ՀԱՅ ՄԵԾ ԵՐԳԻԾԱԲԱՆԸ
«Պիտի խնդանք՝ առանց քեն կամ ոխ, ատելություն կամ նախանձ խառնելու մեր ծիծաղին մեջ, որովհետև ծիծաղը սուրբ, աստվածային է»:
♦♦♦
«Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին»:
ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
«Նրա հումորն անսպառ էր, ձայնը միշտ անփոփոխ, ծիծաղը միշտ անձայն»:
♦♦♦
«Կրթությամբ կատարյալ եվրոպացի՝ Օտյանը գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը: Նրա հոգեկան հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլև հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով»:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ
♦♦♦
Մասնակի կրճատումներով տպագրում ենք արևելահայ և արևմտահայ երկու մեծ գրողների՝ Ալեքսանդր Շիրվանզադեի և Երվանդ Օտյանի 1919թ. Կ. Պոլսի Թոքաթլյան հյուրանոցում տեղի ունեցած զրույցից մի հատված:
-Մտե՛ք,- գոչեցի ես՝ լսելով սենյակիս դռների բախումը:
Ներս մտավ միջահասակ, երեսն ամբողջապես ածիլված մի մարդ, մոտավորապես հիսուն, հիսունուհինգ տարեկան: Նա ավելի նիհար էր, քան գեր, ավելի վատառողջ, քան կայտառ: Հագնված էր նա վերին աստիճանի անփույթ, ուզում եմ ասել՝ նրա դերձակը շատ անհոգ էր եղել իր արհեստի վերաբերմամբ և շատ անշնորհք: Առանձնապես տձև էր նրա պահանջվածից ավելի նեղ ու կարճ պանթալոնը իր կուչկուչված ծալքերով ծնկների վրա:
Ես իսկույն ճանաչեցի Երվանդ Օտյանին: Տեսել էի նրա լուսանկարը մեկից ավելի անգամ և ուրիշներից էլ լսել էի նրա արտաքինի նկարագիրը: Բացի այդ, չէ՞ որ եզակի մարդիկ իրենց ներսում ունեն մի խորհրդավոր գոհար, որ վայրկենաբար դուրս է ելնում մի փայլում, երբ նայում ես նրանց աչքերին:
Օտյանի աչքերը կապտագույն էին, ոչ այնքան խոշոր, որքան սուր, հոնքերը սև, քիթը մի քիչ արծվային, այսինքն՝ կեռ:
-Երվանդ Օտյանը,- ասացի ես, ուրախանալով և ընկերաբար գրկելով նրան, նստեցրի քովս, գահավորակի վրա:
Սովորական «բարի գալստից» հետո նա մի զննող հայացք ձգեց աջ ու ձախ և մի տեսակ հոգնած բարիտոնային ձայնով հարցրեց.
-Գո՞հ եք հյուրանոցեն:
-Ավելին պահանջելու կարիք չեմ զգում:
-Ծովը հանգի՞ստ էր, չնեղվեցա՞ք ճամփին:
-Ամենևին:
-Բոսֆոր հավանեցա՞ք:
-Զմայլելի էր:
-Կվախենամ, որ նույնը չպիտի ըսեք Պոլսո համար:
-Ինչո՞ւ:
-Պոլիս գեղեցիկ է ծովեն ու միայն ծովեն:
-Բայց…
-Ո՛չ, ո՛չ, մի՛ ըսեք: Դրսեն եկող ճամփորդներ չպիտի նավեն իջնան, պիտի հեռվեն նայեն ու երթան…
Եվ իսկույն ևեթ, մեղմիկ ժպտալով, ավելացրեց.
-Սակայն չեմ կամենար ըսել թե դուք ալ նույնը պիտի ընեք: Մենք չպիտի թույլ տանք, որ դուք մեզնե շուտ բաժնվիք: Արմիստիսեն հետո առաջին ռուսահայ գրողն եք, որ մեզի կայցելեք:
-Շնորհակալ եմ:
-Կծխե՞ք,- հարցրեց նա՝ գրպանից դուրս բերելով իր ծխախոտատուփը:
-Ահ, ներեցեք,- գոչեցի ես,- ձեզ տեսնելու ուրախությունից մոռացա ձեզ առաջարկել:
-Հաճեցեք իմը փորձել,- հրաժարվեց նա իմ ծխախոտից:- Լավագույն ծխախոտի հայրենիքը Թուրքիան է:
-Ասացեք, ի՞նչ վիճակումն է այժմ Թուրքիան, ուզում եմ ասել՝ Պոլիսը,- հետաքրքրվեցի ես:
-Պոլիսը հիմա կնմանի մեծահարուստ այրուհու մը: Անոր ամուսնուն դիակը տակավին գերեզման չէ մտեր, փեսացուներ եկեր, շրջապատեր են զինքը, կուզեն ամուսնանալ:
-Ձեր խոսքը անշուշտ դաշնակից պետություններին է վերաբերում:
-Հարկավ:
-Իսկ թո՞ւրքը:
-Անիկա առժամանակ թաքնվեր է, չի երևնար: Բերային վրա դուք կրնաք տեսնել ամեն ազգի մարդիկ, իսկ թուրքերը հատ մը հոս, հատ մը հոն:
-Բայց որտե՞ղ են թաքնվել:
-Կամուրջեն անդին, Ստամբուլին մեջ:
-Էյուբեն դուրս չեն ելներ, Բերա չեն բարձրանար, Ղալաթա նույնպես: Կգարշին գյավուրին տեսքեն, անոր լեզվեն, անոր սովորություններեն, հաղթողին լրբություններեն: Այա Սոֆիա տակավին մզկիթ է, բայց անոր տերն ու տիրականը դե ֆակտո անգլիացին է: Օսմանցին կվախենա, որ շուտով Բյուզանդիոնի գեղեցկուհին նորեն պիտի դառնա քրիստոնեական տաճար:
-Դուք չե՞ք հավատում, որ պիտի դառնա:
-Աս աստվածախնամ երկրին մեջ ալ հավատալու բան մը չմնաց: Ամեն ինչ կրնա պատահիլ: Ան ալ կրնա ըլլա ի որ օր մը հույնը ըսե՝ «Պոլիսն իմն է, դուք հեռացեք»: Դուք կխնդաք կոր, ես չեմ խնդար, լուրջ կըսեմ: Էհ, ան ատեն հայն ինչո՞ւ պիտի լռե: Չէ՞ որ սուլթան Համիդին տապալողն անիկա եղավ, ինչպես կըսեն զեվզեկները:
-Ինչպե՞ս է այժմ հայերի վիճակը Պոլսում:
Օտյանը հառաչեց և, երեսը մի կողմ դարձնելով, արտասանեց.
-Առժամանակ կոտորածներեն ապահովված ենք:
-Ինչո՞ւ առժամանակ և ոչ առմիշտ:
Օտյանը չպատասխանեց:
-Մի՞թե կարծում եք, որ դաշնակից զորքերը պիտի պարպեն Պոլիսը,- պնդեցի ես:
-Մանկամտություն կըլլար անոնց վրա հուսալը: Անոնք հոս եկեր են ճաշելու: Կուտեն, կխմեն, տանուտերերը կկողոպտեն ու կշտանալն վերջը կըսեն, «Հադե, բավ է, երթանք»: Ու կերթան:
-Այն ատե՞ն:
-Այն ատեն հիմար ոչխարները նորեն կմնան խելոք գայլերու մագիլներուն մեջ:
Օտյանը նորեն հառաչեց ու գլուխը թեքեց իր նիհար կրծքին: Չնայելով նրա կիսակատակ խոսակցությանը, այդ պահին նա ինձ թվաց մարմնացած վիշտ…
♦♦♦
Հայապահպանության երաշխիքը հայրենադարձությունն է, վերածնված մայր հայրենիքը:
ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
Խորագիր՝ #40 (1311) 16.10.2019 - 22.10.2019, Հոգևոր-մշակութային