ՀԱՅ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ
Մամիկոնյաններ
Մամիկոնյանների զինանշանը յուրահատուկ տեղ է գրավում հայկական միջնադարյան խորհրդանշային համակարգում, քանի որ այն իր պատմական արմատներով ուղղակիորեն առնչվում է տոհմական ավանդապատման եւ, հնարավոր է, տոհմի ծագումնաբանության հետ։
Փավստոս Բուզանդի «Պատմության» մեջ Մամիկոնյաններին ուղղված խոսքում հիշատակվում են «աղեղնաձիգք» եւ «վարժնականիշք» բնորոշումները։ Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Մամիկոնյանների իշխանական տոհմի զինանշանի հիմնական կերպարային լուծումը պետք է լիներ ճանկերի մեջ աղեղ բռնած արծվի կերպարը ¥վարուժնակ, վարժնակ նշանակում է արու արծիվ¤։ Այս ենթադրության հավաստումն է Դսեղի Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանական համալիրի գավթի արեւելյան պատի հնգանիստ ծավալի կենտրոնական ճակատին պատկերված երկգլխանի արծվի բարձրաքանդակը, որը, ենթադրաբար, հենց Մամիկոնյանների զինանշանն է։
Ի դեպ, ավելորդ չէ հիշատակել, որ ըստ հայ պատմիչների վկայության, պարսից թագավորը հինգերորդ դարի հայ ազատագրական պայքարի առաջնորդ Մանվել Մամիկոնյանին, ի թիվս այլ պարգեւների, ուղարկել էր նաեւ արծվի նշանով շիկակարմիր մի խորան։
Պռոշյաններ եւ Օրբելյաններ
Պռոշյան իշխանատան զինանշանային տարբերակներից մեկը հրաշալի վերարտադրված է Գեղարդավանքի վիմափոր գավթի հանրահայտ բարձրաքանդակում։ Սրահի երկու կամարները միացնող սյան գլխավերեւում՝ կենտրոնում, ցուլի գլուխ է քանդակված, որի շրթից (պռոշից) կախված օղակով շղթայված դեմ հանդիման կանգնած եւ դեմքով դիտողին դարձած առյուծների բարձրաքանդակներ են` պոչերի ծայրերին վիշապի գլուխների քանդակով։ Առյուծների մեջտեղում, շղթայից ներքեւ, պատկերված է դիմահայաց, թեւերը կիսաբաց արծիվը, որը մագիլներով բռնել է խոյի ողնաշարից։
Այս գավիթը, ինչպես հայտնի է, կառուցել է Պռոշ իշխանը 1283թ., եւ սա, անկասկած, Պռոշյան իշխանատան զինանշանն է։ Գեղարդավանքում կան Պռոշյանների եւս երկու հերալդիկ նշաններ, Կաթողիկե գավթի ճակատի կենտրոնի խաչքարից ձախ Վաչուտյանների նշանն է, իսկ աջից առյուծի բարձրաքանդակ է՝ Պռոշյանների զինանշանի բաղադրամասը։
Սյունիքի Օրբելյանների տոհմական հոգեւոր կենտրոն Նորավանքում, Աստվածածին եկեղեցու արեւմտյան ճակատին տեղադրված է Սյունյաց Օրբելյանների զինանշանը՝ ճանկող արծվի պատկերով բարձրաքանդակը` մագիլներում եղնիկ։ Հորինվածքն, անշուշտ, զուգահեռներ է հուշում Մամիկոնյանների զինանշանի հետ։ Այդ հանգամանքը կրկին բացատրվում է Մամիկոնյանների եւ Օրբելյանների միջեւ եղած ազգակցական կապերով։
Արծրունիներ
Արծրունյաց տան զինանշանային պատկերներ են պահպանվել Աղթամար կղզում, Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի օրոք՝ Մանուել ճարտարապետի կառուցած Սուրբ Խաչ եկեղեցու ¥915-922թթ.¤ արտաքին բարձրաքանդակներին։ Դրանցում, հիմնականում, գերակշիռ պատկերային տարրը արծվի պատկերն է։ Սա թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, որ Արծրունիների տոհմական ծագումնաբանությունն առնչվում է «արծիվ» բառարմատին։
Տաճարի պատի վրա պահպանված Գագիկ Արծրունու բարձրաքանդակը որոշակի պատկերացումներ է տալիս Արծրունյաց տան հերալդիկ խորհրդանիշերի մասին։ Այդ բարձրաքանդակն ամենայն ճշգրտությամբ վերարտադրում է Արծրունյաց թագավորի հանդերձանքի մանրամասները։
Հատկանշական է, որ Գագիկ թագավորի հանդերձանքի՝ թիկնոցի վրա մեդալիոնների մեջ փորագրված են գլխով դեպի աջ դարձած արծիվներ։ Այդ պատկերներն, անշուշտ, հավաստում են, որ Գագիկ թագավորի զինանշանը եղել է արծիվը, որը պատկերվել է թագավորական թիկնոցի վրա։
Կյուրիկյաններ
Կյուրիկյանները, սերելով Բագրատունիներից, իրենց զինանշանում, անկասկած, պետք է ունենային առյուծի խորհրդանիշը։ Կյուրիկյան թագավորների զինանշան պատկերող քանդակները հանդիպում են նրանց կառուցած կամուրջների վրա։ Դրանցից մեկը Դեբեդ գետի վրա կառուցել է Սարգիս Զաքարյանի դուստր՝ Զաքարեի եւ Իվանեի քույր Վանենին, իր ամուսնու՝ Մածնաբերդի տեր Աբասի հիշատակին։ Կամրջի վրա չորս քանդակներ են՝ գիշատիչ կենդանիների պատկերներով։ Դրանցից երկուսը, ավելի որոշակի կարելի է ասել, հովազի եւ առյուծի քանդակներ են։ Կյուրիկյանների թագավորական իշխանության խորհրդանիշ հանդիսացող առյուծի պատկերով զինանշան է քանդակված նաեւ Լոռի բերդի մատույցներում, Մսխանա գետի վրա կառուցված կամրջի վրա։
Արծիվները պատկերված են խաչի երկու կողմերի հավերժության վարդյակների վերեւում, կիսադեմով դեմ հանդիման։ Քանդակների մանրամասները ժամանակի ընթացքում մաշվել են, եւ դա երբեմն շփոթության առիթ է տվել՝ դրանք համարելու աղավնիների քանդակներ։
Արծիվների պատկերների խորհրդանիշով դիմահայաց քանդակների ենք հանդիպում նաեւ 1215թ. Իվանե Ա-ի հովանավորությամբ կառուցված Գեղարդի գլխավոր եկեղեցու հարավային մուտքի բարավորի երկու կողմերում, ինչպես նաեւ՝ Զաքարյանների տոհմական դամբարանում։
Զաքարյաններ
Զաքարյանների տիրույթներում կառուցված հուշարձաններում՝ Աղստեւի հովտում, Տավուշ-Գարդմանում, Անիում եւ այլուր, շատ տարածված է սիրինի՝ մարդ-կենդանու խորհրդանիշ պատկերը, որը, ոչ միայն պահպանիչ իմաստ է կրում, այլեւ հանդիսանում է Զաքարյանների զինանշանը։
Իվանե Ա-ի իշխանության օրոք այս տարածքներում ի հայտ եկավ առյուծի եւ ցուլի պատկերագրությամբ նոր զինանշան։ Մեզ հայտնի են նմանօրինակ երկու բարձրաքանդակ, Մակարավանքի գավթի եւ Գեղարդի գլխավոր եկեղեցու։
Անտարակույս, զինանշանային բնույթ ունի նաեւ Հաղարծնի գլխավոր եկեղեցու հարավային ճակատի առյուծի բարձրաքանդակը։ Կենդանին պատկերված է կիսադեմով` դեմքով շրջված դեպի դիտողը։ Այն փաստը, որ գլխավոր եկեղեցին, ըստ մուտքի բարավորի արձանագրության, կառուցվել է 1281թ. առիթ է տալիս հավաստելու, որ զինանշանը պատկանում է Իվանե Ա-ի հաջորդներին։
Արծվի պատկերով զինանշանի ամենավաղ օրինակը Սանահինի՝ Զաքարե Բ-ի եւ Իվանե Ա-ի 1198թ. կառուցած տոհմական դամբարանի մուտքի բարավորի քանդակն է։
Խորագիր՝ #42 (1313) 30.10.2019 - 5.11.2019, Հոգևոր-մշակութային