Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱՎՈՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկել է հետևել Եվրոպայում ծավալվող հակահրթիռային համակարգի փորձարկումներին` համոզվելու համար, որ այն վտանգ չի ներկայացնում ռուսական կողմի համար:

Ամերիկյան պաշտոնյաները նշել են, որ համակարգի մաս կազմող հակահրթիռների վերաբերյալ տվյալներ Ռուսաստանը կարող է ստանալ սեփական ռադարների միջոցով: Նրանց հավաստմամբ SM3 հրթիռները համեմատաբար փոքր չափեր ունեն և տեխնիկապես չեն կարող կիրառվել Ռուսաստանի տարածքից արձակված հրթիռները որսալու համար:

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ պետքարտուղարի` սպառազինությունների վերահսկողության գծով տեղակալ Էլեն Թաուշերը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը պատրաստ է Մոսկվային փոխանցել Եվրոպայում ծավալվող հակահրթիռային պաշտպանության համակարգը Ռուսաստանի դեմ չուղղելու վերաբերյալ գրավոր հիմնավորում: Միևնույն ժամանակ նա բացառել է իրավաբանական ուժ ունեցող որևէ փաստաթղթի ստորագրումը և համակարգի կիրառման որոշակի սահմանափակումների սահմանումը:

ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգը Եվրոպայում կսկսի գործել 2012թ., ամբողջական ծավալումը կավարտվի 2018թ.: ԱՄՆ իշխանությունների պաշտոնական դիրքորոշման համաձայն` այն դաշինքի պետությունները կպաշտպանի Իրանից և Հյուսիսային Կորեայից: Համակարգի բաղադրամասեր տեղակայելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանի, Ռումինիայի, Չեխիայի, Թուրքիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի իշխանությունների հետ: Իսկ Ռուսաստանը այն համարում է սպառնալիք իր ազգային անվտանգության համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


19/10/2011