ԲԱՇ ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԸ
Տարիների վաղեմություն ունի այս լուսանկարը, որում ասես ամփոփված է անցած անհանգիստ օրերի ու ժամանակի շունչը, որ հանգամանքների բերումով թեեւ մի պահ ընդհատվել, բայց չի մարել ու հասել է սերունդներին: Հաստատակամություն ու կամքի ուժ արտահայտող դիմագծերով այրը Սեդրակ Ջալալյանն է՝ հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը, որին, սակայն, բախտ չվիճակվեց ապրել իր ժողովրդի հետ եւ ամփոփվել մայր հողում:
Սեդրակ Ջալալյանը ծնվել է Ապարանի գավառի Չամռլու (Քասախ) գյուղում: Հայրը՝ Սարգիս Ջալալյանը, զբաղվում էր առեւտրով, գյուղում գործվածքեղենի խանութ ուներ եւ մտադիր էր իր «արհեստը» կտակել որդուն: Բայց հնարավորությամբ ու ճարպկությամբ համագյուղացիներին զարմացնող պատանուն սպասում էր այլ ճանապարհ…
Տասներկու տարեկանում ընդունվում է Երեւանի ռուսական գիմնազիա: Մի քանի տարի անց Գալուստ Ալոյանի նախաձեռնությամբ այստեղ հիմնվում է «Հայ երիտասարդաց միությունը», որին անդամագրվում է նաեւ Սեդրակը: Հետագայում այն դարձավ «Հայ երիտասարդների դաշնակցության» հայտնի «Փոթորիկ» խումբը, որի շարքերում էր նաեւ նշանավոր ֆիդայի Նիկոլ Դումանը:
Գիմնազիան ավարտելուց հետո Սեդրակը 1906թ. ընդունվում է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Որոշ ժամանակ անց նա դառնում է «Սոցիալ-դեմոկրատական ընկերություն» կազմակերպության անդամ: Այստեղ նա մտերմանում է բժշկական ֆակուլտետի ուսանող, հետագայում հայտնի բժիշկ Ս. Սաժումյանցի հետ: Այդ մտերմությունը շարունակվում է նաեւ հետագայում՝ Սեդրակի Հայաստանում եղած տարիներին:
Համալսարանի հեղափոխական ընկերությունը երկար չշարունակվեց: Անլեգալ կազմակերպության շատ անդամներ 1908թ. աքսորվում են, որից չի խուսափում նաեւ Սեդրակ Ջալալյանը: Նա հասցնում է միայն մեկ նամակ ուղարկել մորը:
Սեդրակը աքսորում մնում է հինգ տարի, Պետերբուրգ է վերադառնում 1913թ. ու որոշում է ամեն ինչ նորից սկսել: Նորից է ընդունվում համալսարանի իրավաբանական ֆակուլտետ եւ 1917 թվականին ավարտելուց հետո վերադառնում է Հայաստան: Այստեղ նա ծանոթանում է ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Արամ Մանուկյանի հետ: Որոշ ժամանակ անց Սեդրակ Ջալալյանը նշանակվում է Ապարանի գավառապետ եւ ձեռնամուխ լինում գավառում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործին:
1917թ. վերջերին թուրքերն ակտիվ գործողություններ են ծավալում Անդրկովկասի հայաբնակ վայրերում՝ զինելով ու հրահրելով տեղի մահմեդական բնակչությանը, որոնք թալանում, ավերում էին հայկական բնակավայրերը: Ստեղծվել էր ծայրահեղ լարված վիճակ, անհրաժեշտ էր խաժամուժի դեմ կտրուկ միջոցներ կիրառել: Արամ Մանուկյանի հանձնարարությամբ Սեդրակը Ապարանի գյուղերի երիտասարդներից ստեղծում է 700 հոգուց բաղկացած զինված հարվածող բռունցքը, որը մի քանի օրում ոչնչացնում է Համամլու ու Քուրդալու գյուղերի թալանչիական զինված խմբերը: Այնուհետեւ Սեդրակի ջոկատը զինված բանդաներից մաքրում է Բուժականի, Աղվերանի, Ծաղկահովիտի, ինչպես նաեւ Արագածի արեւելյան ստորոտի գյուղերի տարածքները:
Այս դեպքերից որոշ ժամանակ անց՝ 1918թ. ապրիլին, հույժ կարեւոր հանձնարարություն տալու նպատակով Արամ Մանուկյանը Ջալալյանին կանչում է Երեւան: Այդ օրերին թուրքաբնակ Զանգիբասար բնակավայրում (ներկայիս Մասիս ավանը) մի ամբողջ հրոսակախումբ հարձակվել էր Ալեքսանդրապոլից Երեւան մեկնող ապրանքատար գնացքի վրա, սպանել տասնյակ անմեղ մարդկանց եւ հափշտակել հսկայական քանակության հացահատիկ: Լուսադեմին Սեդրակի ջոկատը Զանգիբասարի կայարանից քիչ հեռու էր: Թուրքերի հայտնվելուց հետո ջոկատն անցնում է հարձակման եւ կեսօրվա մոտ ամբողջովին ոչնչացնում հրոսակախումբը: Հացը վերադարձվում է ժողովրդին:
1918 թվական, մայիս: Ալեքսանդրապոլով թուրքը գալիս էր Երեւան: Ծաղկահովիտում միանում են Էսադ ու Քյազիմ փաշաների զորքերը: Հապաղել չէր կարելի, եւ գավառապետ Սեդրակ Ջալալյանը որոշում է դիմել ինքնապաշտպանության, որին զինակցում է արագյուղացի Արսեն Տեր-Պողոսյանը՝ հռչակավոր Խենթի զավակը: Միասնաբար որոշում են առաջին հերթին կասեցնել բնակիչների զանգվածային արտահոսքը Աշտարակի գավառամաս եւ Արարատյան նահանգ: Քառասուն ձիավորներով նա դուրս է գալիս գաղթականներին ընդառաջ, համոզում է, խնդրում եւ կարողանում է հարյուրավոր տղամարդկանց վերադարձնել Ապարան: Արսենը նրանցից ստեղծում է մարտական ջոկատներ եւ Սեդրակի հետ միասին նշում պաշտպանության առաջին բնագիծը, որն ընդգրկում է Նիգավան, Միրաք գյուղերը:
Թուրքական բանակը Ապարանի տակ ջախջախվեց, խայտառակ պարտություն կրեց:
1918թ. աշնանը Սեդրակը նշանակվում է Էջմիածնի գավառապետ: Այստեղ նրան է ներկայանում զորավար Սիլիկյանի լավագույն սպաներից մեկը՝ Արտաշես Ատոմյանը Արամ Մանուկյանի երկտողով. «Այս տղուն լավ հոգ տար, քո փնտրածներեդ է»: Եվ, իրոք, Արտաշեսը դառնում է Սեդրակի լավագույն զինակիցը:
1919թ. սկզբներին Երեւանում մաուզերիստների սանձարձակությունները կանխելու համար կառավարությունը Սեդրակ Ջալալյանին նշանակեց մայրաքաղաքի միլիցիայի պետ: Հաշված օրերի ընթացքում բազմափորձ Սեդրակը Երեւանում հաստատեց անհրաժեշտ կարգուկանոն:
…1920թ. նոյեմբերին Սեդրակ Ջալալյանը շատ գործիչների հետ միասին նույնպես անցնում է արտասահման: Ահա թե ինչ է գրում Միսաք Թորլաքյանը իր «Օրերուս հետ» հուշապատումի մեջ. «…1920 թվականի վերջերուն իրեն կը յանձնուի նաեւ կառավարական պաշտոնեությունը երկրէն դուրս հանելու պարտականությունը: Այնուհետեւ Սեդրակ Ջալալյան կանցնի Պոլիս եւ յետոյ Գերմանիա՝ թուրք ջարդարարներու ահաբեկումը կազմակերպելու աշխատանքով: Որոշ ժամանակ ուսուցչություն է անում Բուլղարիայում: Համաշխարհային Բ պատերազմին, իբրեւ անգլո-ամերիկյան լրտես, կը ձերբակալուի (մեղադրանքը անհիմն էր), չարչարանքներու կը ենթարկվի, որպեսզի խոստովանի իր լրտես ըլլալը: Կը մնա անդրդուելի: 18 ամիս հետոյ ազատ կարձակուի Դրոյի միջամտությամբ» (Բեյրութ, 1963թ. էջ 557-558):
Վերոհիշյալ դեպքերից հետո Սեդրակ Ջալալյանը բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ էլ 1959 թվականին կնքում է իր մահկանացուն՝ հեռու հարազատներից, մանկության արահետներից ու կարոտ սարերից…
Խորագիր՝ #43 (1314) 6.11.2019 - 12.11.2019, Պատմության էջերից