ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՎԻԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։
Իրականացված վերջին խոշորածավալ ծրագիրը Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության, «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի և «Փարոս» հիմնադրամի նախաձեռնած շարժական ատամնաբուժարանն է, որն արդեն մեկ ամիս անվճար ծառայություններ է մատուցում հանրապետության հարավարևմտյան սահմանամերձ համայնքներում և զորամասերում։
Դավիթ Տոնոյանն ու Վիգեն Կարապետյանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության միջև։ Մասնավորապես՝ քննարկվել է շարժական ատամնաբուժարանների ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն հաջորդ տարի, ամռանը, Վայոց Ձորում գտնվող Սիրանույշ-Անահիտ ճամբարում ռազմաբժշկական ստոմատոլոգների համար վերապատրաստման ընդգրկուն ծրագիր իրականացնելու շուրջ, որին կմասնակցեն Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միությանն անդամակցող փորձառու ատամնաբույժները։
Արտերկրում հայանպաստ գործունեություն ծավալելու, ՀՀ զինված ուժերին, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցելու, ինչպես նաև 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անշահախնդիր օգնության համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարերար Վիգեն Կարապետյանին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով։
Վիգեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պարգևատրման և իր նախաձեռնած ծրագրերին աջակցելու համար, ընդգծել, որ ՀՀ զինված ուժերին և սահմանամերձ համայնքներին իր օժանդակությունը լինելու է շարունակական։