Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԵՆԵՐԱԼԸ



ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԵՆԵՐԱԼԸՀոկտեմբերի 16-ին լրացավ մարտական փառավոր ուղի անցած, ամբողջ գիտակցական կյանքը բանակին նվիրաբերած, ԶՈւ բարձրագույն սպայական խորհրդի նախագահ, Հայաստանի եւ Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Արմենակի Մարտիրոսովի ծննդյան 80-ամյակը: «Հայ զինվորը» զինված ուժերի անունից շնորհավորում է վաստակաշատ գեներալին, մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք:

 

80-ամյա գեներալը այսօր էլ շարունակում է աջակցություն ցուցաբերել հայոց բանակի սպային ու զինվորին: Ավելի քան 56 տարի ծառայության մեջ անցկացրած գեներալ-լեյտենանտը հոգու խորքում նույն զինվորականն է, նրա ամեն մի խոսքը, միտքը բանակային առօրյայի, սպայի ու զինվորի մասին է:

Արմատներով Չարդախլու գյուղից գեներալը ծնվել է 1939թ., Բաքվում: Դպրոցից հետո՝ 1958թ., ընդունվել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը: 1961թ. ավարտել է գերազանցությամբ: Անցել է ծառայողական աստիճանակարգի բոլոր փուլերով, ինչն օգնել է յուրացնելու բոլոր օղակներում ծառայության լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ նրբությունները: Եղել է դասակի, մարտկոցի հրամանատար, դիվիզիոնի շտաբի պետ: 1975թ. կրկին գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի հրետանային ակադեմիան, որտեղ նրան ժամանակից շուտ փոխգնդապետի կոչում է շնորհվել: Նշանակվել է ծառայության Միջին Ասիայում՝ որպես հրթիռային բրիգադի հրամանատարի տեղակալ: Մեկ տարի անց նա արդեն բրիգադի հրամանատար էր: Այնտեղից նույն պաշտոնով գործուղվել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախումբ: 1985թ. նշանակվել է Բաքվում խորհրդային 4-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ:

-Արդեն 1990թ. եկա Երևան: Ինձ դեռ խորհրդային կարգերի օրոք բնակարան տվեցին: Զորացրվեցի, թոշակ էի ստանում: Մի օր էլ հանդիպեցի Գուրգեն Դալիբալթայանին: 1960-ականներին մենք միասին ծառայել ենք Լենքորանում: Այն ժամանակ նա փոխգնդապետ էր, իսկ ես՝ լեյտենանտ: Լավ հիշում էի նրան, ձիգ, ամուր սպա էր, նրա ղեկավարած ստորաբաժանումը գերազանց արդյունքներ ուներ: Երբ կազմավորվեց պաշտպանության կոմիտեն, ինձ կանչեցին այնտեղ հենց Դալիբալթայանի խորհրդով: Թեպետ արդեն աշխատանքի էի տեղավորվել, բայց միանշանակ համաձայնեցի: Պահարանին պահ տված համազգեստս նորից պետք եկավ:

Որոշ ժամանակ անց Լեոնիդ Մարտիրոսովը դարձավ օպերատիվ վարչության պետը: Մարտական մկրտությունն ստացել է Նյուվադիում, հետո Կոռնիձոր, Շուշիի օպերացիա և Մարտակերտ: Մասնակցել է տարբեր օպերացիաների պլանավորմանն ու իրականացմանը, բայց ամենակարևորը նրա համար Շուշիի օպերացիան է:

-Այն ժամանակ հրետանի, որպես այդպիսին, չունեինք, առավելապես կարկտահար թնդանոթներ էին: Դրանցից մեկն իմ հրամանով տեղակայվեց նախորոշված վայրում, անձնակազմն էլ խնդիր ստացավ անընդհատ կրակելու: Վնաս չէր տա, բայց հոգեբանական ազդեցություն հաստատ կունենար: Այդպես էլ եղավ: Բայց օպերացիայի վերջում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, ինչը մինչև հիմա հիշում ենք և ծիծաղում: Ամեն ինչ արդեն ավարտվել էր, Շուշին ազատագրվել էր, և հենց վերջին րոպեներին տվյալ դիրքի հետ կապը խափանվել էր: Կարկտահար թնդանոթից անընդհատ կրակում էին, չէի կարողանում մերոնց իմաց տալ: Կռիվը վաղուց վերջացել էր, իսկ նրանք դեռ կրակում ու կրակում էին:

2001թ. Լեոնիդ Մարտիրոսովը գլխավոր ռազմական տեսչությունում էր: Այս տարիների ընթացքում բազմաթիվ ստուգումների է մասնակցել, սպային ու զինվորին օգնել խորհրդով: Հարկ եղած դեպքում, նաև անբավարար գնահատական է նշանակել, որից բոլորը սթափվել են, ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել մասնագիտական պարտականությունների կատարմանը:

-Սպան պետք է ազնիվ լինի, հատկապես վերահսկողը: Ընդ որում, առաջինն ինքն իր հանդեպ: Եթե այսօր անբավարարի փոխարեն բավարար կամ լավ գնահատական ես նշանակում, իսկ վաղը պատերազմ է սկսվում, զոհերից խուսափել հնարավոր չէ: Եթե տվյալ սպան չի տիրապետում համապատասխան գիտելիքների, ավելի լավ է՝ նրան ժամանակ տաս սովորելու, իր գործի մեջ հմտանալու: Այնպես, որ կարողանա անձնակազմ ղեկավարել: Այստեղ են ասել՝ ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: Եթե որևէ մեկը չի համապատասխանում, թող նրան հանեն, տեղը աշխատողին բերեն:

Թե՛ նման իրավիճակներում, թե՛ առօրյա ծառայության ընթացքում մարդու հետ շփվելու ձևն է կարևոր, ինձ համար առաջին պայմանը սա է՝ չի՛ կարելի մարդուն նեղացնել: Երևի այդ պատճառով էլ իմ մասին միշտ լսել եմ՝ լավ մարդ է, հանգիստ մարդ է: Ասածս ընդունվել է, իրականացվել է անխոս, նույնիսկ, երբ անբավարար եմ նշանակել կամ, ինչպես ընդունված էր խորհրդային զորքերում ծառայած սպաների շրջանում, ցենզուրայից դուրս բառեր եմ կիրառել, ինձ հասկացել են և չեն վիրավորվել:

Փորձել եմ մեր երիտասարդների հոգում ամրապնդել այն գաղափարը, որ սպան պետք է մշտապես կատարելագործվի: Ակադեմիաներում սովորածը ժամանակի ընթացքում մոռանում են, չմոռանալու համար պետք է անընդհատ կրկնել: Առավել ևս, որ մարտավարությունը, սպառազինությունը փոփոխվում են շատ արագ, իրադրությանը համապատասխան: Բացի այդ, եթե հրամանատարը վերահսկում կամ ստուգում է ենթականերին, նա պետք է առնվազն մի քանի անգամ ավելի գիտելիքներ ունենա: Ինչպե՞ս կարող եմ ստուգել, եթե ես պատկերացում չունեմ, թե դու ինչ պետք է անես: Միաժամանակ, հարկավոր է ծառայության ընթացքում մարդ մնալ, խստապահանջության հետ մեկտեղ նաև բարի լինել, բայց ոչ երբեք փափուկ:

Որպես ստուգումներ իրականացնող անձ՝ ամենամեծ ուրախությունն էի ապրում, երբ մտնում էի զորամաս և տեսնում, որ սպայական կազմը հասկանում է մի պարզ ճշմարտություն. եթե մարտական պատրաստությունը պատշաճ մակարդակի չէ, անիմաստ արյուն կթափվի: Այն առաջնահերթ նշանակություն ունի հատկապես պատերազմի ժամանակ, բայց մարտական պատրաստությամբ զբաղվում են խաղաղ պայմաններում: Հարկավոր է անդադար զբաղվել զորքի պատրաստությամբ, որ անհրաժեշտ պահին կարողանա կռվել: Առանց ավելորդ գովեստի կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը բարձր է, մենք որակյալ կադրեր ունենք: Դա ապացուցում են մեր 18-20 տարեկան զինվորները՝ ոչնչացնելով թշնամու լավագույնս պատրաստված դիվերսիոն-հետախուզական խմբերը:

Ծառայության ամենանշանակալի և հիշարժան պահերի մասին խոսելիս գեներալը հիշատակում է այն օրը, երբ հրամանատար նշանակվեց: Նա կարծես նորից վերապրեց այդ շրջանը և կրկին անասելի հպարտ զգաց իրեն: Ինչպես նշեց գեներալը` ցանկացած օղակի հրամանատար լինելը անչափ ոգևորիչ, բայց նաև ծանր գործ է, դու պատասխանատու ես անձնակազմի համար, և քո գործողություններից, իմացությունից է կախված ենթականերիդ կյանքը: Եվ ամեն անգամ նոր, ավելի բարձր պաշտոն զբաղեցնելիս նույն զգացումն ես ունենում:

-Նոր, ավելի երիտասարդ, եռանդով լի սպաների համար հարկավոր է ճանապարհ բացել: Նրանք պետք է հնարավորություն ունենան իրենց բաժին հպարտությունն ապրելու, ունակությունները ցուցադրելու՝ որպես բարձրաստիճան հրամանատարներ: Ես էլ, համոզված եմ, նաև մյուս պաշտոնաթող զինվորականները, միշտ կլինենք նրանց կողքին: Համազգեստս նորից պահարանում է, բայց թող այն հագնելու առիթ այլևս միայն տոն օրերին ունենամ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում՝ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել նրան հայրենանվեր աշխատանքի ու պատվաբեր ծառայության համար և մաղթել քաջառողջություն:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1312) 23.10.2019 - 29.10.2019, Ազգային բանակ


24/10/2019