ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 24-ին հերոսի անունը կրող կրթահամալիրում անցկացվել է հանդիսավոր միջոցառում:
Ավանդույթի համաձայն՝ Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ տեղի է ունեցել նաև 2019թ. վարժարան ընդունված սաների երդման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները:
Ներկաներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նա հորդորել է կրթահամալիրի սաներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը և մաղթել է արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն: