Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹՈՒՄ Է ԲԱՆԱԿԸ, ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ



Հոկտեմբերը մեր հանրապետությունում ֆուտբոլային էր։ Ամսի ութին եւ տասներկուսին երկրի ազգային հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլում տպավորիչ եւ շատ կարեւոր հաղթանակներ տարավ Սլովակիայի եւ Անդորայի հավաքականների նկատմամբ, իսկ հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ-2010» մրցաշարի եզրափակիչը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլային այս առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ։ Անցած տարի վճռորոշ խաղում պաշտպանության նախարարության թիմը խոշոր՝ 5։0 հաշվով հաղթեց արտակարգ իրավիճակների վարչության թիմին եւ նվաճեց պատվավոր մրցանակը։ Այս անգամ մեր ֆուտբոլիստների հետ եզրափակիչում գավաթի համար պայքարելու իրավունք էր ստացել հանրապետության գլխավոր դատախազության թիմը։
Մարզադաշտի պատվավոր հյուրերի օթյակում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Գնալով ավելի մեծ մասսայականություն ձեռք բերող մրցաշարի եզրափակիչին հետեւում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության աշխատակիցներ, ազգային բանակի եւ գլխավոր դատախազության բարձրաստիճան սպաներ։ Մարզադաշտի տրիբունաները լեփ-լեցուն էին երկու գերատեսչությունների ծառայողներով, աշխատակիցներով, ֆուտբոլի երկրպագուներով։
Խաղն սկսվեց դատախազության թիմի բուռն գրոհներով, սակայն բանակայինների առաջին իսկ հակագրոհի ժամանակ իրավապահների թիմի պաշտպանները կոպտորեն վայր գցեցին ՊՆ թիմի հարձակվողներից մեկին, որի համար մրցավարը նշանակեց տասնմեկ մետրանոց տուգանային հարված։ Այն հստակորեն իրացրեց զինծառայող Կարեն Բադալյանը։ Խաղի հետագա ընթացքը ցույց տվեց, որ այդ օրը Կարեն Բադալյանն անկասելի էր։ Տասներորդ րոպեին դատախազության դարպասապահը դժվարությամբ հետ մղեց Լեռնիկ Երանոսյանի հարվածը, եւ Կարենը հաշիվը դարձրեց 2։0, իսկ 21-րդ րոպեին նա պարզապես վճռեց հանդիպման ելքը՝ դիպուկ հարվածով ավարտելով խաղընկերների կազմակերպած գրոհը։ Առաջին խաղակեսում մրցակցի դարպասը կարող էին գրավել նաեւ Սեւակ Գրիգորյանը, Լեռնիկ Երանոսյանը, Վահե Ներսիսյանը, Սահակ Սահակյանը, Մինաս Չալջյանը… Ընդմիջմանը մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներին իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրեցին գնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանման զինծառայողները։
Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ բանակային ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն նպաստավոր դիրքերից դարձյալ վրիպումները շատ էին։ Խաղավարտը նշանավորվեց մեր դարպասապահ Արտակ Մելոյանի անձնուրաց խաղով։ Նա երեք անգամ աներեւակայելի ցատկով դեպի դարպասը սլացող գնդակները շեղեց անկյունային։
Խաղն ավարտվեց 3։0 հաշվով, եւ պաշտպանության նախարարության թիմը երկրորդ անգամ նվաճեց ՀՀ վարչապետի գավաթը։ Երկրորդ տեղը գրավեց գլխավոր դատախազության թիմը, իսկ երրորդ տեղը՝ առողջապահության նախարարության ֆուտբոլիստները։ Ի դեպ, վերջիններս անցած տարի նույնպես երրորդն էին։
Խաղի վերջում տեղի ունեցավ պարգեւատրման արարողությունը։ Դիմելով ներկաներին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց.
-Սիրելի ֆուտբոլասերներ, կարծում եմ՝ ֆուտբոլը մեր երկրում վերելք է ապրում, այդ են վկայում մեր հավաքականի վերջին հաղթանակները։ Այս մրցաշարով մենք ձգտում ենք նպաստել ֆուտբոլի մասսայականացմանը։ Ուրախ եմ, որ այժմ բոլորս կարող ենք շնորհավորել իրար ՊՆ թիմի հաղթանակի առիթով։ Հաղթում է բանակը, հաղթում ենք բոլորս։
Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջին երեք տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստներին հանձնեց մեդալները, ինչպես նաեւ որպես նվեր՝ մարզահագուստ, իսկ գլխավոր մրցանակը՝ մրցաշարի գավաթը, հաղթողներին հանձնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ ինչպես անցած տարի, այս անգամ էլ թիմի հաջողության գործում իրենց ներդրումն ունեն մարզիչ՝ փոխգնդապետ Գիվի Սուքիասյանը, թիմի պետ գնդապետ Ներսես Եղոյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #41 (856) 20.10.2010 – 27.10.2010, Ազգային բանակ


15/12/2010