Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՂԴԱՄԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԲԱՍԱԵՎԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱՂԵՐՍՈՒՄ»



«ԱՂԴԱՄԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԲԱՍԱԵՎԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱՂԵՐՍՈՒՄ»Այն, որ չեչեն գրոհային Բասաևը կռվել է Աբխազիայում, հանրահայտ է, իսկ հայերի դեմ նրա մղած մարտական գործողությունների մասին գիտեն քչերը: Դա հենց իր՝ Բասաևի  «վաստակն է», որը «հպարտանալու» որևէ բան չուներ այս հարցում:

ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, Աֆղանստանն անցած գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչը 1996 թվականին պատմել է հետևյալը. «Բասաևը 1993 թվականին կռվել է այստեղ, Աղդամի մատույցներում: Եթե մենք այն ժամանակ գիտենայինք, որ նա այդքան ողբերգական դեր է խաղալու Ռուսաստանի պատմության մեջ, կթքեինք բոլոր միջանցքների վրա և կվերացնեինք նրա խմբավորումը» (Աղդամի գրավման ժամանակ հայկական զորամիավորումները քաղաքում մնացած խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել, որից օգտվեցին նաև զինվորականները, այդ թվում՝ չեչենները):

Անատոլի Զինևիչը Բասաևի մասին խոսում էր վատ թաքցրած արհամարհանքով. «Մենք որսացել էինք նրա ռադիոբանակցությունները, որոնց ժամանակ նա բառացիորեն աղաչում էր օգնական ուժեր ուղարկել իրեն: Հետագայում Բասաևը խոստովանել է, որ Ղարաբաղում կռվելը նպատակահարմար չէ. ադրբեջանցիները կռվել չգիտեն, հայերին չես հաղթի»:

Ինքը՝ Բասաևը, 2000 թվականին հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, որի ժամանակ ընդունել է իր մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին. «Մենք Ղարաբաղ եկել էինք ոչ թե ռազմական հաղթանշանների համար, այլ հանուն Ջիհադի»: Սակայն, պատմում էր Բասաևը. «Երբ մենք տեղ հասանք և տեսանք իրադրությունը, հասկացանք, որ այստեղ Ջիհադի նշույլ իսկ չկա»: Նա ասում էր, որ ադրբեջանական բանակում շատ քիչ են բարձրաստիճան հրամանատարները, որոնց՝ «կարելի էր վստահել», բացի այդ՝ «հայերն ավելի լավ էին պատրաստված պատերազմին»:

Շամիլ Բասաևն ասում էր, որ Շուշիի անկումը պայմանավորված էր անհրաժեշտ կազմակերպվածության բացակայությամբ և ադրբեջանական զորքերի ղեկավարման անճարակությամբ: Նրա խոսքով՝ «100 զինված մարդ կարող էին Շուշին մի տարի պահել»: Բասաևն ասում էր նաև, որ վերոհիշյալ պատճառներից ելնելով՝ իրեն ենթակա չեչենական խմբավորումները Ղարաբաղից դուրս բերելու որոշում է կայացրել 1993 թվականին:

Խորագիր՝ #43 (1314) 6.11.2019 - 12.11.2019, Ճակատագրեր


07/11/2019