Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 20000 ԶՀՀ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ



Լիբիական հեղափոխությունը թերևս ամենամեծ նվերը եղավ «Ալ Քաիդային», որը, արևմտյան մամուլի պնդմամբ, դեռ մարտ-ապրիլ ամիսներին, թալանելով անտերության մատնված զինապահեստները, սկսեց տիրանալ խորհրդային արտադրության մեծաքանակ դյուրակիր զենիթահրթիռային համալիրների, այդ թվում նաև «Игла-С» կայանքներին (կամ դրանց չինական նմանօրինակներին), որոնց առկայությունը Քադաֆիին հավատարիմ ուժերի մոտ ապշեցրել էր ամերիկացիներին:

Առաջինն այդ մասին հայտարարեց Չադի նախագահը, ապա` «Human Rights Watch» և այլ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչների հավաստմամբ, անգամ իրենք հանգիստ կարող են տիրանալ հարյուրավոր նման համալիրների: Ապրիլին դա խոստովանեց նաև Մոսկվայում Լիբիայի դեսպանը:

Դյուրակիր զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաև հակատանկային միջոցների թալանով պարտաճանաչորեն զբաղվում էին հատկապես «Ալ Քաիդայի» հյուսիսաֆրիկյան թևի գրոհայինները, որոնք թանկարժեք ավարն իսկույն դուրս էին հանում Լիբիայի տարածքից:

Պարբերաբար հայտնվող այդ լուրերը վերջնականապես հաստատվեցին սեպտեմբերի վերջին, ինչն իսկական իրարանցում առաջացրեց ԱՄՆ ղեկավար շրջաններում, և որոշվեց զինապահեստների պահպանման և կորած կայանքները գտնելու ու ոչնչացնելու համար (ինչն արդեն գործնականում անհնար է) լրացուցիչ ուժեր ուղարկել Լիբիա:

Իսկ Քադաֆիին զենքի ուժով իշխանությունից հեռացնելու հարցում Օբամայի ամենագործուն համախոհներից կոնգրեսական Բարբարա Բոկսերն ընդհանրապես պահանջեց խոշոր մարդատար ինքնաթիռների վրա տեղադրել զենիթային հրթիռներից պաշտպանվելու միջոցներ…

Լրացուցիչ դժվարություններ է առաջացնում և այն հանգամանքը, որ Լիբիայի ազգային անցումային խորհուրդն առհասարակ չգիտի, թե քանի կայանք է անհետացել:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


24/10/2011