ հիմա:
– Չէր նահանջի: Ադամն՝ աչքերը բաց, իր պաշտպանած դիրքը չէր տա թշնամուն: Նա իր կյանքը փրկելու փոխարեն փրկեց այս հերոսապատումը, որի մասին Դուք կգրեք, կգրեն շատերը, ֆիլմեր կնկարեն, բանաստեղծություններ կհյուսեն, կփոխանցեն սերնդեսերունդ: Դա նրա ընտրությունն էր: Նրա վճարած գինը:
Այնպիսի հպարտությամբ է ասում՝ դա նրա ընտրությունն էր, որ քիչ է մնում հարցնեմ՝ Դուք համաձա՞յն եք այդ ընտրությանը: Չեմ հարցնում, որովհետև Գայանեն արդեն բացել է հեռախոսն ու էկրանը մոտեցրել դեմքիս.
-Ադամն է, զորամասում են լուսանկարել:
Ադամը զինվորական համազգեստով է: Անգամ վերնաշապիկի տակից երևում են ամուր, մարզված մկանները: Բարձրահասակ է, թիկունքը՝ լայն, դեմքին ժպիտ, կամք ու ամրություն: Գայանեն թերթում է նկարները…ամենուր նույն լուսե ժպիտն է ու համառ հայացքը:
– Այս հպարտ ժպիտը Ադամից ոչ ոք չէր կարող խլել: Նա այս ժպիտով է դիմավորում Եռաբլուր եկող մարդկանց: Այս ժպիտով է հայրենիքի համար կռվի կոչելու գալիք սերունդներին: Նրա ժպիտն ապրելու է միշտ:
…Դրսում գիշեր է: Ու մթնած ապակիների ընկերակցությամբ՝ էլեկտրական լույսն ավելի ցնծուն ու պայծառ է թվում: Կամ գուցե Ադամի ժպիտն է բազմապատկում լույսը: Քամուց լուսամփոփը ճոճվում է թեթև, ու լույսը ցատկոտում է պատերին, Գայանեի մատների վրա, որ շոյում են որդու մազերը:
-Ասե՞լ եմ, որ Ադամը ճարտարապետաշինարարական համալսարանում էր սովորում, ճարտարապետ-դիզայներ էր դառնալու:
-Վստահ եմ՝ մեծ ճարտարապետ կդառնար, որովհետև նա երբեք ոչինչ հենց այնպես չէր անում:- ասում եմ: Մայրը չի զարմանում, չի հիշում, որ ես երբեք չեմ տեսել Ադամին:
-Ադամը միշտ անում էր այն, ինչ իրեն դուր էր գալիս: Գիտե՞ս, նա երբեք ապագայի ծրագրեր չէր գծում: Ասես՝ նախօրոք գիտեր ամեն ինչ:
-Սիրած աղջիկ ունե՞ր:
-Շատ մտերիմ էր իր համակուրսեցի Ինգայի հետ: Երբեք որևէ աղջկա հետ այդքան չէր մտերմացել: Ամբողջ օրը միասին էին: Ադամը շատ էր հավանում Ինգային, բայց նույնիսկ բանակ գնալիս սիրո խոստովանություն չարեց նրան: Երբ վերջին անգամ արձակուրդից հետո պիտի գնար զորամաս, ասաց՝ մա՛մ, եթե պատերազմ սկսվի, ես ջոկատի հրամանատար եմ լինելու: Ինչո՞ւ պիտի պատերազմ սկսվի՝ զարմացա: Ես չհասկացա, որ նա ասում է՝ մա՛մ, չմոռանաս, որ ես ջոկատ եմ տարել մարտի, կհպարտանաս:
…Ինչ-որ արտասովոր բան կար նրա նվիրումի մեջ: Արձակուրդ էր եկել: Երբ գրկեցի, մարմինն այրվում էր: Ինչքան համոզեցինք՝ հրաժարվեց հոսպիտալում բուժվելու մտքից, որ հանկարծ արձակուրդը չերկարացնեն: Գնաց քաղաքացիական հիվանդանոց: Դեռ լրիվ չապաքինված՝ վերադարձավ զորամաս: Հիշում եմ՝ երբ պիտի ճանապարհեինք, անընդհատ ժամացույցին էր նայում: Դեռ շատ ժամանակ կար, ուշանալու մասին խոսք լինել չէր կարող, բայց Ադամը շտապում էր,անհանգիստ էր: Ասես՝ վախենում էր, որ ինչ-որ բան իրեն հետ կպահի իր առաքելությունից:
…Ինձ ամեն օր տասնյակ մարդիկ՝ դպրոցականներ, երիտասարդներ, ծերեր նամակներ են գրում, փողոցում հանդիպում եմ Ադամի նկարով շապիկներ հագած աղջիկների ու տղաների: Անծանոթ կանայք Ադամին կոչում են՝ որդիս: Վերջերս Գերմանիայում բնակվող մի հայ պատանի գրել էր. «Ես պիտի գամ Հայաստան ու պաշտպանեմ հայրենիքս: Չեմ կարող չգալ, որովհետև ես ամեն օր հիշում եմ Ադամին: Ես ամեն օր մտածում եմ Ադամի մասին ու հաղթում եմ ամեն օր»:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Ճակատագրեր