Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂՐԻՄԻ ԵՎ ԿԵՐՉԻ ՀԱՄԱՐ ՄՂՎԱԾ ՄԱՐՏԵՐԻՆ»



«ՀԱՅ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂՐԻՄԻ ԵՎ ԿԵՐՉԻ ՀԱՄԱՐ ՄՂՎԱԾ ՄԱՐՏԵՐԻՆ»«Այստեղ մեր ազգի հերոսություններն են, համաշխարհային պատերազմում հայերի սխրանքները». այսպես ներկայացրեց պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը իր գիրքը, որում հեղինակը ամբողջացրել ու մեկտեղել է Երկրորդ աշխարհամարտում հայկական դիվիզիաների մղած մարտերն ու հերոսական պայքարը:

Վետերանների միությունում մեծ հանդիսությամբ ու տոնական մթնոլորտում ընթերցողի դատին հանձնվեց Կլիմենտ Հարությունյանի «1941-1944թթ. հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի և Կերչի համար մղված մարտերին» վերնագրով գիրքը: Շնորհանդեսին ներկա էին դեսպաններ, քաղաքական գործիչներ և վետերաններ:

Ղրիմի և Կերչի մարտերի մասին պատմող Կլիմենտ Հարությունյանի գրքի առաջին շնորհանդեսը, սակայն, Ղրիմում էր: Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հեղինակն անձամբ էր այնտեղ. «Առաջին անգամ էի լինում Ղրիմում: Մեր դիվիզիաները պայքարել էին այդ հողի վրա, և ես, իսկապես, ուրախ եմ, որ իմ գիրքը հասավ Ղրիմ: Ես նաև հնարավորություն ունեցա մեր հերոսների հիշատակը հարգել իրենց հերոսության վայրում»:

Հեղինակի խոսքով` տարիներ են պահանջվել, հետազոտվել ու ուսումնասիրվել են արխիվային բազմաթիվ փաստաթղթեր, որպեսզի հնարավոր լինի համապարփակ ներկայացնել Ղրիմի ազատագրման մարտերում հայերի ունեցած մեծ դերը: «Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք մեր անհերքելի հետքը թողնել համաշխարհային պատմության մեջ, շրջել պատմության անիվը ու հաղթանակ նվիրել ԽՍՀՄ ժողովրդին: Այս գիրքը հենց մեր հաղթանակների ու նվաճումների մասին է: Նմանատիպ գրքեր լույս պետք է տեսնեն շարունակաբար: Պետք է չթողնենք, որ պատմությունը մոռացվի»,- նշեց պատմաբանը:

Միջոցառմանը ներկա Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեծ ոգևորությամբ խոսեց հայ վետերանների և պատերազմում ունեցած նրանց դերի մասին: Դեսպանը վստահաբար ընդգծեց, որ հայերը տղամարդու պես մինչև վերջ պայքարել են Ղրիմի ազատագրման համար. «Դուք իսկապես մեծ դեր եք ունեցել ընդհանուր պայքարի ու հաղթանակի գործում: Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արել եք մեզ համար»,- ասաց դեսպանը:

Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի խոսքով էլ` այս գիրքը կարևոր փաստաթուղթ է՝ պատմությունն ապագա սերունդներին ճշգրիտ ներկայացնելու համար:

Կլիմենտ Հարությունյանի գրքի և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին անդրադարձավ նաև ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, ինչպես նաև` Հայրենական մեծ պատերազմի բովով անցած վետերանները:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Նորություններ


30/10/2019