ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ
Արենիից Խաչիկ տանող ճանապարհի սկզբին՝ տներից մեկի առջև, երեխաներն արդեն մեծ ոգևորությամբ ողջունում են գյուղ բարձրացող մեքենաներին: Թշիկներին եռագույն դրոշ նկարած երեխաները հպարտության ու կենսուրախության մարմնացում են: Մեքենայից ձեռքով պատասխանում ենք նրանց ողջույնին: Սարերով դեպի Խաչիկ 21 կմ ձգվող ճանապարհը, որով անցնելիս սովորաբար երեք մեքենայից ավելի չի հանդիպում, անսովոր բանուկ է այսօր: Մեքենաները շտապում են «դեպքի վայր»:
Մշակութային եզակի կոթողներով հարուստ Խաչիկը պատմական Նախիջևանի միակ գյուղն է, որ այսօր գտնվում է ՀՀ տարածքում և ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Երեք կողմից հակառակորդի հետ սահմանակից Խաչիկում զինվոր են բոլորը՝ մեծից փոքր: Գյուղացի տղամարդկանց մեծ մասը պայմանագրային հիմունքներով դիրքային ծառայություն է իրականացնում. զինվորականների հետ ուս ուսի պաշտպանում են հայրենի օջախը:
Խաչիկ մուտք գործելուն պես տոնական տրամադրությունն անմիջապես վարակում է: Գյուղամեջ տանող ճանապարհին՝ թեքության վրա, եռագույն ներկված հսկա գլաքարերով ազդարարվում է՝ «Khachik gata festival»: Այս տարի մեր երկրի անկախության 28-ամյակի տոնին համընկել է Խաչիկի ավանդական Գաթայի փառատոնը: Կազմակերպիչները ջանք ու երևակայություն չեն խնայել կրկնակի այս տոնախմբությունը գեղեցկացնելու և սահմանապահ գյուղում ընտանեկան ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ ստեղծելու համար:
Գյուղամիջում արդեն ամեն ինչ պատրաստ է հանդիսությանը: Հրապարակի կենտրոնում օրվա հերոսն է՝ հսկայական գաթան: Գյուղացիները պատրաստել ու զարդարել են տաղավարները, որոնք ճքճքում են Խաչիկի ու նաև մոտակա գյուղերի բերքուբարիքից: Ցուցահանդես-վաճառքի են դրված նաև գյուղի ստեղծագործող կավագործների, խեցեգործների, փայտագործների աշխատանքները: Գյուղամեջը մի գեղեցիկ հանգստյան գոտու է վերածվել. որ կողմը նայես՝ հայկական կոլորիտ է. ծղոտե «աթոռները» և սեղանները, փայտե սայլերը տեղադրված են բոլոր ստվերոտ տեղերում՝ ընտանիքով կամ մենակ նստի՛ր, վայելի՛ր հրամցվող մատաղը, ոսկեզօծ ու կարմրաթուշ գաթան՝ օրվա խորհրդանիշը: «Խորիզով գաթա, թոնրի գաթա, պոպոքով, մեղրով գաթա…», ներկայացնում են գյուղացիները,- համտեսե՛ք, նոր վերցրեք»:
Մոտենում եմ հյուրերին դիմավորող՝ Խաչիկի նորանշանակ գյուղապետ Հովիկ Սմբատյանին: Համայնքապետը գոհունակությամբ ասում է. «Խաչիկը այն սահմանամերձ գյուղերից է, որտեղից արտագաղթ չկա, փոխարենը՝ ներգաղթի միտումներ են նկատվում: Նման միջոցառումներն էլ ավելի ճանաչելի են դարձնում մեր համայնքը, ոգևորում գյուղացիներին: Բացի այդ, այստեղ գործում է հստակ կապ՝ գյուղացի, զինվորական, եկեղեցի: Իսկ մեր խոշորացված համայնքի ղեկավարն ամուր կանգնած է մեր թիկունքին»:
Մեքենաների հոսքը դեպի գյուղի կենտրոն շարունակվում է. այցելուներն այսօր շատ բազմազան են. մոտակա գյուղերից, Երևանից ու այլ մարզերից ժամանած հյուրերից զատ՝ Խաչիկի գաթան ճաշակելու և Անկախության տոնը հենց սահմանին նշելու, այս հողի ուժն ու հզոր կենսադաշտը վայելելու են եկել նաև այլազգի հյուրեր Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, նույնիսկ Բրազիլիայից: Իսկ հանդիսության «ալֆան» և «օմեգան», իհարկե, սահմանը պահող զինվորականներն ու պայմանագրայիններն են` այսօրվա տոնը կերտողները:
Մի տեղ՝ հատուկ դրա համար տեղադրված հարթակի վրա, ձեռքի ուժի մրցության են բռնվել զինվորները: Մի ուրիշ տեղ՝ սեղանի մոտ, մտքի ուժի սիրահարները հետաքրքրասերների հայացքի ներքո շախմատ են խաղում: Ուղիղ կեսօրին ազդարարվում է միջոցառման մեկնարկը, որը սկսվում է մեր անկախության համար պայքարած զինվորի փառաբանությամբ: Գեղեցիկ կատարումները հաջորդում են մեկը մյուսին:
Այսօր զորամասի շատ զինծառայողներ եկել են իրենց պաշտպանած գյուղի բնակիչների հետ շփվելու, նրանց հետ անկախության բերկրանքն ու հպարտությունը կիսելու և գաթա վայելելու: Մարդկանց կուտակումների մեջ երկու զինվոր եմ նկատում, որոնք գյուղացիների երեխաներին կոնֆետներ են հյուրասիրում: Մոտենում եմ տղաներից մեկին, որ այդ պահին ծնկել է՝ երեխաներից մեկին կոնֆետ հյուրասիրելու: Կողքին երեխայի մայրիկն է ժպիտով հետևում զինվորին՝ մի ձեռքով օրորելով մանկասայլակի մեջ նիրհող մյուս երեխային: Լուսանկարում ու մոտենում եմ զինվորին. «Կարո՞ղ ենք զրուցել»: «Պետք է թույլտվություն վերցնել մեր հրամանատարից»,- և ցույց է տալիս մոտակայքում զինվորականներով շրջապատված փոխգնդապետին: Մինչև այդ, ինքս էի մարդկանց հոծ բազմության մեջ փորձում գտնել նրան: Երեկոյան միասին մարտական հենակետեր այցելելու պայմանավորվածություն ունեինք: Հրամանատարը այս պաշտոնում վերջերս նշանակված փոխգնդապետ Գարեգին Մուրադյանն է: Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Կարեն Մուրադյանի որդին, ծառայողական տպավորիչ ուղի անցած, վերջերս ոսկե մեդալով Մոսկվայի ռազմական ակադեմիան ավարտած զինվորականը լավ է գիտակցում խաղաղության գինը: Ծնունդով մեր հանրապետության մեկ այլ սահմանամերձ գյուղից է: «Ուրախ եմ ու հպարտ, որ այս գյուղը պաշտպանող զորամասի հրամանատար եմ նշանակվել. սա իմ գյուղն է, իմ հողը, ես ինձ լիարժեք խաչիկցի եմ համարում: Սիրով շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնը: Սա մեր պապերի երազած օրն է»:
Կրկին մոտենում եմ զինվորին. «Հիմա կարո՞ղ ենք զրուցել»: ժպտում է՝ «Կարելի է: Ես սերժանտ Խաժակ Սարգսյանն եմ: Ծնունդով Իջևանից եմ, ծառայում եմ որպես ջոկի հրամանատար: Մեծ պատիվ է մեզ համար, որ այսօր պաշտպանում ենք Խաչիկի ժողովրդին, այս երեխաներին: Որ մարդիկ կարողանում են անկախության տոնը նշել մեր ապահոված խաղաղության պայմաններում»:
Գյուղապետարանի առջևի տոնական հարթակում մի նոր աշխուժություն է սկսվում: Հանդիսավարը երգիծական կեղծ ողբերգականություն է հաղորդում ձայնին. «Հենց նոր մի շատ վատ լուր առանք, սիրելի հայրենակիցներ… մահամերձ մեկը զանգեց… Նա խնդրում է բոլոր հարազատներին հավաքվել իր շուրջը՝ հրաժեշտի: Ցանկացողները կարող են վերջին անգամ լուսանկարվել նրա հետ…»: Գաթան կտրելու հանդիսավոր պահն է: Միջոցառման բոլոր մասնակիցները շտապում են «մահամերձի մոտ», լուսանկարվում խմբերով, սելֆի անում:
Գաթայի օրհնության արարողակարգն անցկացնում է զորամասի գնդերեց տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Տեր Հովհաննեսը գյուղում կատարվող ամեն ինչի, նաև այս միջոցառման հոգևոր մշակն ու շունչ հաղորդողն է: «Հայ զինվորի» առաջիկա համարներից մեկում կներկայացնեմ այս ինքնատիպ հոգևորականին, իսկ այժմ իմ մի քանի տպավորություններն այդ օրվանից: Տեր Հովհաննեսը ամենուր էր: Թե՛ գյուղացիների հետ էր, թե՛ գյուղի հյուրերին էր դիմավորում և թե՛ այդ հատուկ օրով մկրտվելու ցանկություն հայտնածների մկրտության ու օրհնության կարգ անցկացնում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Մե՛կ հագնում էր սքեմը ու հոգևորականի իր ծառայությունը մատուցում, մե՛կ զինվորների հետ մտերմիկ զրույցի բռնվում, մեկ էլ, եկեղեցուց դուրս գալով, հանում սքեմն ու շուրջպարի բռնվում պարային խմբերի երեխաների հետ: Հաջորդ պահին անգլերեն զրուցում էր տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ:
Գաթայի օրհնության արարողությունը տեր Հովհաննեսը, իհարկե, նախ և առաջ սկսում է սահմանին կանգնած զինվորից: Գաթան կտրելու պատվավոր առաքելությունն էլ զինվորինն է: Ծառայությունում աչքի ընկած զինվորներից մեկը սկսում է կտրել գաթան: Հետո նրան միանում են մյուսները: Գաթայից գոնե մի-մի կտոր պետք է հասնի բոլոր ներկաներին: Ու նորից թնդում են ռազմահայրենասիրական ու ազգային գեղեցիկ պարեղանակները: Կրկին գյուղամիջի հրապարակը զարդարվում է Խաչիկի և հատուկ այս առիթով գյուղ եկած հարակից մյուս գյուղերի համույթների կատարումներով: Երգում են նաև զորամասի շնորհալի զինվորները. նրանց ծառայակից ընկերները, երաժշտության հանգույն եռագույնը ծածանելով, շուրջպար են բռնում:
Մոտենում եմ ակնհայտորեն «դրսից եկած» ամուսիններին՝ տեր և տիկին Իշխանյաններին: Եկել են Լոս Անջելեսից: Ջերմություն ու ոգևորություն են ճառագում: «Ինչպե՞ս եք ձեզ զգում այստեղ՝ սահմանին»,- հետաքրքրվում եմ: Կինը՝ Սոֆի Իշխանյանը, ասում է՝ «Գերազանց. թող իրե՛նք վախենան», իսկ ամուսինը՝ Րաֆֆի Իշխանյանը, ավելացնում է. «Որ ասում եք՝ «սահման», այլևս հայի համար սահմաններ չկան: Մենք այսուհետև միայն առաջ պետք է գնանք: Շատ ոգևորված ենք: Ծրագրում ենք կիսով չափ հայրենիքում հաստատվել՝ վեց ամիս այստեղ, վեց ամիս՝ այնտեղ: Անպայման մի ոտքով հայրենիքում պետք է լինենք»:
Մի սայլի վրա էլ տեղավորվել են երկու երիտասարդ աղջիկներ: Ռուսերեն են զրուցում: Նրանցից մեկի դիմագծերն ու սև աչքունքը վկայում են՝ հայուհի է: Մոտենում եմ աղջիկներին: «Հայի աչքերով» աղջիկը սկսում է ռուսական շեշտադրությամբ, բայց վարժ հայերեն խոսել: Մոսկվայի ճարտարապետաշինարարական ուսումնարանի սաներ են. Հայաստանն են ընտրել ճարտարապետական ուսումնասիրությունների համար: Իմանալով Խաչիկի փառատոնի մասին՝ ցանկացել են ներկա լինել: «Զգո՞ւմ եք, որ սահմանին եք: Գիտե՞ք որ Հայաստանը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում է»: «Գիտենք, ու շատ հետաքրքիր է այսօր հենց սահմանին լինելը: Ոչ մի անհանգստություն չենք զգում: Այստեղ ներկա զինվորականներից էլ ոչ թե պատերազմի, այլ խաղաղության, պաշտպանվածության զգացողություն է փոխանցվում»,- ժպտում է հայուհին՝ Իրինա Սարուխանյանը:
Գյուղի բարձրադիր տներից մեկի՝ ուղիղ Նախիջևանին նայող պատը վերածվել է «կտավի». այստեղ ներկարարական պարագաներով երիտասարդների մի խումբ է աշխատում. մեկը մյուսի ետևից հրեշտակների պատկերներ են հայտնվում «կտավին»: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրով գործող մշակութային օջախի սաներն են: «Սրանք Խաչիկ գյուղի պահապան հրեշտակներն են»,- իրենց ստեղծագործությունն են ներկայացնում սաները: Ի դեպ, նույն՝ «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի շնորհիվ Խաչիկ գյուղում բացվել է «Հավեսին սենյակ» անվանումով ստեղծագործական կենտրոնը, որտեղ Խաչիկի երեխաները, այստեղ այցելող վարպետ նկարիչների ուղղորդմամբ, իրենց երևակայության մեջ հայտնվող պատկերներն են հանձնում թղթին: Ասում են՝ արդյունքը շշմեցուցիչ է:
Տոնական օրվա վերջին ակորդներն են: Հայաստանի հեռավոր վայրերից եկած հյուրերը դեռ երկար ճանապարհ ունեն կտրելու: Իսկ նրանց համար, ովքեր դեռ ուզում են վայելել բարձր տրամադրությունը, հայկական՝ մեկը մյուսից գեղեցիկ կատարումները չեն դադարում: Ամեն ինչ ճաշակով է՝ հայկական ազգային, ռազմահայրենասիրական ամենագեղեցիկ երգն ու պարն են ընտրվել: Եկեղեցու բակում ամենատաքարյուն և ուրախ խումբը՝ Բրազիլիայից ժամանած պարուսույցները, շուրջպար են բռնել հայկական «Քոչարու» ներքո:
Վարդինեն է բերել նրանց՝ Բրազիլիայում ծնված ու մեծացած հայուհին, որ համազգային մշակութային ծրագրի իրագործողներից է հեռավոր այդ երկրում: Ջերմորեն զրուցում են տեր Հովհաննեսի հետ, խնդրում է՝ «Մենք այս փառատոնին միշտ սիրով սպասում ենք: Ավելի վաղ սկսեք համացանցով ազդարարել, որ հաջորդ տարի հասցնենք ավելի մեծ խումբ ներգրավել»: Հետո Վարդինեն ինձ պատմում է. «Չնայած ծնվել ու մեծացել եմ Բրազիլիայում, բայց հայրենիքի կանչը միշտ զգում եմ: Ընտանիքով արդեն որոշում ենք կայացրել՝ վերադառնալու ենք»: Բրազիլական գեղեցիկ պարեղանակներն են հաջորդում իրար, և բրազիլացիների գունեղ, ուրախ խումբը բոլորին հրավիրում է իրենց շրջանը: Խաչիկցիներն ու հայազգի հյուրերն էլ են միանում պարին: Այստեղ էլ տեր Հովհաննեսը շուրջպարի կարևոր օղակներից է: Աներևակայելի մթնոլորտ է տիրում: Խաչիկում՝ այս սահմանապահ գյուղում իսկական միջազգային, մշակութային հրավառություն է:
Իմանալով, որ «Հայ զինվորի» թղթակիցն եմ, գյուղացիներն առաջարկում են՝ մնացե՛ք մեր տանը: «Դեռ դիրքեր եմ բարձրանալու»,- ասում եմ: Երբ իմանում են, որ դիրքերում եմ լինելու, հետս գաթա են դնում՝ «Կտանե՛ս զինվորներին»: Օրվա վերջին նվերներով ուղևորվում ենք դիրքեր՝ զորամասի հրամանատարի և գնդերեցի ուղեկցությամբ: Դիրքերում կանգնած տղաները անմասն չմնացին տոնից:
…Անկախության և միասնության տոն սահմանին՝ խաղաղության խորհրդանիշ զինվորականով, բերրիության խորհրդանիշ հսկա գաթայով, սրտաբացության ու ազնվության խորհրդանիշ գյուղացիներով… Հնարավո՞ր է ավելի լավ տոն պատկերացնել… Ցտեսությո՜ւն, Խաչի՛կ: Կարող եմ հաստատապես վկայել՝ մեկ անգամ այստեղ ոտք դնողը ակամա ձգտում է վերադառնալ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում