ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԸ
«Լեյտենանտ Արմինե Գրիգորյանը ծնվել է 1996թ., ավարտել է Տավուշի Արծվաբերդ գյուղի հանրակրթական դպրոցը գերազանցությամբ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ ոսկե մեդալով: Այնուհետև ծառայության է անցել զորամասում՝ որպես դասակի հրամանատար: Ուսումնառության և ծառայության ընթացքում պարգևատրվել է 3 տասնյակից ավելի պատվոգրերով ու 20 մեդալով: 2018թ. ՀԱՊԿ երկրների զինվորականների «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթում ընդհանուր հաշվարկով գրավել է 1-ին տեղը: 2019թ. «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում ընդհանուր հաշվարկով դարձյալ գրավել է 1-ին տեղը, ընդ որում ՝ լավագույնն է ճանաչվել բոլոր՝ «Պրոֆեսիոնալ», «Դիպուկահար», «Էրուդիտ», «Տեր և տիկին» փուլերում, միայն մեկ՝ «Ատլետ» փուլում զիջելով ռուսաստանցի մրցակցին:
Արմինե Գրիգորյանը այժմ սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բաժնում»:
Այս համառոտ կենսագրությունը կարդալուց հետո փորձեք պատկերացնել լեյտենանտ Արմինե Գրիգորյանին՝ 22-ամյա աղջկան, որը օրեր առաջ գրեթե բոլոր մրցաձևերում հետևում է թողել Ռուսաստանից, Ղազախստանից, Հունաստանից, Իրանից, Բելառուսից եկած զինվորականներին, հաղթահարել է արգելագոտիներ, դանակ ու նռնակ է նետել, հրաձգություն է վարել կանգնած, պառկած, ծնկած դիրքերից և այլն:
Այս ամենն իմանալուց հետո իմ մտապատկերում ամբողջացավ բարձրահասակ, լայն ուսերով, մկանուտ, հաղթանդամ աղջկա պատկեր, նույնիսկ կարճ կտրած մազերն ու դեմքի համառ շեշտերը «տեսա»:
…Երբ մեքենայի դուռը բացվեց, ես չհավատացի աչքերիս: Դուրս եկավ փոքրամարմին, երկար, բաց գույնի մազերն ուսերին թափած, սիրունատես աղջիկ: Իսկ երբ մոտեցավ, ավելի զարմացա, որովհետև նուրբ դիմագծերը, բաց դարչնագույն աչքերն ու քնքուշ հայացքը նրա դեմքին մանկական արտահայտություն էին տալիս:
– Դո՞ւ ես հաղթել արտասահմանցի զինվորականներին, քո՞ մասին էր պաշտպանության նախարարն ասում՝ մեր աղջնակի շնորհիվ հաղթեցինք…
– Այո՛, ես բարձրահասակ չեմ, հաղթանդամ չեմ, բայց լավ մարզված եմ: «Խաղաղության մարտիկ» մրցույթը առաջին հերթին պահանջում է գիտելիք, հմտություն, ճարպկություն, մարզվածություն …Ես դպրոցում ինը տարի ուշու եմ պարապել:
– Այսինքն՝ քո խիզախությունը, հակումը տղամարդկային մասնագիտությունների հանդեպ մանկո՞ւց են դրսևորվել:
– Ես սովորական երեխա էի, հասակակից աղջիկների պես խաղում էի տիկնիկներով ու երազում էի ծնողներիս նման մանկավարժ դառնալ: Իսկ ուշուի խմբակ էի գնում, որ մարզված մարմին ունենամ ու առողջ լինեմ: Անկեղծ ասած՝ մեր Արծվաբերդ գյուղում ես մեծ ընտրության հնարավորություն չունեի: Եթե գյուղում պարի խումբ լիներ, հաստատ ուշուի փոխարեն պարել կսովորեի… Ո՛չ առանձնահատուկ խիզախ եմ եղել, ո՛չ էլ հակում եմ ունեցել տղամարդկային մասնագիտությունների հանդեպ, փոխարենը՝ աչքի եմ ընկել բարեխղճությամբ, տոկունությամբ, նպատակասլացությամբ: Ես սիրում եմ գերազանց կատարել պարտականություններս, որքան էլ դժվար լինի, հասնել նպատակիս, չխնայել ուժերս լավագույնը լինելու համար: Չեմ կարծում, թե այս հատկանիշները միայն տղամարդուն են բնորոշ:
Մի օր ես հասկացա, որ մանկավարժի կոչումը իմը չէ: Մեր ռազմագիտության ուսուցիչն էր «մեղավոր»՝ մայոր Գուրգեն Զարգարյանը: Երկու, թե երեք տարի առաջ նա ճանաչվեց հանրապետության լավագույն զինղեկ ու մեքենա նվեր ստացավ վարչապետից: Իսկ մեր դպրոցը 2011թ. սկսած՝ միշտ մրցանակային տեղեր է զբաղեցնում ռազմագիտության հանրապետական օլիմպիադայում:
Ես մեծ սիրով էի մասնակցում ռազմագիտության դասերին, սովորում էի ամեն մանրուք: 9-րդ դասարանում մասնակցեցի ռազմագիտության օլիմպիադային, հրաշալի կատարեցի բոլոր վարժությունները, և մեր դպրոցը առաջին տեղը գրավեց մարզում:Հետո մասնակցեցի հանրապետական օլիմպիադային՝ այս անգամ արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքում, ու երկու տարի անընդմեջ մեր դպրոցը ճանաչվեց լավագույնը հանրապետությունում:
– Ե՞րբ ծնվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելու միտքը:
-Երբ առաջին անգամ ոտք դրեցի ինստիտուտ: Շատ տպավորվեցի: Շենքը, ինստիտուտի ամբողջ տարածքը համակված էր ինչ-որ անբացատրելի վեհությամբ: Համազգեստ կրող կուրսանտները նման չէին հասակակից տղաներին. մի տեսակ լուրջ էին, ձիգ, ամուր…
– Առաջին անգա՞մ էիր շփվում զինվորականների հետ:
– Ո՛չ, մեր գյուղում զորամաս կա, ու առիթ եղել էր շփվելու զինվորների ու սպաների հետ, տեսնելու նրանց կուռ շարքերը, վարժանքները, բայց…ինստիտուտն ուրիշ էր:
-Ծնողներդ չընդդիմացա՞ն, երբ ասացիր, որ ուզում ես ռազմական ինստիտուտ ընդունվել:
-Մայրս դեմ էր, իսկ հայրս անմիջապես համաձայնեց:
– Իսկ ինքդ մտավախություններ չունեի՞ր:
– Ինձ երբեք չեն ճնշել կարծրատիպերը: Ընդունված տեսակետները երբեք չեն կարող ազդել իմ որոշումների վրա:
-Համակուրսեցի տղաները ինչպե՞ս ընդունեցին քեզ:
-Նրանց մի մասը ավելի հանդուրժող էր. նրանք ասում էին, որ աղջիկները կարող են զորամասերի շտաբներում ծառայել:
– Իսկ մյուս՝ անհանդուրժող մասը ի՞նչ կարծիքի էր:
– Անկեղծ ասած՝ աղջիկների ներկայությունը խոցում էր նրանց տղամարդկային արժանապատվությունը: Ասես՝ մենք նրանցից խլում էինք ուժի, հերոսության մենաշնորհը:Նրանք զինվորականի գործը կոչում էին քաջի մասնագիտություն, իսկ մեզ՝ թույլ սեռ, ու հոգու խորքում դժգոհ էին, որ թույլ սեռը հանդգնել է հավասարվել իրենց: Բայց, այդ ամենով հանդերձ, շատ հոգատար էին մեր հանդեպ, ուշադիր, հարգալից:
– Քանի՞ աղջիկ կար ձեր կուրսում:
– Ութ աղջիկ ընդունվեցին, ու բոլորն էլ ավարտեցին համալսարանը, իսկ շատ տղաներ չդիմացան ծանրաբեռնվածությանն ու ուսումը կիսատ թողեցին:
– Քո անձնական գործում գրված է, որ ռազմական ինստիտուտը ավարտել ես ոսկե մեդալով: Դա նույն կարմիր դիպլո՞մն է:
-Ո՛չ: Դու կարող ես կարմիր դիպլոմ ստանալ, եթե բոլոր առարկաները եզրափակել ես գերազանցով, իսկ ոսկե մեդալ ստանալու համար պետք է ամբողջ ուսումնառության ընթացքում գերազանցից բացի այլ գնահատական չունենաս: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իր 25-ամյա կենսագրության ընթացքում միայն 5 ոսկե մեդալակիր է ունեցել:
– Արմինե՛, ի՞նչ տվեց քեզ ուսումնառությունը ռազմական բուհում, մասնագիտական գիտելիքներից բացի:
-Ես անչափ սիրում եմ իմ բուհը ու շատ գոհ եմ իմ ուսումնառության տարիներից: Մեր դասախոսները դասավանդում էին գերագույն նվիրումով, ամեն ինչ անում էին, որ մենք հնարավորինս խոր գիտելիքներ ստանանք: Նրանք մինչև ժամը 6-ը մնում էին համալսարանում, որ եթե մենք ինքնապատրաստության ժամերին օգնության կարիք ունենանք, կրկին բացատրեն դասը: Ես շատ եմ կարևորում ռազմական ինստիտուտի բարոյահոգեբանական մթնոլորտը, գաղափարականությունը: Մեր դասախոսները բանակի ու հայրենիքի նվիրյալներ էին, ու ճառեր պետք չէին այդ նվիրումը մեզ փոխանցելու համար, նրանց կերպարը բավական էր:
Ես ռազմական բուհում սովորեցի ոչ միայն արագ ճանաչել մարդկանց, այլև ճիշտ հարաբերվել նրանց հետ:Սա շատ կարևոր փորձառություն էր, որն ինձ պետք եկավ որպես դասակի հրամանատար:
-Ասում են՝ միջբուհական ունիվերսիադայի ժամանակ՝ որպես ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, մրցել ես ու պարտության մատնել քո նախկին սիրելի բուհի կուրսանտներին:
-Իսկապես, շատ ծանր էր ինձ համար: Ես երկու տարի՝ որպես ռազմական բուհի ուսանող, մասնակցել էի միջբուհական ունիվերսիադային, ու մեր բուհը միշտ էլ մրցանակային տեղեր էր գրավել, հետևում էր թողել մրցակիցներին, բայց այս անգամ ես ստիպված էի հանդես գալ ԵՊՀ-ի կողմից:
– Լավ, խոսենք «Խաղաղության մարտիկ» զինվորականների միջազգային մրցույթից:
– Մրցույցը 10 տարվա պատմություն ունի, այս տարի այն կազմակերպվել էր Հայաստանում, և մասնակցում էին նաև Իրանի ու Հունաստանի զինվորականները: Ասեմ, որ մերոնք ջանք չէին խնայել. մրցույթը կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով, արտասահմանցի զինվորականները պարզապես հիացած հեռացան մեր երկրից՝ մեր հյուրընկալությունից, մեր բնաշխարհի գեղեցկությունից:
Մրցույթը ուներ 5 փուլ: Առաջին՝ «Պրոֆեսիոնալ» փուլում պետք է արգելագոտիներ հաղթահարեինք, սողայինք փշալարերի տակով և այլն: Այդ փուլում կային նաև ռազմաբժշկական պատրաստություն և կողմնորոշում տեղանքում մրցաձևերը: Երկրորդը «Դիպուկահար» փուլն էր, որը նախատեսում էր հրաձգություն վարել Ակ-74 ավտոմատով՝ կանգնած, պառկած ու ծնկած դիրքերից: «Ատլետ» փուլը ներառում էր ֆիզիկական վարժություններ, նռնակի նետում և այլն: «Էրուդիտ» փուլը ներառում էր մրցույթ պատմություն առարկայից, իսկ «Տեր և տիկին» փուլը՝ երգ, պար ու ասմունք:
– Փաստորեն, դու հաղթել ես բոլոր փուլերում, բացի «Ատլետից»:Դժվա՞ր պայքար էր:
-Այո՛, պայքարը բավականին դժվար էր, բոլոր երկրներն էլ շատ լավ էին նախապատրաստվել մրցույթին, բոլորն էլ ուզում էին հաղթանակ բերել իրենց երկրին, իրենց բանակին, ու շատ հզոր մրցակիցներ էին:
-Արմինե՛ ջան, արի խոսենք նաև քո ծառայությունից, քո դասակից:
– Ես 20-25 հոգանոց ստորաբաժանման հրամանատար եմ, իմ դասակում ժամկետային զինծառայողներ են՝ զինվորներ:
– Համարյա քո տարիքին:
– Տարիքը էական չէ, մեր միջև կձևավորվեին հրամանատար-զինվոր ճիշտ փոխհարաբերություններ, եթե անգամ նրանք ինձնից ավելի տարիքով լինեին:
-Ասում են՝ հրամանատարը պիտի լինի իր զինվորի ընկերը:
-Ո՛չ, ես իմ զինվորների ընկերը չեմ, ես նրանց հրամանատարն եմ՝ իմ բոլոր պարտականություններով՝ խստապահանջությամբ, հարգանքով, հոգատարությամբ, աջակցությամբ…Մեր հարաբերություններում չկան իշխողներ ու հնազանդվողներ, մենք՝ յուրաքանչյուրս, կատարում ենք կանոնագրքով մեզ վերապահված պարտականությունները: Ես հարգում եմ իմ զինվորների տղամարդկային արժանապատվությունը, ու նրանք ինձ պատասխանում են փոխադարձ հարգանքով:
-Իսկ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորելը ինչի՞ համար է:
-Ես չորս օտար լեզու գիտեմ ու պիտի ավելի կատարելագործեմ իմացությունս: Իսկ միջազգային հարաբերություններով վաղուց եմ հետաքրքրվում: Հնարավոր է՝ ռազմական դիվանագիտության ասպարեզում փորձեմ ուժերս:
– Երևի այդ միտքը ծագել է օտարերկրյա զինվորականների հետ շփվելիս:
-Արտասահմանցի զինվորականների մասին շատ բարձր կարծիք ունեմ, նրանք բազմակողմանի զարգացած են, իրենց գործի գիտակ, անմիջական են, լայնախոհ, հանդուրժող ու կիրթ…Ես շատ տպավորված եմ մրցույթների մասնակցող արտասահմանցի զինվորականներից:
– Բնականաբար, չէ՞ որ մրցելու են գալիս լավագույնները:
-Ինձ դուր եկավ հատկապես նրանց մրցելու կուլտուրան. մրցակիցը չի դառնում հակառակորդ, մրցույթը չեն վերածում հակամարտության, ուրախանում են մրցակցի հաջողություններով:
-Սիրելի՛ Արմինե, շնորհավորում եմ բոլոր հաղթանակներդ ու մաղթում եմ, որ բոլոր երազանքներդ իրականություն դառնան:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում