ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇՔԵՐԹ ԹԱԻԼԱՆԴՈՒՄ
Թաիլանդի Պարտա քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի երիտասարդների գործող չեմպիոն, գյումրեցի Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշայինների կարգում երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն: Գյումրու ծանրամարտի հռչակավոր դպրոցի սանը այս առաջնության ժամանակ սահմանեց ոսկե դուբլ, ինչը հիրավի բացառիկ հաջողություն է նման խոշոր և ներկայացուցչական ստուգատեսում:
Աշխարհի նորընծա չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է իր ընտանիքին ու հայ ժողովրդին:
♦♦♦
Իր թիմակցի հաջողությունը կրկնեց Սիմոն Մարտիրոսյանը՝ 109 կգ քաշայինների կարգում, երկամարտի 429 կգ արդյունքով, երկրորդ անգամ անընդմեջ հռչակվելով աշխարհի չեմպիոն: Պոկում վարժությունում բարձրացնելով 199 կիլոգրամանոց ծանրաձողը, տաղանդաշատ մարզիկը գրավեց առաջին տեղը՝ այս վարժությունից սահմանելով նաև աշխարհի նոր ռեկորդ։
Սիմոնը անգերազանցելի էր նաև հրում վարժությունում: Պատվիրելով 230 կգ, նա առաջին իսկ մոտեցմամբ իրեն ենթարկեցրեց անհավանական թվացող ծանրությունն ու նվաճեց հաղթողի տիտղոսը։
Մեր ծանրամարտի հավաքականի առաջատարը նաեւ 2016թ. Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018թ. աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 եւ 2019 թվականների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Հիշեցնենք, որ այս տարի Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը հաղթողի դափնին նվաճեց երկամարտի 427 կգ արդյունքով:
♦♦♦
Ծանրամարտի աշխարհի առաջնության 109կգ քաշայինների կարգում երկամարտի 460կգ արդյունքով արծաթե մեդալակիր դարձավ 2016թ. Ռիոյի օլիմպիական խաղերի և 2018թ. աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Նույն քաշային կարգում երկամարտի 437 կգ արդյունքով բրենզե մեդալակիր դարձավ այս տարվա Եվրոպայի չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը:
Մեր ծանրորդները բարձր պահեցին ինչպես հայկական ծանրամարտի դպրոցի, այնպես էլ մեր երկրի մարզական պատիվը: Այս պատմական հաղթանակները սպասված էին և օրինաչափ: Հակոբի, Սիմոնի, Գոռի, Ռուբենի ելույթները համաշխարհային նշանակության թիվ մեկ ստուգատեսում, կրկին անգամ հավաստեցին, որ հայկական ծանրամարտի դպրոցի փառահեղ ավանդույթներն ի դեմս հայ դյուցազունների ապահով և հուսալի ձեռքերում են:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #38 (1309) 2.10.2019 - 8.10.2019, Մարզաշխարհ