Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ Է



ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ ԷԶՈՐԱՏԵՍԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոկտեմբերի 10-ը հայկական բանակում նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր: Զորատեսակի առաջին ստորաբաժանումն ստեղծվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին (հրամանատար` կապիտան Օ.Խաչատուրյան), իսկ հոկտեմբերի 1-ին կազմավորվել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը (բաժնի պետ, փոխգնդապետ Մ.Հայրապետյան) և հաշվարկա-վերլուծական կայանը: Հետագայում բացվեցին նաև այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր: Ստորաբաժանումներն անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը լուծվեց խորհրդային բանակից տեղափոխված հայազգի սպաներով ու ենթասպաներով, ինչպես նաև պահեստազորից մասնագետներ զորակոչելով: Հետագայում կազմավորվեց ուսումնական դասակ, որը դարձավ քիմիկ-մասնագետների և կրտսեր հրամանատարների պատրաստման կարևոր օղակ: Հաշվի առնելով կատարված աշխատանքի ծավալը` 1997թ. մարտ ամսին պաշտպանության նախարարի հրամանով ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը վերածվեց վարչության: Վարչության պետ նշանակվեց գնդապետ Ս.Արզումանյանը:

ՌՔԿՊ զորքերը անմասն չմնացին Արցախյան պատերազմում հաղթանակի ձեռքբերման գործում: Մարտական գործողություններին անմիջական մասնակցությունից բացի, մասնագետները սահմանամերձ տեղամասերում և հակառակորդի հավանական հարձակման ուղղություններով տեղադրեցին հրանետներ, կազմակերպեցին անձնակազմի ուսուցումը, իրականացրին մարտադաշտից հավաքված` մանրէներով վարակված և վերանորոգման ենթակա տեխնիկայի հատուկ մշակումը:

Զինադադարից հետո առաջնահերթ ուշադրություն դարձվեց անձնակազմի մարտական պատրաստությունը որակական նոր աստիճանի բարձրացմանը: Ստեղծվեց նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, զորամիավորումներն ու զորամասերը ապահովվեցին անհատական պաշտպանական լրակազմերով և հակագազերով, ռադիացիոն, քիմիական հետախուզման մեքենաներով ու սարքերով, հատուկ մշակման տեխնիկայով ու միջոցներով: Այսօր արդեն զորատեսակը ամբողջովին կայացած կառույց է, որն իր արժանի մասնակցությունն ունի զինված ուժերի զարգացման գործում:

 

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԸ

 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ ԷՍտեղծման օրվանից ՌՔԿՊ զորքերի գործունեությունը կազմակերպվում է երկու ուղղություններով` հակառակորդի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական միջոցների կիրառմամբ հավանական հարձակման դեպքում զորամասերի ու ստորաբաժանումների կողմից մեր զինծառայողների ու քաղաքացիական բնակչության պաշտպանություն և ԶՈՒ անձնակազմին անհատական պաշտպանական լրակազմերից ճիշտ օգտվելու ուսուցանում:

ՌՔԿՊ վարչությունը ակտիվորեն համագործակցում է նաև քաղաքացիական գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ: Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ պլան է մշակվել Մեծամորի ատոմակայանում, «Նաիրիտ» գործարանում և այլ ձեռնարկություններում հավանական վթարների հետևանքով առաջացած ռադիացիոն կամ քիմիական վտանգը համատեղ վերացնելու ուղղությամբ: Վարչության մասնագետները մասնակցում են նաև ժամկետանց դեղորայքի ոչնչացման, Նուբարաշենի աղբանոցի մաքրման աշխատանքներին:

 

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

 

Այսօր ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերը զարգացման բոլորովին նոր փուլ են թեւակոխել: Մշակվել է զորքերի վերազինման ու կատարելագործման նոր ծրագիր, որի իրագործումը թույլ կտա օգտագործել նաև հայրենական գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներն այս ոլորտում, զորքեր մատակարարել արտասահմանյան նմուշներին ոչնչով չզիջող հատուկ սարքավորումներ:

Մեր ռազմարդյունաբերությունը արդեն ներկայացրել է հզոր զինատեսակ` համազարկային հրանետ: Այն ստեղծվել է հայ մասնագետների մշակած տեխնոլոգիայի հիման վրա: Շարժական բազմափող նռնականետային կայանքները նախատեսված են հակառակորդի քողարկված կրակակետերի ոչնչացման, թեթև զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկան շարքից դուրս բերելու, ինչպես նաև բաց տեղանքում և տարբեր տեսակի թաքստոցներում կենդանի ուժի ոչնչացման համար: Այս կայանքներն ի վիճակի են հաշված վայրկյանների ընթացքում կատարել համազարկ, միջին հեռավորությունների վրա միաժամանակ հրետակոծել հակառակորդի տարածքի մոտ 2000 քառակուսի մետր մակերես: Հայ մասնագետների մի քանի այլ նախագծեր մշակման փուլում են:

 

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԵՐ ՍՊԱՆԵՐԸ

 

ՀՀ ԶՈւ ՌՔԿՊ զորքերի վարչությունը (վարչության պետ, գնդապետ Վ.Նշանյան) ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ:

Բազմաթիվ հայ սպաներ վերապատրաստվում են Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում, մասնակցում այնտեղ անցկացվող զորավարժություններին, ծանոթանում այնտեղ ընդունված աշխատաոճին, մասնագիտական սարքավորումներին ու տեխնիկային: Անկասկած, համագործակցության յուրաքանչյուր օրինակ ավելի է նպաստում մեր զինված ուժերի տվյալ զորատեսակի մարտունակության բարձրացմանը:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #39 (1310) 9.10.2019 - 15.10.2019, Ազգային բանակ


10/10/2019