Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Գերելով Հայոց թագավորին, կայսրը հույս ուներ հեշտությամբ նվաճել համբավաշատ մայրաքաղաքը։ Հակառակ դավաճանական ուժերին, քաղաքի հայությունը դիմեց զենքի եւ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ պարտության մատնեց Ասիտի գլխավորած Բյուզանդական բանակին։ Այնուամենայնիվ, 1045թ. կայսերական բանակը գրավեց Հայոց տիեզերական մայրաքաղաքը, եւ Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց։ Հայկական հարցին բաժին հասավ ծանր փորձության շրջան. անպաշտպան ժողովուրդը, մաքառելով սելջուկյան հրոսակների դեմ, քաղաքական ասպարեզ ստացավ Կիլիկիայում, որտեղ էլ վերականգնեց իր անկախ պետականությունը։ Պատմական այս փաստը պետք է դիտարկել որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի շարունակություն։

Բագրատունիների կործանումը Հայկական հարցի տապալումն էր նաեւ, սակայն հետագա ժամանակները եկան հավաստելու, որ Հայկական հարցի լուծումը դարձել էր հայ ժողովրդի պայքարի նպատակակետը, որի փայլուն վկայությունը «Սասունցի Դավիթ» էպոսն է։ Ազատագրական պայքարի այդ հուշարձանը արաբական տիրապետության դեմ պայքարի դյուցազներգություն լինելուց զատ, վկայությունն է հայ ժողովրդի ազգային ու պետական մտածողության, հայրենիքի անսահման սիրո։

Քոչվոր թուրք¬սելջուկների արշավանքները ժամանակավորապես դադարեցրին տնտեսական ու մշակութային զարգացումը։ Գլխավոր հոգսը ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանությունն էր։ 1070թ. սելջուկները իրենց գերիշխանությունը հաստատեցին ամբողջ Հայաստանի վրա, իսկ մեկ տարի անց՝ 1071թ. ջախջախիչ պարտության մատնեցին բյուզանդական բանակին։

Սովորաբար քոչվորական պետությունների հզոր վերելքին հաջորդում է անսպասելի թուլացումը, նվաճված հսկայածավալ տարածքներում ձեւավորվում են մանր ու միջին իշխանություններ։ Սելջուկյան իշխանությունների հետ միաժամանակ կազմավորվում էին նաեւ նոր հայկական իշխանություններ, հները ձեռք էին բերում վերահաստատվելու հնարավորություն։ Շուտով Սյունիքի եւ Լոռու թագավորությունները հայտարարեցին իրենց անկախությունը, հայկական իշխանություններ կազմավորվեցին Արցախում, Ռշտունիքում, Սասունում։ Դրանք լինելով անկախության ձգտումների արտահայտություն` դեռեւս քաղաքական ու տնտեսական, ռազմական լիարժեք ուժ չէին ներկայացնում, անկարող էին լուծել համազգային խնդիրներ։ Ջախջախված Բյուզանդական կայսրությունը, որին իրավացիորեն հայ ժողովուրդը համարում էր իր նոր դժբախտության հիմնական պատճառը, քաղաքական հասունացման էր տանում հայ ազատագրական միտքը եւ հայ ազնվականությանը։

Բագրատունիների թագավորության անկումից հետո Հայկական հարցի լուծման խոշոր իրադարձություններից մեկն էլ տեղի ունեցավ Կիլիկիայում։ Դեռեւս հնագույն ժամանակներից Կիլիկիայում բնակություն հաստատած հայերը մինչեւ 11¬րդ դարը խոշոր հաջողությունների հասան տնտեսական ու քաղաքական ասպարեզներում։ 1042¬1080թթ. Դաշտային Կիլիկիայի կառավարիչ նշանակվեց Աբլղարիբ Արծրունի հայ իշխանը։ Այնուհետեւ, 1073 թվականից Լամբրոն բերդաքաղաքն ու շրջակայքը անցան գանձակեցի իշխան Օշինի, Պապեռոն բերդաքաղաքը՝ Նատալինյանների, Քարոտ Կիլիկիան՝ իշխան Խաչատուրի, Կիլիկիայի արեւելյան շրջանները՝ Փիլարտոս Վարաժնունի իշխանի տիրապետության տակ։ Դրանք արդյունք էին Բյուզանդիայի, սելջուկյան իշխանությունների դեմ մղած հայերի հերոսական պայքարի։

Բյուզանդիայի` Մանազկերտի ճակատամարտում ¥1071թ.¤ կրած պարտությունից հետո, Փիլարտոս Վարաժնունին Մարաշ կենտրոնով մի ընդարձակ տարածքի վրա հաստատեց իր իշխանությունը։ 1080թ. Գագիկ Երկրորդի թիկնապահ Ռուբեն Առաջինը հիմք դրեց Կիլիկիայի իշխանապետությանը, որը թագավորության վերածվեց 1198թ.` Լեւոն Երկրորդ Մեծագործի ժամանակ։ 1198թ. հունվարի 6¬ին, Տարսոնի Սուրբ Սոփիա մայր տաճարում Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսը հանդիսավորությամբ Լեւոն Երկրորդին օծեց «Թագավոր ամենայն Հայոց, եւ Նահանգին Կիլիկացոց,  եւ Իսավռիո»։ Ուշադրության է արժանի այն իրողությունը, որ Լեւոն Մեծագործը հայտարարվում էր «Թագավոր ամենայն Հայոց», իսկ դա նշանակում էր, որ ավելի քան հարյուր տասը տարիների հայության պայքարը պսակվում է հաջողությամբ, եւ վերականգնվում է Հայոց անկախ պետականությունը։ Շրջապատված լինելով բազում թշնամիներով` Կիլիկիայի Հայկական թագավորությունը անզիջում ու անհավասար պայքար էր մղում, դաշնակիցներ փնտրում իր անկախությունը պաշտպանելու համար։

1201¬1212թթ. Լեւոն Երկրորդը արտոնյալ առեւտրական պայմանագրեր կնքեց Վենետիկի, Պիզայի, Ջենովայի հետ, Կիլիկիան դարձրեց միջազգային առեւտրի հանգույցներից մեկը, կտրեց դրամ, ստեղծեց առեւտրական նավատորմիղ, վերակառուցեց, ամրացրեց բերդերն ու ամրոցները։ Նրա խորիմաստ ու ազգանվեր գործունեության շնորհիվ վերականգնվեց Հայոց անկախ պետականությունը։

 

Հայկական հարցի որոնումների փուլը

Լեւոն Մեծագործի նվաճած դիրքերի ամրապնդմանն էր ուղղված Հեթում Առաջինի գործունեությունը։ Կոստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսը 1226թ. հունիսի 14¬ին քսանամյա Հեթումին օծեց թագավոր ¥1226¬1270թթ.¤։ Պետականությունն ամրապնդելու, արքունիքը հուսալի դարձնելու նպատակով թագավորի եղբայրները նշանակվեցին պետական բարձր եւ պատասխանատու պաշտոնների։

Երիտասարդ թագավորը, ցուցաբերելով պետական, դիվանագիտական ու քաղաքական հմտություն, կարողացավ երկրից հեռացնել մոնղոլական վտանգը։ 1254թ. գարնանը Հեթում Առաջինը այցելեց մայր Հայաստան, բանակցություններ վարեց հայ իշխանների ու ժամանակի այլ երեւելիների հետ եւ ուղեւորվեց Ոսկե Հորդայի մայրաքաղաք։ Մանգու խանի հետ կնքեց պայմանագիր։ Համաձայն պայմանագրի` մոնղոլները պարտավորվում էին Կիլիկիայի վրա Իկոնիայի եւ Եգիպտոսի հարձակումների ժամանակ պաշտպանել հայերին։ Կիլիկիան օգնելու էր մոնղոլներին Միջագետքի, Ասորիքի եւ Պաղեստինի արշավանքների ժամանակ։ Մոնղոլները առանց հայերի ցանկության զորք եւ պաշտոնյաներ չէին ուղարկելու Կիլիկիա։

Հեթումի որդի Լեւոն Երրորդի գահակալության տարիներին իրադրությունը փոխվեց ի վնաս Կիլիկիայի։ Մոնղոլների թուլացմանը զուգընթաց հզորանում էր Եգիպտական պետությունը։ Կիլիկիային անհրաժեշտ էր հուսալի եւ ուժեղ դաշնակից։ Հույսը կտրելով ներքին ուժերից, թագավորը շրջադարձ կատարեց դեպի Եվրոպա եւ 1274, 1278, 1279, 1282 թվականներին օգնության խնդրանքով պատվիրակություններ ուղարկեց։ Հայկական հարցը թեւակոխեց նոր՝ որոնումների շրջանը, որը շարունակվեց մինչեւ 17¬րդ դարի 60¬ական թվականները։

Արեւմտյան կողմնորոշման արդյունք էր նաեւ Լուսինյաններին իշխանության բերելը։ Կարծեցյալ այն կապերը, որոնց մասին բարբառում էին լատինամոլները, սին դուրս եկան։ Լուսինյանները ոչ միայն չկարողացան պահպանել պետությունը, այլեւ ի վիճակի չեղան որեւէ օգուտ բերել երկրին։ Նրանք հեռու էին հայկական մտածողությունից, անծանոթ ազգային գաղափարներին։ Գահ բարձրացած Լեւոն Վեցերորդը ¥1373¬1375թթ.¤ թեեւ փորձեր արեց հաշտվել Եգիպտոսի հետ, սակայն 1375թ. մամլուքները կազմակերպեցին նոր արշավանք, գրավեցին Սիսը, գերեցին թագավորին։ Նա 1382թ. Կաստիլիայի թագավորի միջնորդությամբ ազատվեց գերությունից, ապրեց նախ Փարիզում, ապա դարձավ Մադրիդի քաղաքագլուխ, ընդունեց կաթոլիկություն եւ մինչեւ կյանքի վերջը՝ 1393թ. փորձում էր եվրոպական երկրների նոր խաչակրաց արշավանք կազմակերպել ու ազատագրել իր թագավորությունը։ Ինչ խոսք, դա անիրականանալի ծրագիր էր։

Անկում ապրեց եւս մեկ Հայկական թագավորություն։ Ազգային ճակատագիրը եւս մեկ անգամ հայությանը կանգնեցրեց նոր, ծանր փորձությունների առաջ։

Կիլիկիայի հայկական թագավորությունը արժանի շարունակությունը լինելով նախորդ հարստությունների, կարողացավ նոր, ծանրակշիռ ավանդներ բերել պետական մտածողության ասպարեզ, հարստացնել հոգեւոր, նյութական արժեքները։ Բարձր մշակույթը, զորավիգ դառնալով պետականության ու ազգային մտածողության ամրապնդմանը, հայ իրականություն ներմուծեց մինչ այդ անծանոթ երեւույթներ, որոնց խորացումը նպաստում էր Հայկական հարցի կուռ համակարգի ձեւավորմանը։

Մոնղոլները գրավելով Հյուսիսային Չինաստանը, կործանելով Խորեզմի պետությունը, Ատրպատականի վրայով ներխուժեցին Աղվանք, ամրացան Մուղանում եւ սկսեցին Հայաստանի ու Վրաստանի ասպատակությունները։ Հայ¬վրացական ուժերը 1220¬1221 թվականի ձմռանը ճակատամարտ տվեցին, որն ավարտվեց մոնղոլների հաղթանակով։ Հրոսակները, ինչպես գրում է Կիրակոս Գանձակեցին՝ «…անցնելով հայոց եւ վրաց երկրները, ինչ որ ճանապարհին գտնվում էր՝ ամեն ինչ սրի էինք անցկացնում` թե՛ մարդ եւ թե՛ անասուն, մինչեւ իսկ շներին…»։

Մոնղոլական արշավանքները ամայացրին երկիրը։ Ասպարեզից վերացան գյուղեր ու քաղաքներ, բնակչությունը կամ կոտորվեց, կամ գերվեց ու արտագաղթեց։

 

Շարունակելի

Խորագիր՝ #40 (1311) 16.10.2019 - 22.10.2019, Պատմության էջերից


17/10/2019