ՀՆԴԻԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ
Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների գործակալությունը բուսական դեղամիջոց է ստեղծել բարձր լեռնային պայմաններում զինվորների մտավոր և ֆիզիկական ունակությունները բարձրացնելու նպատակով: Դեղամիջոցի բաղադրության մեջ մտնում են հակաօքսիդանտներ և կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք լավացնում են արյան շրջանառությունը, սրտի, ներքին օրգանների աշխատանքը և այլն:
Նոր դեղամիջոցն ստացել է Performax անվանումը: Այն արդեն սկսել է փորձարկվել բարձր լեռնային գոտիներում տեղակայված մի շարք զորամասերի զինվոր կամավորների վրա:
Վերջին շրջանում Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն սկսել է մեծ ուշադրություն հատկացնել բարդ պայմաններում ծառայող զինվորականներին դեղանյութային աջակցություն ցույց տալուն: Օրինակ` երկրի ավիատիեզերական բժշկության ինստիտուտը միջոցներ է որոնում մարտական գործողությունների ժամանակ օդաչուների հոգնածության դեմ պայքարելու համար և այդ նախագծի շրջանակներում մշակում է ֆիզիկական հոգնածությունը և քնկոտությունը վերացնող դեղամիջոց:
Բացի այդ, հնդիկ օդաչուների համար մշակվում է վարժությունների հատուկ ծրագիր, որը նույնպես կօգնի հաղթահարել հոգնածությունն ու քնկոտությունը:
Բոլոր միջոցառումների իրականացման շնորհիվ մարտական գործողությունների ընթացքում օդաչուները կկարողանան 5-10 օր առանց հանգստանալու խնդիրներ կատարել:
Խորագիր՝ Նորություններ